Վրաստանի իշխող կուսակցությունը հաղթել է 20-ից 19 համայնքների ՏԻՄ ընտրություններում

Վրաստանի 20 քաղաքներից 19-ում ՏԻՄ ընտրությունների երկրորդ փուլում հաղթանակ են տարել իշխող «Վրացական երազանքի» ներկայացուցիչները։ Այս մասին են վկայում Վրաստանի ԿԸՀ-ի տվյալները:

Մայրաքաղաք Թբիլիսիում վերընտրվել է գործող քաղաքապետ Կախա Կալաձեն` հավաքելով ձայների 55,6 տոկոսը, իսկ ընդդիմադիր «Ազգային միացյալ շարժման» առաջնորդ Նիկա Մելիան ստացել է 44,4 տոկոս։ «Վրացական երազանքի» ներկայացուցիչները հաղթել են նաև չորս այլ խոշոր քաղաքներում՝ Ռուսթավիում, Քութայիսիում, Փոթիում և Բաթումում։

Միակ քաղաքը, որտեղ հաղթել է ընդդիմության թեկնածուն, Ծալենջիխան է: Այստեղ «Ազգային միացյալ շարժման» թեկնածուն ստացել է 51,1 տոկոս ձայն:

Ընդդիմությունը, սակայն, հայտարարել է հանրահավաք անցկացնելու մասին` այսօր երեկոյան` Թբիլիսիի կենտրոնում: