Մատչելիության հղումներ

«Ղարաբաղից հանեցի, բերեցի էստեղ երեխեքիս, հիմա ո՞ւր տանեմ». Նորաբակը` կրակոցների ներքո


Մի՞թե Հայաստանի վերջն է, հարցնում է նորաբակցի Ադրինե Ավետյանը կրակոցների ձայնի տակ, անհանգիստ է. չի՞ ավարտվում այս պատերազմը:

«Ես չգիտեմ` վերջը սրա ինչ կարա լինի, մեկ-մեկ որ շատ խորանում ես, ոնց որ Հայաստանի վերջը լինի: Նենց չի, որ կռիվը սկսեց, հատուկ Նորաբակի կամ Վարդենիսի համար է, եթե դու Ալիևին լսես, Երևանն էլ իր պապու տունն է եղել», - ասում է նա:

Ադրինեն 44-օրյա պատերազմի ժամանակ Քարվաճառից ամուսնու, որդու հետ Նորաբակ եկավ փրկվելու. «Քարվաճառի պատերազմի ժամանակ եկանք էստեղ, գիշերը դուրս էինք գալիս, նայում` ոնց ա կռիվը գնում: Բաց ա տարածքը շատ»:

Հետո պարզվեց` Գեղարքունիքի մարզի Նորաբակ գյուղում էլ ապահով չէ, գյուղը 44-օրյա պատերազմի ժամանակ հայկական Քարվաճառի հարևանն էր, հիմա Քարվաճառն Ադրբեջանի հսկողության տակ է: Ավելին` մայիսի 12-ից ադրբեջանական զորքերը նստել են Նորաբակի ամենաբարձր սարի գլխին՝ գյուղից մի քանի կիլոմետրի վրա, զբաղեցրին նաև գյուղի անասնագոմերը: Կրակում են ոչ միայն հայկական դիրքերի վրա. երկու օր է` ադրբեջանական զինուժի թիրախում նաև Նորաբակն է, գյուղը:

«Ժողովուրդը սովորել է սրան, անընդհատ կրակոցներ են, դե համարյա ամեն օր է, շաբաթ չկա, որ չլինի դա էլի: Ես մի անգամ եմ շատ վախեցել, դա էլ անօդաչուի խփելից, չգիտեի, որ անօդաչու են խփում, գմփոցը շատ ուժեղ էր», - ասում է Ադրինեն:

Նրա ամուսինը պայմանագրային զինծառայող է, 10 օրով արձակուրդ է եկել, վերջապես ժպտում է Ադրինեն: Տոլմա է փաթաթում՝ որդու հետ շուտով դաշտից կգան. «Գնացել են, խոտ բերեն, սարքում եմ, որ գան, հաց ուտեն»:

Նորաբակում տասնյակ ընտանքիներ են ապրում, նաև Արցախից տեղահանվածներ: Շողիկ Աստվածատրյանը Դադիվանք գյուղում է տուն-տեղ թողել, գյուղամեջ ջրի էր եկել, մի քանի զինվորների տեսավ...

Նախորդ գիշերվա կրակոցների պատճառով դրսում ենք քնել, ասում է Շողիկ Աստվածատրյանը, մինչև ե՞րբ, հարցնում է, զայրանում, հուսահատվում. «Նայեք, տեսեք` թուրքը որտեղ ա, մենք ո՞ւր տանենք էս երեխեքին, որտե՞ղ տանենք: Փաշինյանը մի հատ չի ասում` բա էս երեխեքը, մատղաշ երեխեքը որտե՞ղ տանենք մենք: Ղարաբաղից հանեցի, բերեցի էստեղ, հիմա որտե՞ղ տանեմ: Մենք ջայնամը, հղի կնանիք վատանում են, մեծ կնանիք վատանում են, ո՞նց պահենք: Մի անգամ չի գա, տենա` իր ժողովուրդն ենք, ո՞նց ենք: Հա ընտրել ենք»:

