«Ադրբեջանի իշխանությունները Հայաստանին կոչ են անում ընդունել իրենց առաջարկը և գնալ խաղաղության», - հայտարարել է Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը այսօր Բաքվի ADA համալսարանում կայացած «44-օրյա հաղթանակի ուղին» խորագրով համաժողովի ժամանակ:
«Կարծում ենք, որ Հայաստանը, գնահատելով իր այսօրվա տնտեսական, ժողովրդագրական վիճակը, պետք է ընդառաջ գնա մեր առաջարկներին՝ հրաժարվելով հարևանների նկատմամբ տարածքային պահանջներից: Մեր առաջարկը շատ պարզ է, Հայաստանը պետք է փոխադարձաբար հարգի հարևանների ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը: Այսպիսով հնարավորություն կստեղծվի, դուրս գալ տնտեսական և տրանսպորտային փակուղուց ու դառնալ զարգացող տարածաշրջանի ծաղկուն երկիր», - ասել է Բայրամովը:
Նա նշել է, որ պաշտոնական Բաքուն իր մտադրությունների մասին բացահայտ խոսել է՝ հանդես գալով առաջարկներով, և հիմա Երևանից պատասխան է ակնկալում: Կրկնելով նախօրեին նախագահ Իլհամ Ալիևի հայտարարությունները՝ Բայրամովը պնդել է, որ Ադրբեջանը մշտապես կողմնակից է եղել հակամարտության խաղաղ կարգավորմանը՝ հավատարիմ մնալով բանակցային գործընթացին, իսկ Հայաստանը փորձել է ձգձգել այն և տպավորություն ստեղծել, թե բանակցություններ են ընթանում: Եվ հիմա երբ պատերազմը ավարտված է, Ադրբեջանը ինչպես մյուս հարևանների, այնպես էլ Հայաստանի հետ ուզում է կայուն հարաբերություններ ունենալ։
Նույն կոնֆերանսի ժամանակ Ադրբեջանի նախագահի արտաքին քաղաքական հարցերով բաժնի ղեկավար Հիքմեթ Հաջիևը ևս իր ելույթում ընդգծել է, որ հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման բանալին խաղաղության պայմանագրի կնքումն է:
«Ադրբեջանը սկսել է խաղաղության հասնելու գործընթաց: Բայց միակողմանի հեշտ է ասել՝ եկեք խաղաղություն կառուցենք։ Ադրբեջանը պատրաստ է դրան: Մենք վերափոխեցինք Հարավային Կովկասի տարածաշրջանը: Եվ ինչպես վերահաստատել է մեր նախագահը, Ղարաբաղի հարցը փակված է: Ղարաբաղը Ադրբեջանի համար այլևս արտաքին քաղաքական օրակարգի թեմա չէ, այլ ներքին հարց է»:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Լևոն Զուրաբյան. Սա ոչ թե խաղաղության, այլ Ադրբեջանի ցանկությունները բավարարելու օրակարգ է ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Կարևոր է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակում բանակցային գործընթացը լիարժեք վերականգնվի. Փաշինյանը՝ ՀարությունյանինՆա ևս շեշտել է, որ Հայաստանը պետք է հրաժարվի Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջներից, կողմերը պետք է ընդունեն միմյանց տարածքային ամբողջականությունն ու սուվերենությունը և գնան խաղաղության: Հաջիևի խոսքով, սակայն, Հայաստանից սպասվող դրական արձագանքը դեռ չկա:
Նախօրեին Ադրբեջանի նախագահը հայտարարել էր, թե Հայաստանը առայժմ անպատասխան է թողնում խաղաղության պայմանագրի շուրջ իրենց առաջարկները: Բաքվում անցկացվող «Աշխարհը Covid-19-ից հետո» խորագրով ֆորումի ժամանակ Իլհամ Ալիևը ասել էր, որ խաղաղության պայմանագրի շուրջ աշխատանքներ սկսելու համար մի շարք առաջարկներ են արել Հայաստանին, այդ թվում սահմանների դելիմիտացիա և դեմարկացիա սկսելու վերաբերյալ, և հիմա ամեն ինչ կախված է Հայաստանի դիրքորոշումից:
Ուշագրավ է, որ Բաքվից հնչող վերջին հայտարարությունների հիմնական շեշտադրումն այն է, որ Հայաստանը պետք է ճանաչի Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, ինչը կարող է ենթադրել հրաժարվել Ղարաբաղից՝ այն ճանաչելով Ադրբեջանի մաս:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ «Հակամարտությունը շարունակում է մնալ չլուծված և պետք է ստանա համապարփակ կարգավորում՝ ԵԱՀԿ ՄԽ համանախագահության մանդատի ներքո»Երևանից էլ հայտարարում են, թե պատրաստ են խաղաղությանը և դելիմիտացիայի ու դեմարկացիայի աշխատանքների մեկնարկին, սակայն սահմանների ճանաչումը չպետք է փոխկապակցել այլ հարցերի, մասնավորապես, ղարաբաղյան կարգավորման հետ։ Երևանը պնդում է, որ ղարաբաղյան հարցը դեռ վերջնական լուծում չի ստացել և պետք է քննարկվի ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում։