Ադրբեջանի արտաքին գերատեսչության ղեկավար Ջեյհուն Բայրամովն այսօր ասել է, որ ինքը տեղեկություն չունի Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հնարավոր հանդիպման մասին` միաժամանակ հավելելով, որ չի կարելի բացառել ապագայում նման հանդիպման անցկացումը:
«Ոչ մի տեղեկություն Ալիև-Փաշինյան հանդիպման մասին չկա»,- այսօր լրագրողների հետ զրույցում ասել է Բայրամովը:
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի միջնորդությամբ անցյալ տարվա նոյեմբերի 9-ին հեռավար կարգով համաձայնեցրել են պատերազմն ավարտելու հայտարարությունը:
Այս տարվա հունվարի 11-ին երեք ղեկավարները հանդիպել են Մոսկվայում, որտեղ համաձայնեցրել են տարածաշրջանում տրանսպորտային ուղիները վերագործարկելու հարցը: Դրանից հետո հայ-ռուս-ադրբեջանական հանդիպումները շարունակվել են երեք երկրների փոխվարչապետերի մակարդակով:
Բացի այդ, այս տարվա սեպտեմբերի 23-ին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների մասնակցությամբ Նյու Յորքում` ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 76-րդ նստաշրջանի շրջանակում, հանդիպել են Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գերատեսչությունների ղեկավարներ Արարատ Միրզոյանը և Ջեյհուն Բայրամովը: