Նախագահ Արմեն Սարգսյանը Գլազգոյում անցկացվող կլիմայի հարցով միջազգային գագաթնաժողովի շրջանակներում զրույցներ է ունեցել ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի, Ֆրանսիայի նախագահ էմանյուել Մակրոնի, Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ։
Ըստ Հայաստանի նախագահի գրասենյակի՝ Արմեն Սարգսյանը զրուցել է նաև Մոնակոյի արքայազն Ալբերտ Երկրորդի, Կատարի էմիր շեյխ Թամիմ Բին Համադ Ալ Թանիի, Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթթահ Ալ Սիսիի, Սերբիայի նախագահ Ալեքսանդար Վուչիչի, Կիպրոսի նախագահ Նիկոս Անաստասիադիսի, Արգենտինայի նախագահ Ալբերտո Ֆերնանդեսի, Չեռնոգորիայի նախագահ Միլո Ջուկանովիչի, Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովի, Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդիի, Իտալիայի վարչապետ Մարիո Դրագիի, Կանադայի վարչապետ Ջասթին Տրյուդոյի, Ավստրալիայի վարչապետ Սքոթ Մորիսոնի, Լիբանանի վարչապետ Նեժիպ Միքաթիի, Լյուքսենբուրգի վարչապետ Քսավյե Բեթելի, Շվեդիայի վարչապետ Ստեֆան Լյովենի, Ավստրիայի կանցլեր Ալեքսանդր Շալենբերգի, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ:
Փարիզի կոնֆերանսի 26-րդ համաժողովը (COP26) մեկնարկել է երեկ: Այսօր կշարունակվեն մասնակից երկրների նախագահների և կառավարությունների ղեկավարների ելույթները, նախատեսված է նաև Արմեն Սարգսյանի ելույթը։
Գլազգոյի համաժողովի նպատակն է՝ մշակել կլիմայի փոփոխության դեմ պայքարի համաձայնեցված գործողությունների ծրագիր: Համաժողովին մասնակցում են բոլոր այն երկրները, որոնք վավերացրել են ՄԱԿ-ի՝ «Կլիմայի փոփոխության մասին» շրջանակային կոնվենցիան: Հայաստանն այն վավերացրել է 1993 թվականի մայիսին: