Դադայանների ընտանիքը 44-օրյա պատերազմից հետո արդեն մեկ տարի Արարատի մարզի Խաչփար գյուղում սպասում է Արցախ վերադարձի որևէ հնարավորության: Հադրութի շրջանի Մարիամաձոր գյուղում էին ապրում, գյուղն ու շրջանն այժմ Ադրբեջանի հսկողության տակ է։
Լյուբա Դադայանն ասում է` որդիները, հարսը, թոռը օգոստոսի վերջին Արցախ գնացին տուն փնտրելու, դպրոցահասակ թոռը Խաչփարում արցունքով էր դասի գնում. «Լաց լինելով գնացել է, լաց լինելով եկել` ես ուզում եմ Ղարաբաղ, ես ուզում եմ Ստեփանակերտ, ուզում եմ գնալ այնտեղ»:
Ընտանիքի մեծերն այժմ Հայաստանում են, երիտասարդներն Արցախում տուն են փնտրում: Լյուբա Դադադյանի հարսը՝ Նաիրուհին ասում է՝ Ստեփանակերտում վարձով բնակարաններ եթե կան էլ, անհասանելի թանկ են. «Փնտրեցինք ամեն տեղ` և՛ պետական շենքերում, և՛ ինչ-որ գյուղական տներում, կային տներ, բայց շատ թանկ` 180 հազար, 150 հազար»:
Արցախի կառավարությունը վերադարձածների համար վարձավճարի փոխհատուցման ծրագիր ունի՝ մեկ սենյականոցի համար 40 հազար են վճարում, երկուսին` 50, երեքսենյականոցին՝ 60 հազար: Այս գնով տներ, սակայն, Ստեփանակերտում կային մինչև պատերազմը: Նաիրուհի Դադայանն ասում է՝ շարունակելու են փնտրել, Արցախում ապրելու ցանկությունը չի նահանջում. «Մենք 100 տոկոս կմնանք այստեղ, ես այստեղից ուրիշ տեղ գնալու պատճառ չեմ տեսնում, այստեղ շատ լավ է, սիրում եմ Արցախը»:
Արցախի կառավարության օպերատիվ շտաբի տեղեկությամբ՝ այս տարեսկզբից շտաբի աջակցությամբ ընդամենը 160 ընտանիք է վերադարձել Արցախ:
«Այս պահին շինարարական աշխատանքներ են գնում գրեթե բոլոր շրջաններում` Ասկերանում, Մարտունի և Մարտակերտ շրջաններում բնակարանների կառուցումն է, որ այդտեղ է խնդիրը դառնում: Բնականարանները չեն հասցնում պատրաստել», - «Ազատությանն» ասաց շտաբի վերաբնակեցման բաժնի պետ Արթուր Հովհաննիսյանը:
Վերջինս շետում է՝ շատերն առանց շտաբի ինքնուրույն են փորձում կազմակերպել տեղափոխվելու գործը` հիմնական խնդիրը տուն գտնելն է: Արցախի հայկական մնացած համայնքներում ազատ տների ցանկ կա շտաբում, օրինակ` 254 տուն` Մարտունու շրջանում, Ասկերանում` 400 տուն: Մարդիկ կարող են ընտրել, Արցախի կառավարությունը նորոգում ու տրամադրում է նրանց:
Ճարտարի համայնքապետ Վլադիկ Հովհաննիսյանն ասում է՝ ինքն էլ ազատ տների ցանկ է ներկայացրել, բայց ով կգա ապրելու Ճարտարում, եթե գյուղը մնացել է առանց հողի. «Ստեղ ամենագլխավորը հողերի 75 տոկոսն էլ է մնացել թուրքին, գյուղը մնում է, բայց դե աշխատատեղեր էլ չկան հիմնականում»:
Հենց այս պահին 5 տուն կա, որ արցախցին կարող է մտնել ու ապրել, բայց հող չլինելուց բացի, նաև անվտանգության խնդիրը կա, ասում է համայնքապետը. նախկինում գյուղն ադրբեջանական սահմանից 50 կիլոմետրի վրա էր, հիմա՝ ընդամենը 4:
Հադրութի Մարիամաձորը պատերազմի ժամանակ կրակի տակ էր, Անուշ Մելքումյանն ասում է՝ անօդաչուի տզզոցի սարսափը նորից վերապրել չի կարող, խաղաղ առօրյա է ուզում, որ առայժմ չեն խոստանում Արցախի սահմանային դարձած համայնքներում: Կացարանի խնդրից բացի, Հայաստանում սպասող արցախցիները նաև մի թեթև որոշակիություն են ուզում:
«Կոնկրետ ինձ հետ մի շարք տեղահանված ընտանիքներ այդ պատճառաբանությունն են բերել` վախենում են ու պահանջում են, որ իրենց անվտանգությունը երաշխավորվի, չնայած նրան, որ այս պահին 100 հազարից շատ մարդ է ապրում Արցախում», - հայտնեց Արցախի տարածքային կառավարման նախարարի օգնական Ալյոնա Հայրապետյանը:
Ամենամեծ աշխուժությունը Ասկերանի մի քանի գյուղերում է, օրինակ` Պատարայում 60 տուն է նորոգվել, 60-ն էլ այժմ բնակեցված են: Նորագյուղում նոր թաղամաս է կառուցվում՝ երկու տարում շուրջ 300 առանձնատուն, ասում է Նորագյուղի համայնքապետը: Գյուղում այս պահին ազատ տուն չկա:
Ադրբեջանի հսկողության տակ անցած համայնքների բնակիչները Նորագյուղը նախընտրում են, քանի որ Ստեփանակերտին մոտ է, իսկ աշխատանք գտնելու հնարավոր հեշտ հասցեն Արցախի մայրաքաղաքն է:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ղարաբաղ վերադառնալու համար պետք է անվտանգության երաշխիք լինի հարյուր տոկոսանոց. Հադրութից տեղահանված կին ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ադրբեջանի իշխանությունները քննարկում են Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության վերադարձի հնարավորությունը