Մատչելիության հղումներ

Ամերիկան կրկին շարժվում է առաջ, հայտարարում է Բայդենն իր ուղերձում


Այսօր ես եկել եմ խոսելու խնդիրների և հնարավորությունների, երկրի վերականգնման, ժողովրդավարության վերածննդի և Ամերիկայի համար ապագա նվաճելու մասին: Այսպես սկսեց իր խոսքը ԱՄՆ 46-րդ նախագահ Ջո Բայդենը Կոնգրեսի երկու պալատներին ուղղված իր առաջին ելույթում, որը տեղի ունեցավ նրա նախագահության 100-րդ օրը լրանալու նախօրեին:

«100 օր է անցել, երբ ես երդվեցի` ձեռքս դնելով մեր ընտանեկան Աստվածաշնչի վրա, ընդունեցի երկրի ղեկավարումը: Այդ ընթացքում մենք ամեն ինչ անցանք, դա ճգնաժամ էր, վատթարագույնը հարյուրամյակի մեջ, ամենածանր տնտեսական ճգնաժամը Մեծ դեպրեսիայից հետո, վատթարագույն հարձակումները մեր ժողովրդավարության վրա քաղաքացիական պատերազմից ի վեր: Այժմ` ընդամենը 100 օր անց ես կարող եմ զեկուցել ժողովրդին, որ Ամերիկան կրկին շարժվում է առաջ», - հայտարարեց նա:

Իր ուղերձում Բայդենն անդրադարձավ ամերիկացիներին հուզող խնդիրներին, երկրի մարտահրավերներին և հեռանկարներին, կորոնավիրուսի համավարակ, ռասիզմի խնդիրներ, հարկային քաղաքականություն, Չինաստանի և Ռուսաստանի հետ հարաբերություններ: Նա 1 տրիլիոն 800 միլիարդ դոլարի ծրագիր է առաջարկել` հանրապետական կոնգրեսականներին հորդորելով միասին աշխատել տարակարծությունները հարթելու և Չինաստանի հետ կոշտ մրցակցությունը հաղթելու համար:

Կորոնավիրուսի համավարակը հաղթահարելու ուղղությամբ նա ասել է, թե խոստացել էր 100 միլիոն մարդու ապահովել պատվաստանյութով, 100 օրվա ընթացքում նրանց թիվը կհասնի 220 միլիոնի:

Երբ ստանձնել է նախագահի պաշտոնը, Ամերիկայի տարեց բնակչության ընդամենը մեկ տոկոսն էր պատվաստանյութ ընդունել կորոնավիրուսի դեմ, հիմա 70 տոկոսը: ԱՄՆ նախագահը հայտարարել է, որ 16-ից բարձր բոլոր ամերիկացիները հենց հիմա կարող են վակցինա ընդունել. այն հասանելի է բոլորի համար:

Ներքին խնդիրներից Բայդենը խոսել է նաև ռասիզմի և հարկային քաղաքականության մասին` կոնգրեսականներին կոչ անելով ոստիկանական բարեփոխումների օրինագիծ մշակել, հորդորել, որ այն պատրաստ լինի արդեն հաջորդ ամիս` Ֆլոյդի մահվան առաջին տարելիցին: Ինչ վերաբերում է հարկային քաղաքականությանը, ապա Բայդենն ասել է, որ տարեկան 400 հազար դոլար եկամուտ ունեցող մարդկանց հարկերն ավելացնելու մտադրություն չունի, բայց հարուստ ամերիկացիները պետք է արդարացի վճարեն իրենց բաժինը:

Արտաքին քաղաքականությունում Միացյալ Նահանգների առաջնորդը երկրի ռազմավարական մրցակից է համարել Չինաստանին` ասելով, թե Չինաստանի հետ կոնֆլիկտ չեն ցանկանում, բայց նախագահ Սի Ծինփինին հստակորեն ասել է, որ կպաշտպանեն Ամերիկայի շահերը բոլոր ուղղություններով և ոլորտներում:

«Ես նախագահ Սիին նաև ասել եմ, որ մենք կպահպանենք ուժեղ ռազմական ներկայություն Հնդկական, Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում, ինչպես ՆԱՏՕ-ի հետ Եվրոպայում` ոչ թե հակամարտություն սկսելու, այլ կանխելու համար», - նշել է նա:

Ռուսաստանի մասին Բայդենն ասել է, թե չի ձգտում Մոսկվայի հետ սրել հարաբերությունները, պատրաստ է համագործակցել այն հարցերում, որտեղ երկուստեք շահերը համընկնում են, միաժամանակ նա նշել է, որ Կրեմլի ոչ բարեկամական քայլերը հետևանքները կունենան. «Ես ուղիղ և համարժեք պատասխանել եմ Ռուսաստանին մեր ընտրություններին միջամտելու, մեր կառավարության և բիզնեսի վրա խակերային հարձակումների համար: Նրանք երկուսն էլ արել ես: Ես նրանց ասել էի, որ մենք կպատասխանենք և պատասխանեցինք»:

Կոնգրեսի դահլիճում կորոնավիրուսի համավարակի պատճառով տեղերը սահմանափակ էին, առաջվա պես լեփ-լեցուն չէր, սահմանափակ թվով կոնգրեսականներ և սենատորներ էին ներկա: Դեմոկրատները ծափերով էին ողջունում Բայդենին, ծափահարելով ոտքի կանգնում նրա ուղերձի շեշտադրումների ժամանակ, հանրապետականների մեծ մասը լուռ նստած էր:

XS
SM
MD
LG