Մատչելիության հղումներ

Ադրբեջանական գերությունից ազատ արձակված ծերունին բազմաթիվ վնասվածքներ ունի


Ադրբեջանական գերությունից ազատ արձակված ծերունին բազմաթիվ վնասվածքներ ունի
please wait

No media source currently available

0:00 0:02:28 0:00
Ավելի քան մեկ ամիս ադրբեջանական գերության մեջ գտնված Մամիկոն Խոջոյանին, ըստ հայկական կողմի, խոշտանգել են։

77-ամյա ծերունին հայրենադարձվել էր երեքշաբթի օրը և անմիջապես տեղափոխվել Իջևանի բժշկական կենտրոն։ Բժիշկներն ասում են՝ նրա վիճակը ծանր է։

Այսօր «Ազատությանը» հաջողվեց շատ կարճ ժամանակով տեսնել նրան։
Խոջոյանը բազմաթիվ վնասվածքներ ու կապտուկներ ունի։ Իջևանի բժշկական կենտրոնի վնասվածքաբան Էմիլ Բրուտյանն ասում է՝ ծերունին վնասվածքները ստացել է գերի ընկած ժամանակ։

«Համենայնդեպս, մի ամսվանից շուտ չի ունեցել այդ վնասվածքները, որովհետև մի մասը ապաքինման փուլում է։ Կոտրվածքներ ունի, մարմնի տարբեր հատվածներում կան սալջարդեր, քերծվածքներ՝ գլխին, բազկի շրջանում, ձախ ազդրի շրջանում։ Հարվածների հետևանքներ են, որովհետև դրանք կենցաղային վնասվածքների բնույթը չունեն»,- ասաց բժիշկը։

Խոջոյանը Ադրբեջանում էր հայտնվել հունվարի 28-ին, նա Վերին Կարմիրաղբյուրի բնակիչ է, տառապում է հոգեկան հիվանդությամբ։

Հայաստանի պաշտպանության նախարարությունը ևս հայտարարել է, որ Խոջոյանին խոշտանգել են։ Ծերունու դուստրը՝ Հեղինե Վարդազարյանը ասում է, որ հայրը շատ վախեցած է, միայն իրեն է ճանաչել և պատմել է, թե ինչպես են իրեն տանջել։

«Ինքը պարզ ասում է, որ ինձ ցեմենտին են պառկեցրել, աղը լցրել են, վրան պառկեցրել են։ Տանջել են, ահավոր վիճակ է... պատմում է, որ ծեծել են, սրսկել են, ասում է՝ վառել են, սրսկել...»,- ասաց Վարդազարյանը։

Բժիշկն ասում է, որ Խոջոյանը պետք է ևս մեկ շաբաթ հետազոտվի։ Նրա բազուկը վնասված է և չի բացառվում, որ հրազենային վիրավորում է ստացել։ Այս պահին ծերունու կյանքին վտանգ չի սպառնում, թեև Բրուտյանը չի բացառում, որ նրա մոտ ավելի ուշ նոր առողջական խնդիրներ ի հայտ գան։

«Անհրաժեշտ է, որ ինքը ևս մեկ շաբաթ հետազոտվի, ստանա վերականգնողական բուժում, գտնվի բժիշկների հսկողության ներքո, որովհետև մենք չենք կարող ասել՝ մի քանի օր հետո իր մոտ ինչ թաքնված հիվանդություններ ի հայտ կգան»,- ասաց բժիշկը։

Խոջոյանի հիվանդասենյակը շուրջօրյա հսկում են ոստիկանները։ Ադրբեջանական լրատվամիջոցները հերքում են Խոջոյանին խոշտանգելու մասին հայկական կողմի պնդումները։
XS
SM
MD
LG