Մատչելիության հղումներ

Ռուսաստանի ՊՆ-ը հաստատում է՝ Մարտակերտում խաղաղ բնակիչը զոհվել է ադրբեջանցիների կրակոցից


Ռուս խաղաղապահներն Արցախում, արխիվ
Ռուս խաղաղապահներն Արցախում, արխիվ

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հաստատում է՝ Մարտակերտում քաղաքացիական անձը զոհվել է ադրբեջանցիների կրակոցից:

«Հոկտեմբերի 9-ին Մարտակերտի շրջանում՝ կողմերի շփման գծի մոտակայքում գյուղատնտեսական աշխատանքների ժամանակ, ադրբեջանական կողմից գնդակոծության հետևանքով մահացու վիրավորում է ստացել Մատաղիս գյուղի խաղաղ բնակիչը», - ասված է Արցախում ռուսական խաղաղապահ առաքելության գործունեության վերաբերյալ Ռուսաստանի ռազմական գերատեսչության այսօրվա տեղեկագրում:

«Ռուսաստանյան զորախմբի հրամանատարությունը միջադեպի քննություն է իրականացնում՝ երկու կողմերի ներկայացուցիչների ներգրավմամբ», - նշված է տեղեկագրում:

Նախօրեին Արցախի նախագահի մամուլի քարտուղարը հաղորդեց Մարտակերտ քաղաքում ադրբեջանական կողմի արձակած կրակոցից քաղաքացիական անձի զոհվելու մասին:

Ադրբեջանը հերքեց այդ հաղորդումը:

Մարտակերտի քաղաքապետի խոսքով, մինչդեռ, կրակոցների ժամանակ 55-ամյա Արամ Տեփնանցի մոտ` տրակտորում, ռուս խաղաղապահներ են եղել:

Հայաստանի և Արցախի արտգործնախարարությունները հայտարարություններով հանդես եկան՝ պահանջելով պատասխանատվության ենթարկել միջադեպի մեղավորներին:

XS
SM
MD
LG