Մատչելիության հղումներ

ՄԻԵԴ-ը վարույթ է ընդունել Խոջոյանի խոշտանգման գործը


Մամիկոն Խոջոյանը ազատ արձակվելուց հետո՝ Իջևանի հիվանդնոցում, 5-ը մայիսի, 2014թ
Մամիկոն Խոջոյանը ազատ արձակվելուց հետո՝ Իջևանի հիվանդնոցում, 5-ը մայիսի, 2014թ

Բաքուն պետք է պատասխանի Եվրոպական դատարանի հարցերին մինչև մարտի 8-ը:

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) վարութ է ընդունել 2014 թվականին Ադրբեջանում գերեվարված, ապա ազատ արձակվելուց մի քանի ամիս հետո մահացած Մամիկոն Խոջոյանի խոշտանգման և նրա նկատմամբ վատ վերաբերմունքի գործը և այդ մասին հաղորդել Ադրբեջանի կառավարությանը, տեղեկացնում է Ընդդեմ իրավական կամայականության (ԸԻԿ) հասարակական կազմակերպությունը:

Ըստ հաղորդագրության, ՄԻԵԴ-ը Խոջոյանի գործի մասին հայտնել է 2015 նոյեմբերի 10-ին։ Գործի հայցվորները Խոջոյանի երեք զավակներն են։ Նրանց ներկայացնում են Մարդու իրավունքների շահերի պաշտպանության եվրոպական կենտրոնը, որը գտնվում է Միդլսեքս համալսարանում, և Երևանում գտնվող Ընդդեմ իրավական կամայականության կազմակերպությունը։

«Մամիկոն Խոջոյանը 77-ամյա Հայաստանի քաղաքացի է, որ պատահաբար հատել էր Ադրբեջանի սահմանագիծը 2014 թվականին ու այնտեղ ենթադրաբար պահվել իշխանությունների կողմից ավելի քան մեկ ամիս. այդ ընթացքում նա, ազգային և կրոնական ատելության դրդապատճառներից ելնելով, ենթարկվել է խոշտանգումների և վատ վերաբերմունքի մի խումբ անհայտ անձանց կողմից: Նա մահացավ Հայաստանի իշխանություններին հանձնվելուց և տուն վերադառնալուց երկու ամիս անց», - ասված է հաղորդագրությունում:

Ինչպես նշում է ԸԻԿ-ը, հայցվորները բողոքում են, որ իրենց հայրը ենթարկվել է ֆիզիկական բռնության ու նվաստացուցիչ վերաբերմունքի, և որ անազատության մեջ գտնվելու ընթացքում նրան ներարկել են դեղեր, որոնք պարունակել են անձի մոտ տառապանք առաջացնող նյութեր, որոնք վտանգ են ներկայացրել նրա կյանքի համար, լրջորեն խախտվել են Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի (ՄԻԵԿ) 2-րդ և 3-րդ հոդվածները:

«Նրանք պնդում են, որ այս գործողությունները, ի վերջո, հանգեցրել են Խոջոյանի մահվանը: Նրանք նաև պնդում են, որ խախտվել են երկու հոդվածների ընթացակարգային հիմնահարցերը, քանի որ Ադրբեջանի կողմից չի իրականացվել Խոջոյանի կալանավորման և նրա նկատմամբ վերաբերմունքի հանգամանքների քննություն: Ինչ վերաբերում է իրենց հոգեկան տառապանքներին, նրանք պնդում են, որ իրենց հոր վնասվածքները ինչպես անազատության մեջ գտնվելու ժամանակ, այնպես էլ ազատ արձակվելուց հետո, հեռուստատեսությամբ և ինտերնետով տեսնելը պարունակում է 3-րդ հոդվածի ևս մեկ խախտում», - փոխանցում է Ընդդեմ իրավական կամայականության կազմակերպությունը:

Ըստ հաղորդագրության, Խոջոյանի զավակները պնդում են, որ իրենց ծեր հայրը անօրինաբար է զրկվել ազատությունից իր 5-շաբաթյա ազատազրկման ընթացքում, և նրան չեն տեղեկացրել, թե ինչու է պահվում անազատության մեջ, ոչ էլ դատարանի առջև է կանգնել:

«Կապված սրա և վերը նշված խախտումների հետ, նրանք գտնում են, որ իրենց իրավունքների արդյունավետ պաշտպանության միջոց չեն ունեցել, որը խախտում է ՄԻԵԿ 13-րդ հոդվածը: Նրանք պնդում են, որ իրենց իրավունքները և իրենց հոր իրավունքները ոտնահարվել են Ադրբեջանի իշխանությունների կողմից նրա հայկական էթնիկ ծագման պատճառով, որը խտրականության արգելման խախտում է (ՄԻԵԿ 14-րդ հոդված)», - ասված է հաղորդագրությունում:

Ըստ ԸԻԿ-ի, Ադրբեջանի կառավարությունը պետք է պատասխանի մեղադրանքներին և դատարանի հարցերին մինչև 2016 թվականի մարտի 8-ը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG