Նոյեմբերի 29-ին Վիեննայում կվերսկսվեն Իրանի հետ բանակցությունները

Եվրամիության բանագնաց Էնրիկե Մորան և Իրանի ներկայացուցիչ Ալի Բաղերի Քանին, արխիվ

Նոյեմբերի 29-ին Վիեննայում կվերսկսվեն Իրանի հետ միջուկային գործարքին վերադառնալու բանակցությունները, որ ընդհատվել էին հինգ ամիս առաջ։ Օրը որոշվել է Եվրամիության ու Իրանի գլխավոր բանագնացներ Էնրիկե Մորայի ու Ալի Բաղերի Քանիի միջև նախօրեին կայացած հեռախոսազրույցի ընթացքում։ Այս մասին Բաղերին տեղեկացրել է Թվիթերյան գրառմամբ։

Էնրիկե Մորայի նախագահությամբ Վիեննայում կայանալիք բանակցություններին մասնակցելու են Գերմանիայի, Ֆրանսիայի, Բրիտանիայի, Ռուսաստանի, Չինաստանի և Իրանի ներկայացուցիչները, տեղեկացնում է Եվրամիության արտաքին քաղաքականության մամլո ծառայությունը։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Իրանի և Եվրամիության պատվիրակները Բրյուսելում քննարկել են միջուկային խնդիրը

Ֆորմալ առումով այս երկրները դուրս չեն եկել 2015-ի միջուկային համաձայնագրից, ինչն արեց ԱՄՆ-ն՝ Դոնալդ Թրամփի նախագահության ժամանակ։ Իսկ Իրանը խախտելով համաձայնագիրը սկսեց մեծացնել հարստացված ուրանի ծավալները։

Եվրամիության հաղորդագրությունում նշված է, որ բանակցությունների մասնակիցները շարունակելու են քննարկել միջուկային գործարքին ԱՄՆ-ի վերադառնալու հեռանկարները և ինչպես ապահովել, որ բոլոր կողմերը ամբողջովին և արդյունավետ կատարեն իրենց պարտավորությունները։

ԱՄՆ-ի պետդեպարտամենտի խոսնակ Նեդ Փրայսն ասել է, որ ԱՄՆ-ն դեռ հավատում է, որ կարելի է արագ հասնել պայմանագրի համապատասխանությանը փոխադարձ վերադառնալու համաձայնության։ «Մենք կարծում ենք, որ եթե իրանցիները լուրջ են տրամադրված, ապա մենք կարող ենք դա անել համեմատաբար կարճ ժամանակում»,- ասել է նա լրագրողներին։

Նա հայտնել է, որ ԱՄՆ-ի պատվիրակությունը գլխավորելու է Իրանի հարցով հատուկ բանագնաց Ռոբերտ Մելին։

Վիեննայում բանակցությունների նախորդ փուլում ամերիկյան պատվիրակությունը եվրոպացի դիվանագետների միջոցով էր անուղղակի մասնակցում բանակցություններին։

2018-ից սկսած, երբ ԱՄՆ-ն դուրս եկավ Իրանի հետ ստորագրված համաձայնագրից, Թեհրանը ուղղակի շփումներ չունի Վաշինգտոնի հետ։

Հինգ ամիս առաջ Վիեննայում բանակցություններն ընդհատվել էին Իրանի նախագահական ընտրությունների պատճառով, ընտրությունների ժամկետը մոտենում էր, որից հետո Իրանում նոր վարչակազմ էր ձևավորվելու։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Իրանը ԱՄՆ-ից գործնական քայլեր է ակնկալում միջուկային համաձայնագիրը վերականգնելու ուղղությամբ ԱՄՆ-ը համակարծիք է Բրիտանիայի, Գերմանիայի և Ֆրանսիայի հետ՝ Իրանին միջուկային գործարքին վերադարձնելու հարցումՊետեր Ստանո. «Գերտերությունները և Իրանը փորձում են վերսկսել բանակցությունները»Իրանը պատրաստ է մինչև նոյեմբերի վերջ վերսկսել բանակցությունները գերտերությունների հետ

Պետդեպարտամենտի խոսնակը պատասխանելով հարցին, թե Իրանի վարչակազմի փոփոխության հետ կապված արդյոք բանակցությունները զրոյի՞ց են սկսվելու, ասել է, թե խորհրդակցությունները պետք է շարունակվեն այն կետից, որտեղ ընդհատվել են. - «Որպեսզի բանակցությունները հաջողությամբ ավարտվեն, որպեսզի մենք կարողանանք հաղթահարել մնացած տարաձայնությունները, բանակցությունները պետք է շարունակվեն այն փուլից, որտեղ ընդհատվել են»։

Նեդ Փրայսի խոսքերով՝ Վիեննայի բանակցությունների նախորդ վեց փուլում մեծ առաջընթաց էր ձեռք բերվել, ուստի «անարդյունավետ ու անխոհեմ կլինի բանակցությունները վերսկսել ինչ-որ այլ փուլից»։

Վաշինգտոնը հույս է հայտնել, որ Իրանը բանակցություններին կվերադառնա բանակցելու համար պատրաստ և բարեխղճորեն։

Իրանի բանագնաց Բաղերին Թվիթերում գրել է, թե բանակցությունների նպատակն է Իրանի դեմ անօրինական և անմարդկային պատժամիջոցների վերացումը։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Իրանը և գերտերությունները պատմական համաձայնության են հասել

2015-ին աշխարհի վեց գերտերությունների և Իրանի միջև ստորագրված միջուկային համաձայնագրի նպատակն էր սահմանափակել Իրանի միջուկային ծրագրերը, որպեսզի Թեհրանը չկարողանա ատոմային զենք ստեղծել, իսկ Արևմուտքը վերացնելու էր Իրանի հանդեպ սահմանված պատժամիջոցները։ Բայց Դոնալդ Թրամփի նախագահության օրոք ԱՄՆ-ն դուրս եկավ համաձայնագրից և էլ ավելի խստացրեց պատժամիջոցները։