ՄԻԵԴ-ը վճռել է, որ Բաքուն խախտել է 2014-ին գերության մեջ հայտնված Պետրոսյանի ու Խոջոյանի կյանքի իրավունքը

Մարդու իրավունքների եվրոպական դատարանն (ՄԻԵԴ) այսօր Ադրբեջանի դեմ որոշում կայացրեց 7 տարի առաջ ադրբեջանական գերության մեջ մահացած Կարեն Պետրոսյանի ու խոշտանգումների ենթարկված Մամիկոն Խոջոյանի գործերով։ Ստրասբուրգյան ատյանը վճռեց՝ Բաքուն խախտել է հայ գերիների կյանքի ու ազատության իրավունքնը և այժմ պարտավոր է 40 հազարական եվրո փոխհատուցել տուժածների իրավահաջորդներին։

Մամիկոն Խոջոյանը

Տավուշցի Մամիկոն Խոջոյանը գերեվարվել էր 77 տարեկանում։ Առողջական խնդիրներ ունեցող տարեց տղամարդուն Բաքուն որպես «դիվերսանտ» էր ներկայացնում: Հաղորդվել էր, որ նա բռնության ու կտտանքների է ենթարկվել։ Հայրենիք վերադարձվելուց երկու ամիս անց նա մահացել էր:

Նույն մարզից Կարեն Պետրոսյանը մահացել էր գերեվարվելու հաջորդ օրը, ըստ ադրբեջանական կողմի՝ սրտանոթային համակարգի անբավարարության պատճառով։

Բաքուն դին փոխանցեց երիտասարդի մահվանից երկու ամիս անց միայն: Հայաստանում անցկացված դատաբժշկական փորձաքննությունը պարզել էր՝ 33-ամյա Պետրոսյանն Ադրբեջանում խոշտանգումների է ենթարկվել։

Կարեն Պետրոսյանը

Այսօր ստրասբուրգում հրապարակված վճռիռը նշում է՝ դատարանը չի կարող հստակեցնել, թե կոնկրետ ինչ է եղել Պետրոսյանի հետ անազատության մեջ, միաժամանակ արձանագրում է՝ մահվանից առաջ Կարեն Պետրոսյանը ֆիզիկական բռնության է ենթարկվել։

Բացի այդ, խախտվել են Կարեն Պետրոսյանի հարազատների իրավունքները, ասում է իրավապաշտպան, արդարադատության նախկին նախարար Արտակ Զեյնալյանը, որն այս երկու գործով էլ զբաղվել է. «Ովքեր անմարդկային վերաբերմունքի են ենթարկվել, քանի որ Կարեն Պետրոսյանի մարմինը ժամանակին չի տրվել, և նաև նրա նկատմամբ եղել է միջամտություն` մարմինը հատուկ նեխացվել է, և դրա մոտ բացակայել է նաև պարանոցում գտնվող ենթալեզվային ոսկորը, որը շատ բնորոշ է գլխատումներին»:

Զեյնալյան. ՄԻԵԴ որոշումները ենթադրում են` այս գործերը պիտի նորից քննության առարկա դառնան

Զեյնալյանն ընդգծում է՝ այս և ՄԻԵԴ-ի մի շարք այլ վճիռներ ցույց են տալիս, որ Ադրբեջանում երաշխավորված չեն մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի նորմերը. «Դրանք ոչ միայն կոնվենցիոն իրավունքներ են, դրանք նաև Ադրբեջանի ներպետական իրավունքով ապահովված, այդ թվում` Սահմանադրությամբ ապահովված իրավունքներ են, որոնք Ադրբեջանը պարտավոր է երաշխավորել, ապահովել, պաշտպանել բոլորի նկատմամբ` անկախ էթնիկ ծագման»:

Եվրոպական դատարանի վճիռները, ըստ արդարադատության նախկին նախարարի, ենթադրում են, որ այս գործերը պիտի բացվեն ու նորից քննության առարկա դառնան, մեղավորները պատժվեն. «Եվրոպական դատարանի վճռի հենց այս մասն է կարևոր, բոլոր իբրև վճիռների ամենակարևոր հատվածը դրա կատարումն է` անհատական միջոցների կատարումը և ընդհանուր միջոցների կատարումը, այսինքն` Ադրբեջանը պետք է իր օրենսդրությունը և իրավակիրառական պրակտիկան այնպես փոխի, որպեսզի նմանատիպ երևույթներ տեղի չունենան», - շեշտեց նա:

Ադրբեջանը եռամսյա ժամկետում կարող է բողոքարկել այս վճիռները ՄԻԵԴ-ի վերադաս ատյանում՝ ՄԵծ պալատում։ Բաքուն ստրասբուրգյան ատյանի այս վճիռներին դեռ որևէ կերպ չի արձագանքել:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ ՄԻԵԴ-ը դիմել է Ադրբեջանին Կարեն Պետրոսյանի դին վերադարձնելու հարցով
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ադրբեջանում մեկ ամիս գերի պահված հայ ծերունին մահացել է