Մատչելիության հղումներ

Մարտակերտի քաղաքապետի խոսքով, կրակոցների ժամանակ քաղաքացու մոտ` տրակտորում, ռուս խաղաղապահներ են եղել


Մարտակերտի հարակից տարածքում գտնվող նռան այգում Ադրբեջանի զինված ուժերի դիպուկահարի կրակոցից այսօր զոհվել է քաղաքի 55-ամյա բնակիչը, հաղորդում են Արցախի մի քանի պաշտոնական գերատեսչություններ։ Արցախի ներքին գործերի նախարարության խոսնակի փոխանցմամբ՝ սպանված Արամ Տեփնանցը այգում իր ամենօրյա գործերն անելիս է եղել։

«Այդ անձը Մարտակերտ քաղաքի բնակիչ, 55-ամյա Արամ Տեփնանցն էր։ Նա աշխատում էր իր սեփական տրակտորով, իր սեփական այգում, և ադրբեջանցի զինված ուժերի դիպուկահարը նկատել է այնտեղ ու կրակել այդ ուղղությամբ, որը մահացու հրազենային վիրավորում է ստացել», - «Ազատությանը» հայտնեց խոսնակը։

Ադրբեջանը այս տեղեկությունից ժամեր անց հերքեց թե՛ Ղարաբաղում խաղաղ բնակչի սպանության, այնպես էլ Հայաստանում Երասխի ուղղությամբ հայ զինծառայողի վիրավորվելու մասին հայկական կողմի հայտարարությունները։

Մինչդեռ Մարտակերտի քաղաքապետ Միշա Գյուրջյանը «Ազատության» հետ զրույցում պատմեց՝ կրակոցների ժամանակ Արամ Տեփնանցը միայնակ չի եղել, այնտեղ են գտնվել նաև ռուս խաղաղապահները։

«Տրակտորը վար անելիս կրակել են, Արամը տեղում մահացել է, դիակը հանել են, բերել հիվանդանոց։ Խաղաղապահներն իր մոտ նստած են եղել` տրակտորի մեջ: Կասկածելի բան է եղել, գնացել են խաղաղապահները երևի, որ օգնեն, այդպես է ստացվել», - ասաց նա:

Քաղաքապետի փոխանցմամբ՝ կրակոցներից այլ անձ չի տուժել։

Ներքին գործերի նախարարության խոսնակն էլ ասում է՝ 44-օրյա պատերազմից հետո սա առաջին դեպքն է, երբ ադրբեջանական կրակոցից քաղաքացիական անձ է զոհվում։

«Պատերազմից, զինադադարից հետո սա փաստորեն առաջին քաղաքացիական զոհն է դիպուկահարի և առհասարակ Ադրբեջանի ոտնձգություններից: Շատ դեպքերում թիրախավորվել են խաղաղ բնակավայրերը, ինչպես օրինակ` Թաղավարդում են թիրախավորվել, բնակավայրերի ուղղությամբ կրակել Ստեփանակերտում, նույն Ասկերանի վերին շրջանում, Մարտակերտում էլ շատ անգամ հրադադարի ռեժիմը խախտվել է, բայց դա առաջին քաղաքացիական զոհն է, որ ունեցանք այսօր», - նշեց Ներքին գործերի նախարարության ներկայացուցիչը:

Դեպքի առթիվ քննություն են անցկացնում Արցախի իրավապահ մարմինները։ Հունան Թադևոսյանն ասում է՝ տեղում աշխատանքներին մասնակցել են նաև ռուս խաղաղապահները։ Քաղաքացիական անձի զոհվելու մասին մինչև այս պահը ռուսական խաղաղապահ առաքելությունը որևէ տեղեկություն չի հաղորդել։

XS
SM
MD
LG