Էրդողանը «անկեղծ ու կառուցողական» է գնահատել Բայդենի հետ հանդիպումը

ԱՄՆ նախագահը Թուրքիայի նախագահին խոստացել է հնարավոր ամեն ինչ անել ամերիկյան F-16 կործանիչների հարցը լուծելու համար։ Այս մասին են ազդարարում թուրքական առաջատար պարբերականների այսօրվա գլխագրերը:

Նախօրեին Հռոմից վերադարձի ճանապարհին Թայիփ Էրդողանը լրագրողներին ներկայացրել է շաբաթավերջին կայացած G-20-ի երկրների առաջնորդների հավաքի ընթացքում Ջո Բայդենի հետ հանդիպման արդյունքները՝ այն գնահատելով անկեղծ և կառուցողական:

Ինչպես և կանխատեսվում էր, երկու առաջնորդների քննարկման հիմնական թեման եղել է պաշտպանական համակարգերի շուրջ առաջացած տարաձայնությունները: 2019 թվականին, երբ Թուրքիան Ռուսաստանից գնեց S-400 հակաօդային պաշտպանության համակարգերը, ԱՄՆ-ն որոշեց դուրս թողնել Թուրքիային ամերիկյան F-35 կործանիչների ծրագրից և մինչև օրս չի տրամադրել գնված շուրջ 100 կործանիչները: Փոխհատուցում ստանալու ակնկալիքով վերջերս Անկարան դիմել էր Վաշինգտոնին՝ 40 միավոր F-16 կործանիչ գնելու, ինչպես նաև իր ունեցած մոտ 80 ամերիկյան կործանիչներն արդիականացնելու համար:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Էրդողանը Հարավային Կովկասի ապագան քննարկել է նաև Ֆրանսիայի նախագահի հետ

Էրդողանը Բայդենի հետ մեկ ժամից ավելի տևած հանդիպմանը բարձրացրել է F-35-ների համար վճարված 1 մլդ 400 մլն դոլարի վերադարձի կամ գումարի դիմաց ավելի հին սերնդի F-16 կործանիչներ ստանալու հարցը: Թուրքիայի նախագահի խոսքով, Բայդենը այս հարցում բացասական մոտեցում չունի և խոստացել է ջանքեր գործադրել խնդրի հանգուցալուծման ուղղությամբ, բայց նաև նշել է, որ գործընթացը կարող է երկարել, քանի որ նախագիծը պետք է նախ հավանության արժանանա Կոնգրեսի երկու մարմիններում՝ Ներկայացուցիչների պալատում և Սենատում և շանսերը 50-50 են: Այնուհանդերձ, Էրդողանը ամերիկացի պաշտոնակցին փոխանցել է՝ հույս ունի, որ նա այս հարցում կհաջողի, քանի որ տեսնում է նրա վճռական դերը:

Թուրքիայի նախագահը նաև հայտնել է, որ երկու երկրների արտաքին քաղաքական և պաշտպանական գերատեսչությունները շարունակելու են քննարկումները՝ հարցին վերջնական լուծում տալու ակնկալիքով:

Երկու առաջնորդները շոշափել են օրակարգային մի շարք այլ հարցեր, Էրդողանը դժգոհությունն է հայտնել քուրդ զինյալներին Վաշինգտոնի աջակցության համար, իսկ Բայդենը իր մտահոգությունն է հայտնել Թուրքիայում մարդու իրավունքների վիճակի վերաբերյալ:

Ուշագրավ է, որ և՛ թուրքական, և՛ ամերիկյան կողմը նախապես հայտարարել էին, թե Էրդողան-Բայդեն հանդիպումը ամենայն հավանականությամբ տեղի է ունենալու Գլազգոյում ՄԱԿ-ի Կլիմայի համաշխարհային համաժողովին: Սակայն սպասված հանդիպումը կայացավ Հռոմում, ինչից հետո Թուրքիայի նախագահը անակնկալ կերպով չեղարկեց իր մասնակցությունը Գլազգոյի համաժողովին: Պաշտոնական պարզաբանման համաձայն, բրիտանական կողմը, չնայած վարչապետ Բորիս Ջոնսոնի միջամտությանը, չի բավարարել անվտանգության ապահովման Անկարայի պահանջները:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Էրդողանը վերջին պահին չեղարկել է այցը Գլազգո

Թուրք բարձրաստիճան պաշտոնյաներից մեկը Reuters-ին փոխանցել է, որ անհամաձայնության պատճառը անվտանգության մեքենաների թիվն է եղել: Նախագահ Էրդողանն էլ ասել է, թե մեկ այլ երկրի համար բացառության կարգով այդ ստանդարտները ապահովվել էին, ինչը անընդունելի է, և Թուրքիայի հեղինակությունը ավելի կարևոր է: