Հայաստանում դիմակ կրելը պարտադիր է և՛ բաց, և՛ փակ տարածքներում, հակահամաճարակային կանոնների պահպանման վերահսկողությունն, ըստ կառավարության, խստացվել է: Այսօր առանց դիմակի շրջեցինք մայրաքաղաքի փողոցներում, մտանք խանութներ, օգտվեցինք տրանսպորտից՝ պարզելու արդյոք կա պատշաճ վերահսկողություն, թե՝ ոչ։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Նոյեմբերի 1-ից պարտադիր է հանրային բաց տարածքներում դիմակների կրումըԱնցանք ոստիկանների կողքով՝ ոչ մի արձագանք, տրանսպորտում էլ նույնը՝ ոչ վարորդը ձայն հանեց, ոչ էլ ուղևորները, մեծ սուպերմարկետներից մեկում գնումներ արեցինք և միայն վերջում՝ դրամարկղի մոտ գանձապահը խնդրեց դիմակ կրել, նույն պատկերը մեկ այլ խանութում էր:
Միայն Երևանի մետրոպոլիտենում հենց մուտքի մոտ պահանջեցին դիմակ կրել, սակայն արդեն կառամատույցում և վագոնում առանց դիմակի լինելու համար ոչ ոք ոչինչ չասաց:
Կորոնավիրուսի ահագնացող թվերի ֆոնին ավելի քան 2 ամիս առաջ վարչապետը հանձնարարեց խստացնել հակահամաճարակային կանոնների վերահսկողությունը, ոստիկանությունն ու տեսչական մարմինները հայտարարեցին՝ «հայտնաբերված խախտումների դեպքում կիրառվելու են օրենքով սահմանված վարչական պատասխանատվության միջոցներ»։ Դա ենթադրում է տուգանք կամ նախազգուշացում։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Հայաստանում կրկին խստացվում է հակահամաճարակային կանոնների պահպանման վերահսկողությունըԱյս ընթացքում տեսչական մարմինների պաշտոնական էջերը լի են կատարած աշխատանքի վերաբերյալ հաղորդագրություններով, նրանց ներկայացուցիչները մեզ փոխանցեցին՝ այս ընթացքում հազարավոր ստուգայցեր են իրականացրել։ Հանրային տրանսպորտի, առևտրի կենտրոնների և այլ հաստատությունների վերահսկողությունը առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինն է իրականացնում, կառույցի հանրության հետ տարվող աշխատանքների բաժնի պետ Գայանե Խաչատրյանն ընդունում է՝ տրանսպորտում խախտումները շատ են:
«Այս պահի դրությամբ առավել խնդրահարույց է, առավել շատ խախտումներ հայտնաբերվում են տրանսպորտում, քանի որ կուտակումներից խուսափել չենք կարող և դիմակ կրելու պահանջը հաճախ չի կատարվում՝ թե՛ վարորդների կողմից, թե՛ քաղաքացիների», - ասաց Խաչատրյանը:
Սննդի անվտանգության տեսչականը խանութներն ու սննդի օբյեկտներն է հսկում, ՍԱՏՄ մամուլի պատասխանատու Անուշ Հարությունյանն ասում է՝ խանութներում հակահամաճարակային կանոններն այժմ ավելի լավ են պահպանվում. «Խանութներում առավելապես հիմա նկատում ենք, որ դիմակներ ավելի շատ են կրում և խնդիր գրեթե չի առաջանում: Ավելի վատ սովորություն կա մարդկանց մոտ, տեսնում են տեսուչներին անմիջապես դիմակները դնում են, այդպես ման են գալիս, հետո տեսուչները դուրս են գալիս, դիմակները հանում են»:
Դիմակ կրելուց զատ պատասխանատուները հետևում են նաև աշխատողների շրջանում պատվաստման կամ պարտադիր թեստավորման պահանջին, չնայած քովիդի դեմ պատվաստումների թիվն ավելացնելու համար կիրառվող այս պահանջն արդեն մեկ ամիս է կիրառվում է, չափահաս քաղաքացիների դեռ 15 տոկոսն էլ պատվաստված չէ։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Դեկտեմբերի 1-ից չպատվաստված անձանց ներկայացվող պահանջներն ավելի կխստացվեն. նախագիծԿորոնավիրուսը երեկ 50 մարդու կյանք է խլել, քովիդից մահացածների թիվը մոտենում է 6600-ի, երեկ հիվանդության 1835 նոր դեպք է հաստատվել։ Թեև Հայաստանը համաճարակային լարված փուլում է, սակայն գործադիրը հայտարարել է, որ լոքդաունի չի գնա, փոխարենը կաշխատեն պատվաստումների թիվը մեծացնելու և հակահամաճարակային կանոնների վերահսկողությունը ուժեղացնելու ուղղությամբ։