Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենը Հայաստանին հրավիրել է ժողովրդավարության հարցերով գագաթնաժողովի, որը, Սպիտակ տան հաղորդմամբ, տեղի կունենա հաջորդ ամիս։
Հայաստանի հարևաններից հրավիրյալների շարքում է միայն Վրաստանը։ Ցուցակում, որ հրապարակել է ամերիկյան Pօlitico ամսագիրը, ներառված չեն ոչ Ադրբեջանը, ոչ Թուրքիան, ոչ էլ Իրանը։ Նախկին ԽՍՀՄ տարածքից Մերձբալթյան երկրներից բացի հրավիրվել են միայն 4-ը՝ Հայաստանը, Վրաստանը, Մոլդովան և Ուկրաինան։ Ռուսաստանից բացի հրավեր չի ստացել նաև Չինաստանը։
Դեռ տարեսկզբին՝ պաշտոնամուտի առաջին իսկ ելույթներում, Բայդենը նշում էր, որ հաստատակամ է անել առավելագույնը՝ աշխարհում ժողովրդավարությունը ամրապնդելու, Ռուսաստանի ու Չինաստանի նկրտումներին հակազդելու համար։ «Ամերիկան պատրաստ է վերստին իր վրա վերցնել առաջնորդությունն աշխարհում և այսուհետ չի վարանելու առավել կոշտ դիրքորոշում բանեցնել ավտորիտար երկրների, այդ թվում՝ Ռուսաստանի ու Չինաստանի հանդեպ։ Այս ուղերձը ես փոխանցել եմ Ռուսաստանի նախագահին մեր առաջին իսկ հեռախոսազրույցում», - հայտարարում էր ԱՄՆ նախագահը։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Առաջիկա չորս տարիներին Վաշինգտոնի առաջնահերթությունն է լինելու ժողովրդավարության ամրապնդումն աշխարհումՍա այս թեմայով Ջո Բայդենի հրավիրած առաջին համաժողովն է, որն, ըստ պաշտոնական հաղորդագրության, տեղի կունենա դեկտեմբերի 9-10-ը։ Դրան կմասնակցեն մոտ 90 երկրների կառավարությունների, քաղաքացիական հասարակության և մասնավոր հատվածի առաջնորդներ, ինչպես Սպիտակ տունն է նշել՝ ժողովրդավարությանը սպառնացող մարտահրավերներին համատեղ ուժերով արձագանքելու համար։
Երկօրյա քննարկումների օրակարգում է, մասնավորապես, երեք առանցքային հարց՝ ինչպես դիմակայել ավտորիտարիզմին, պայքարել կոռուպցիայի դեմ ու առաջ մղել հարգանքը մարդու իրավունքների նկատմամբ։
«Այսօր ժողովրդավարությունը լրջագույն խնդիրների է բախվում ոչ միայն նորանկախ, այլև՝ կայացած երկրներում», - հայտարարում է Սպիտակ տունը, փաստելով՝ մարտահրավերները ոչ միայն ներքաղաքական են, այլև՝ արտաքին։ Ներսում կառավարությունները չեն հաջողում արդար ու կայուն տնտեսական միջավայր, քաղաքական առաջընթաց ապահովել, ինչի հետևանքով էլ թափ են հավաքում առաջնորդները, որոնք կասկածի տակ են դնում ժողովրդավարական նորմերն ու ինստիտուտները։ Մյուս կողմից, փաստում է Սպիտակ տունը, ավտորիտար առաջնորդները դուրս են գալիս իրենց երկրների սահմաններից՝ խարխլելու ժողովրդավարությունները այլ երկրներում՝ լրագրողներին և իրավապաշտպաններին թիրախավորելու, ընտրություններին միջամտելու միջոցով:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ամերիկան կրկին շարժվում է առաջ, հայտարարում է Բայդենն իր ուղերձումԱմիսներ առաջ, դիմելով Կոնգրեսին, Բայդենը հայտարարել էր՝ «մենք պետք է ապացուցենք, որ ժողովրդավարությունը մնում է կենսունակ»։ «Արդյոք ժողովրդավարությունը կարո՞ղ է երաշխավորել, որ, ինչպես խոստացվել է, մեզնից յուրաքանչյուրն ունենա արժանապատիվ ու հավասար հնարավորություն, կարո՞ղ է արդյոք այն լուծել մարդկանց տարրական կարիքները, հաղթահարել սուտը, թշնամանքն ու ատելությունը, որ պառակտել են մեզ։ Ամերիկայի հակառակորդները՝ աշխարհի բռնապետները, գրազ են գալիս, որ չի կարող, բայց նրանք սխալվում են։ Մենք պետք է ապացուցենք, որ ժողովրդավարությունը կենսունակ է ու արդյունավետ», - շեշտել էր Միացյալ Նահանգների նախագահը։
Պաշտոնամուտից մոտ մեկ տարի անց արդեն, այս հարցով քննարկման հրավիրելով աշխարհի առաջնորդներին, Բայդենը հայտարարում է՝ հավաքը հնարավորություն կտա լսել մեկմեկու, միմյանցից սովորել, ինչպես նաև ծրագրեր գծել՝ առկա խնդիրները լուծելու համար։
Մեկ տարի անց՝ նույն այս օրերին, ըստ պաշտոնական հաղորդագրության, նախագահ Բայդենը կհրավիրի երկրորդ նմանատիպ խորհրդաժողովը՝ կատարված քայլերի արդյունքներն ամփոփելու, հետագա անելիքները որոշելու։ Նշվում է, որ երկրորդ հանդիպումը կարող է դեմ առ դեմ անցկացվել, առաջինը կլինի հեռավար։
«Ազատությանը» առայժմ չի հաջողվել Կառավարությունից ճշտել՝ ում անունով է ուղարկվել հրավերը, արդյոք մասնակցելու են և ով է ներկայացնելու Հայաստանը մի քանի շաբաթից կայանալիք այդ հավաքին։