Դեմարկացիայի և դելիմիտացիայի հարցով բանակցություններ չկան. ԱԳ փոխնախարար
Դեմարկացիայի և դելիմիտացիայի հարցով բանակցություններ չկան, այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում հայտարարեց փոխարտգործնախարար Վահե Գևորգյանը: Նա նշեց` քանի դեռ չկան այդ բանակցությունները, վաղ է խոսել նաև այն մասին, թե ինչ քարտեզներով պետք է գծվեն Հայաստանի ու Ադրբեջանի սահմանները։
«Որպեսզի մենք խոսենք դելիմիտացիայի բանակցությունների մասին, պետք է լինեն դելիմիտացիայի բանակցություններ, քանի չկան դելիմիտացիայի բանակցություններ, խոսել` ինչ քարտեզներով, ինչ փաստաթղթերով ենք առաջնորդվում, խիստ վաղաժամ է:
Երբ որ լինեն բանակցություններ, նոր մենք այդ հարցերին կանդրադառնանք», - նշեց Վահե Գևորգյանը:
«Ալիք մեդիան» էր գրել՝ նոյեմբերի առաջին տասնօրյակում նախատեսված է Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների բարձր մակարդակով հանդիպում, որի ընթացքում, ամենայն հավանականությամբ, կստորագրվեն երկու առանձին հայտարարություններ, որոնցից մեկը վերաբերում է տարածաշրջանային ապաշրջափակմանը, մյուսը` միմյանց տարածքային ամբողջականության ճանաչմանն ու դեմարկացիային, դելիմիտացիային։
Հրապարակումից հետո խորհրդարանում արտգործնախարար Արարատ Միրզոյանը չէր բացառել հնարավոր հանդիպումը, անգամ համաձայնեցված որևէ հայտարարության ընդունումը։
Այսօր էլ Արդբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը չի բացառել նման մի հանդիպումը՝ ասելով, որ Բաքուն պատրաստ է Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորմանը։
Եթե դեռ բանակցություններ չկան, ինչի՞ մասին են խոսում արտգործնախարարները, այս հարցերն անպատասխան թողեց նախարարի փոխարեն Ազգային ժողով եկած փոխնախարարը, որը ցանկացավ միայն երեք հարցի պատասխանել։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Փաշինյան. Ես եմ տվել զորքի հետքաշման հրամանը ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ «Խորհրդային Միության կազմում ունեցել ենք միասնական ռազմական քարտեզներ, այդ քարտեզներից ունեն նաև Հայաստանում». Անդրանիկ Քոչարյան«3+3»-ի վերաբերյալ հայտարարությունները շարունակվում են
Տարածաշրջանի վեց պետությունների «3+3» հարթակի գաղափարին փոխնախարարը անդրադարձավ արդեն նիստերի դահլիճում՝ պատասխանելով ընդդիմադիր պատգամավոր Աննա Գրիգորյանի հարցին, թե ինչու է Հայաստանը կրավորական կեցվածք որդեգրել, երբ Ռուսաստանը, Թուրքիան ու Ադրբեջանը պարբերաբար խոսում են այս ֆորմատի մասին:
«Այդ «3+3»-ից մեկը Հայաստանն է, մինչդեռ Հայաստանը որևէ հստակ դիրքորոշում այս հարցով չի արտահայտում, ավելին` հասկանալի են այն վտանգներն ու ռիսկերը, որոնք թաքնված են այս ֆորմատի ներքո», - նկատեց պատգամավորը:
«Բոլոր տարածաշրջանային համագործակցային կազմակերպությունները չպետք է կրկնօրինակեն արդեն իսկ գործող մարմինները, ֆորմատները: Այս տեսակետից մեզ համար առաջնային է, որ որևիցե կրկնօրինակում չլինի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության հետ: Այս բոլոր առաջարկները դիտարկվում են, և այժմ դեռևս որևիցե առաջընթացի կամ որոշման մասին վաղ է խոսել», - ի պատասխան հայտարարեց նախարարի տեղակալը:
Այս հարցը դեռ նախորդ շաբաթ պատգամավորը ուղղել էր նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանին ու ստացել այսպիսի պատասխան՝ «Հայաստանը դեռ պետք է հասկանա, թե իրեն ինչ են առաջարկու»։ Պաշտոնական Երևանը, այս ձևաչափի վերաբերյալ հստակ դիրքորոշում չարտահայտելով, միաժամանակ շեշտում է, որ ղարաբաղյան հարցի կարգավորումը պատկերացնում է ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում։
Ընդդիմադիր պատգամավորը նկատում է՝ ըստ էության, փոխնախարարն այսօր էլ հստակ չներկայացրեց, թե որն է Հայաստանի դիրքորոշումը «3+3»-ի նկատմամբ, որում ինքն անձամբ մի շարք ռիսկեր է տեսնում. «Թուրքիան իր դերակատարումն էականորեն մեծացնելու է տարածաշրջանում, ինչը, բնականաբար, մեր շահերից չի բխում, և երկրորդը` պետք է թույլատրելի չլինի, որպեսզի այդ հարթակը փոխարինելու գա Մինսկի խմբի համանախագահության ֆորմատին:
Կարծում եմ, որ պաշտոնական Երևանը շատ ավելի արագ պետք է կողմնորոշվի, որովհետև բոլորը սկսել են խոսել, այդ թվում` մեր փոխարեն, ստացվում է այդպես, որովհետև երբ քննարկվում է «3+3» ֆորմատը, այդ 3 մեկը Հայաստանն է, մինչդեռ այդ մեկը` Հայաստանը որևէ դիրքորոշում չի հայտնում», - պնդեց Գրիգորյանը:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Հաջիև․ «Բաքուն շարունակում է քննարկումները «3+3» ձևաչափի շուրջՄինչ այդ թեմայի շուրջ քննարկումները չեն դադարում։ Այսօր էլ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի աշխատակազմի արտաքին հարաբերությունների բաժնի ղեկավար Հիքմեթ Հաջիևն է ասել, որ Բաքուն դիվանագիտական խողովակներով շարունակում է քննարկումները «3+3» ձևաչափի մեխանիզմ ստեղծելու վերաբերյալ: Թե այդ խողովակների թվում Երևանը կա, թե ոչ, կառավարությունը չի արձագանքում։ Երեկ էլ պաշտոնական Մոսկվան էր հայտարարել, թե եկել է «3+3»-ի պլանները գործնական հարթություն տեղափոխելու ժամանակը։