Մատչելիության հղումներ

Ադրբեջանի իշխանությունները քննարկում են Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության վերադարձի հնարավորությունը


Հադրութ քաղաքը պատերազմից հետո
Հադրութ քաղաքը պատերազմից հետո

Նախագահ Իլհամ Ալիևը պատրաստվում է հաստատել մի ծրագիր, որի համաձայն հայերն ու ադրբեջանցիները կարող են կրկին միասին ապրել Լեռնային Ղարաբաղում: Այս մասին «Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանական ծառայությանը պատմել է Մեջլիսի մարդու իրավունքների հանձնաժողովի նախագահ, իշխանական պատգամավոր Զահիդ Օրուջը:

Նա նշել է, որ պետական ծրագրի հիմքում ընկած է նոյեմբերի 9-ի հայտարարությունը, որի 7-րդ կետում ամրագրված է, որ տեղահանված մարդիկ պետք է վերադառնան իրենց բնակավայրեր. - «Այս ծրագիրը ենթադրում է, որ հայերը Ադրբեջանի քաղաքացիություն կստանան և կինտեգրվեն հասարակությանը: Իշխանությունների պատրաստած վերջնական փաստաթուղթը կարող է այլ անվանում ունենալ, բայց կոնցեպտուալ առումով դրա հիմքում այս սկզբունքն է դրված: Այդ նախագծի մշակման աշխատանքներում պրոֆեսիոնալներ են ներգրավված»:

Առայժմ պարզ չէ, թե ադրբեջանական իշխանությունները ինչպես են պատրաստվում տեղահանված տասնյակ հազարավոր հայերին վերադարձնել իրենց նախկին բնակավայրեր։

Աղետալի պատերազմից հետո մեծ խնդիր է վստահության ու անվտանգության հարցը:

Ռիչարդ Կիրակոսյան
Ռիչարդ Կիրակոսյան

Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի տնօրեն Ռիչարդ Կիրակոսյանի կարծիքով՝ վաղ է խոսել ադրբեջանական հասարակության մեջ հայերի ինտեգրացիայի մասին. - «Եթե նայենք հետպատերազմական իրավիճակին մեկ տարի անց, ապա կտեսնենք որ Ղարաբաղի հայերը ավելի մտահոգ են, քան Հայաստանի հայերը: Նրանք իրենց անվտանգության երաշխիքները ոչ թե Հայաստանում, այլ Ռուսաստանում են փնտրում: Անորոշության մեջ են և իրենց վտանգված են զգում: Ադրբեջանից հնչող ոչ մի առաջարկի և խոստման չեն հավատում: Բայց համոզված են, որ Ռուսաստանը իրենց կպաշտպանի Ադրբեջանից: Իսկ Հայաստանից նման սպասումներ չունեն»:

Նախօրեին Հայաստանի կառավարության շենքի առաջ հավաքված տեղահանված հադրութցիները ևս այս հարցի շուրջ իրենց մտահոգությունն էին բարձրաձայնում:

«Հանուն Հադրութի» հասարակական կազմակերպության ներկայացուցիչ Լևոն Հայրյանի խոսքով, իր հայերնակիցների մեծ մասը պատրաստ է գնալ Հադրութ կամ Արցախի այլ շրջաններ անվտանգության իրական երաշխիքների դեպքում. - «Նույնիսկ ասում ա՝ իմ տունս թող վառած ըլնի, ես իմ վառած տանը դեմը մի օջախ անեմ, իմ տանը, իմ հայաթում, իմ տարածքում ապրեմ։ Բայց... որ Մինսկի խմբի համանախագահները երաշխիքներ չեն տալիս, էդ դեռ ոչինչ, բայց որ մեր իշխանությունները, մեր քաղաքական դասը չեն պայքարում... Չեմ տեսել մի տարի ա մեկը էս Ռուսաստանին հարցնի, ասի՝ գարանտիա ես կանգնել, որ գերիները հետ են գալու, գարանտիա ես կանգնել, որ տեղահանվածներին հետ ես տանելու, ի՞նչ ես անում»։

Բաքվի Թոփչիբաշևի անվան վերլուծական կենտրոնի տնօրեն Ռուսիֆ Հուսեյնովը «Ազատության» կիրակնօրյա վերլուծականի եթերում խոսելով Ղարաբաղի տեղահանված բնակչության հնարավոր վերաինտեգրման հնարավորության մասին՝ նշել է, որ սա բարդ և երկարատև գործընթաց է և տարիների հետևողական աշխատանք է պահանջում. - «Կարծում եմ, որ այստեղ ռազմավարական մոտեցում է պետք։ Իհարկե, այստեղ մենք՝ և' կառավարությունը, և' փորձագիտական հանրությունը խոսում ենք վերաինտեգրման մասին։ Հինգ տարուց, տասը տարուց... այստեղ մենք լավատեսություն ունենք, որ որոշակի վերաինտեգրում կլինի։ Բայց այժմ կարծում եմ, որ նման վերաինտեգրման սցենարների վրա աշխատում են և' հաստատությունները, և' փորձագետները։ Ուստի այժմ ուղղակի ասել, որ մենք ծրագիր ունենք, դա լուրջ չէ։ Մենք պետք է աշխատենք դրա վրա»։

44-օրյա պատերազմից հետո ստորագրված եռակողմ համաձայնագիրը դեռ շատ բաց հարցեր է թողել, այդ թվում՝ ռազմական գործողությունների հետևանքով տեղահանված մարդկանց վերադարձի ու կարգավիճակի մասին: Այս հարցը պետք է կարգավորի ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի վերահսկողությամբ, սակայն այս ուղղությամբ մինչև օրս որևէ քայլ չի կտարվել։ Միջազգային կազմակերպությունները բազմիցս հայտարարել են, որ այդ տարածքներ մտնելու հետ կապված խնդիրներ ունեն։

Առայժմ հստակ չեն պաշտոնական Բաքվի առաջ քաշած վերաինտեգրման ծրագրի մանրամասներն ու ժամկետները: Հայկական կողմն էլ խուսափում է ուղիղ ասել, թե որ հարթակներում են բարձրաձայնում Հադրութի ու Շուշիի դեօկուպացիայի հարցը։

Անցած շաբաթ կառավարություն-Ազգային ժողով հարցուպատասխանի ժամանակ արտգործնախարար Արարար Միրզոյանը հայտարարել էր, թե Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի մաս հանդիսացած և այժմ Ադրբեջանի վերահսկողության տակ հայտնված տարածքների մասին խոսակցությունն օրակարգում կա։ Բայց միևնույն ժամանակ նշել էր՝ այդ մասին անընդհատ բարձրաձայնելը չի ստեղծի այդ հարցը լրջորեն քննարկելու համար նպաստավոր պայմաններ։

XS
SM
MD
LG