Վրաստանում մեկնարկել է տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների երկրորդ փուլը։
Երկրի խոշորագույն հինգ քաղաքները ղեկավարելու իրավունքի համար պայքարում են իշխող «Վրացական երազանք» կուսակցության և նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի հիմնադրած «Ազգային միացյալ շարժման» առաջադրած թենածուները։ Ամենաթեժ պայքարը ծավալվել է մայրաքաղաք Թբիլիսիում, որտեղ երկրորդ փուլ են դուրս եկել գործող քաղաքապետ Կախա Կալաձեն և «Ազգային միացյալ շարժման» առաջնորդ Նիկա Մելիան։
Վրաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի տվյալներով՝ քվեարկողների ակտիվության ցուցանիշը բավական բարձր է։ Առաջին երկու ժամերին ընտրություններին մասնակցել է քվեարկողների ավելի քան յոթ տոկոսը։ Դրանց թվում էր նաև Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին։
«Բնական է, որ ես քվեարկեցի հանուն մեր երկրի խաղաղ զարգացման։ Մեր երկրին և ժողովրդին նախևառաջ խաղաղություն է անհրաժեշտ և ես վստահ եմ, որ Վրաստանի բնակիչները հերթական իմաստուն որոշումը կկայացնեն՝ ձայն տալով կայունության, այլ ոչ թե քաոսի, անկարգությունների, բևեռացման և հակամարտությունների օօգտին, երևույթներ, որոնց աղբյուրը ապակառուցողական ընդդիմությունն է», - հայտարարում էր Վրաստանի վարչապետը։