Ճակատագրի հեգնանք էր, ինչ էր. Սիմա Ղանդիլյանը պատերազմից օրեր առաջ ընտանիքի հետ հաստատվեց Նորաբակում: Գավառից էին, այստեղ նոր կյանք էին սկսելու. «Հլը պատերազմ չէր եղել, հանգիստ էր, ասինք` գնանք, ապրենք, տուն ենք առել: Ասինք` լավ կլինի: Ով էր իմանում` սենց բան կլինի»:

Ամուսինը պայմանագրային է Վերին Շորժայի դիրքերում: Բազմոցին շարված են Անին, Դավիթը, Նելլին: Սիման ասում է՝ երբ կրակում են, երեխաներին ներս է բերում, այդքանը. «Ես չեմ վախենում, ինձ ասում են` արի ստեղից գնանք, ես ասում եմ` չէ, չեմ վախենում»:

Երիտասարդ կնոջ ապագայի ծրագրերում սակայն Նորաբակի կրակոտ առօրյան չէ, մտածում է՝ երեխաները մեծանան, կտեղափոխվեն. «Էդքան շատ չենք ուզում էլի ստեղ մնանք, մի քիչ երեխեքը մեծանան...որտեղ առնենք տուն»:

Նորաբակի տղամարդիկ կա՛մ պայմանագրայիներ են, կա՛մ դաշտերում են՝ ադրբեջանցիներից մետրերի հեռավորության վրա խոտ են հավաքում, անասնապահությամբ զբաղվող գյուղի համար այժմ խոտի հարցը ամենաբարդն է: Թանկացել է եռակի: Ադրբեջանական զինուժի ներխուժումից հետո Նորաբակն էլ անհասանելի դարձած խոտհարքներ ունի, մարդիկ ստիպված կրճատում են անասնագլխաքանակը:

«Անասունը դառել է լրիվ ջրի գին, 150 ազարով կով են ուզում առնել, էդ վիճակն ա, խոտ չկա, որ պահեն: Մարդիկ ուզեն-չուզեն, օրինակ` ես էլ 4-5 հատ կով ծախել եմ արդեն, որ կարանամ մնացածին պահել», - ասում է Ադրինե Ավետյանը:

Գյուղի ամայի փողոցով գնալ-գալու սովորություն ունի Սոնյա Չիթչյանը: 83-ամյա կինը մեծ տնտեսություն չունի, ժամանակը շատ է, ուրախությունը` նույնպես՝ եթե մեկին տեսնի:

Գերադասում է հանգերն ու պոետիկ լեզուն, փակուղի է մտնում, երբ հարցնում եմ իր տան թիկունքնում դիրքավորված ադրբեջանցիների, կրակոցների մասին. «Դե կրակում են, կրակում էլ չեն, ի՞նչ անենք, կյանք ա էլի, կյանքը ամեն տարի իր փոփոխությունն ունի, միշտ էլ խաղաղ չի»:

Սոնյա Չիթչյանը 30 տարի առաջ է Նորաբակ եկել, ծնվել -մեծացել է գետաշենում:

90-ականների պատերազմում ամուսինն ադրբեջանական գերության մեջ է հայտնվել ու վերադարձվել առողջական բազմաթիվ խնդիրներով: Սոնյա Չիթչյանը մենակ է վաղուց. երեխաները՝ իր խոսքով 4 ծաղկած սար Նորաբակում չեն, արտագաղթել են Ռուսաստան, Արզնի-Արցախ, դեռ տարիներ առաջ, երբ Նորաբակը սահմանամերձ չէր. «Ճարը գիտեմ, ճար չունեմ, ես ումի՞ց եմ լավը, որ թողնեմ, փախչեմ, ժողովուրդը ոնց կանի, նենց էլ ես»:

83- ամյա կինն ասում է՝ իրեն շատ են հարցնում՝ վերջն ի՞նչ է լինելու, հույսով, թե ինքը մի իմաստուն հանգ կգտնի, միայն թե երբ կրակում են, ինքը հանգ ու միտք չի գտնում, վախենում է. «Տրքցնում են սաղ գիշեր, վախում ենք, բա ի՞նչ անենք, դողում եմ, մտնում խրճիթս»:

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG