Մատչելիության հղումներ

Ադրբեջանի նախագահը պնդում է, թե Հայաստանն անպատասխան է թողնում խաղաղության պայմանագրի շուրջ իրենց առաջարկները


«Հայաստանը առայժմ անպատասխան է թողնում խաղաղության պայմանագրի շուրջ Ադրբեջանի առաջարկները», - այսօր հայտարարել է Իլհամ Ալիևը Բաքվում անցկացվող «Աշխարհը Covid-19-ից հետո» խորագրով ֆորումի ժամանակ:

«Հիմա մենք հետկոնֆլիկտային իրավիճակում ենք և խաղաղության պայմանագրի շուրջ աշխատանքներ սկսելու համար մի շարք առաջարկներ ենք արել Հայաստանին, քանի որ մենք ուզում ենք խոսել ոչ թե պատերազմի, այլ խաղաղության և ապագայի մասին: Ցավոք, այս առաջարկը դեռ անպատասխան է մնում: Միևնույն ժամանակ, մենք առաջարկել ենք աշխատանքներ սկսել մեր սահմանների դելիմիտացիայի և դեմարկացիայի ուղղությամբ՝ երկու երկրների տարածքային ամբողջականության սկզբունքի հիման վրա, որը համապատասխանում է միջազգային իրավունքի նորմերին: Եվ այս առաջարկը ևս չի քննարկվում», -ասել է Ալիևը:

Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը հնարավորինս կառուցողական մոտեցում է ցուցաբերել, չնայած իր տարածքների 30-ամյա օկուպացիային և կրած ավերածություններին: Նրա խոսքով, պետք է նայել առաջ՝ տարածաշրջանը դարձնելով անվտանգ ու կանխատեսելի, և պատրաստ լինել լայնամասշտաբ համագործակցության:

Ադրբեջանի նախագահի համոզմամբ, հիմա ամեն ինչ կախված է Հայաստանի դիրքորոշումից. - «Մեր դիրքորոշումը լիովին հստակ է: Այսօր ես ևս մեկ անգամ հայտարարում եմ, որ մենք պատրաստ ենք սկսել խաղաղության մասին երկխոսությունը, աշխատել խաղաղության պայմանագրի շուրջ, մենք պատրաստ ենք շրջել այս էջը, սկսել սահմանազատման գործընթացը: Բայց ինչպես տեսնում եք, Հայաստանից պատասխան չկա: Ավելի քան մեկ տարի նրանք լուռ են մնում: Չեմ կարծում, որ նրանք հիմա այն իրավիճակում են, որ ընդդիմանան Ադրբեջանի կառուցողական մոտեցմանը»։

Ադրբեջանի նախագահը նաև հարկ է համարել ընդգծել, որ եթե հայկական կողմը իրենց լսեր բանակցային տարիներին, այսօր նման վիճակում չէր հայտնվի:

Քովիդին նվիրված ֆորումի հարթակը Ալիևը օգտագորրծել է հերթական անգամ շեշտելու համար, որ Հայաստանը տարիներ շարունակ ժամանակ էր ձգում՝ նպատակ ունենալով պահպանել ստատուս քվոն և սառեցնել հակամարտությունը:

Հիշատակելով Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի «Ղարաբաղը Հայաստան է և վերջ» հայտարարությունը՝ Ալիևն ասել է. - «Եթե նախորդ տարիներին հայկական իշխանությունները ձևացնում էին, թե պատրաստ են աշխատել ԵԱՀԿ Մինսկի խմբի հովանու ներքո հակամարտության կարգավորման ուղղությամբ, ինչը ենթադրում էր դուրս գալ օկուպացված տարածքներից, ապա վերջին տարիներին նրանք բացահայտորեն հայտարարում էին, թե չեն պատրաստվում ոչ մի սանտիմետր տարածք տալ»:

Խոսելով հետպատերազմական իրադրության մասին՝ Ալիևը անդրադարձել է պատերազմից հետո Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքների վերականգնման հեռանկարին՝ նշելով, որ լայնածավալ պետական ծրագիր է մշակվել: Նա հույս է հայտնել, որ մոտ ապագայում ավելի քան մեկ միլիոն փախստական կարող է վերադառնալ իրենց նախկին բնակավայրեր:

Թուրքիայի մեջլիսի նախագահը կարևորել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի կնքումը

Հարավային Կովկաս խաղաղություն բերելու հույսերի մասին այսօր խոսել են նաև Ադրբեջանի դաշնակից Թուրքիայի բարձրագույն ղեկավարությունից: ԱԳ նախարար Մևլյութ Չավուշօղլուն այսօր խորհրդարանում բյուջեի քննարկման ժամանակ կրկին հայտարարել է, թե Թուրքիան պատրաստակամ է կարգավորել հարաբերությունները Հայաստանի հետ: Նա նշել է, որ այս տարածաշրջանում մնայուն խաղաղության հաստատման համար պատմական հնարավորություն է ստեղծվել, և հավատացած է, որ Հայաստանը կօգտագործի այդ շանսը:

Հաջորդիվ Թուրքիայի մեջլիսի նախագահ Մուստաֆա Շենթոփն է հայտարարել, թե Թուրքիան Կովկասում խաղաղություն ու բարօրություն է ուզում տեսնել: Այս համատեքստում նա կարևորել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի կնքումը:

«Սպասում ենք, որ Հայաստանի վերահսկողության տակ գտնվող 46 կիլոմետրանոց Զանգեզուրի միջանցքը կբացվի՝ հեշտացնելով երկրների միջև առևտրային կապերը, Հայաստանն էլ, հաշվի առնելով իր ապագան, այս հարցում խիզախ և կառուցողական մոտեցում կցուցաբերի», - ասել է Շենթոփը:

Հայաստանի իշխանությունները ևս խոսում են Կովկասում խաղաղության դարաշրջանի հաստատման մասին՝ պարբերաբար հայտարարելով, որ պատրաստ են երկխոսության գնալ և' Ադրբեջանի, և' Թուրքիայի հետ: Անցած շաբաթ սակայն, անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը շեշտել էր՝ հայկական կողմը պատրաստ է Ադրբեջանի հետ սկսել սահմանների դեմարկացիայի և դելիմիտացիայի գործընթացը, բայց սպասում է դրական ազդակի. - «Սպասում ենք դրական ազդակ այդ մասով Ադրբեջանից, կարծես թե սեպտեմբերին ՄԱԿ-ում նրանք այդպիսի հայտարարություն արել են, բայց մենք չենք կարողանում այս մասով առաջ գնալ»:

Ավելի վաղ, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԱՊՀ առցանց գագաթաժողովին հայտարարել էր, որ երկարաժամկետ խաղաղության հասնելու համար կարևոր է հայ-ադրբեջանական սահմանների սահմանագծումն ու սահմանազատումը, և Երևանը պատրաստ է բանակցություններ սկսել Բաքվի հետ՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի հովանո ներքո։

Երևանը նաև հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման պատրաստակամության մասին է խոսում, սակայն շեշտում է, որ գործընթացը պետք է մեկնարկի առանց նախապայմանների։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG