Մնացական Մալխասյանը դեմ է Ամանորի տոների կրճատմանը, Կարեն Առաքելյանը՝ կողմ:
«Մարդիկ կերած-խմած հելնեն, գնան գործի՞, ո՞նց կարելի է տենց գործի գնալ», - Մալխասյանի տեսակետն է: Մյուսինը այլ է. «Մենք չէինք հանգստանում որպես այդպիսին, այստեղից այնտեղ, ուտել-խմել»:
Այս շաբաթ խորհրդարանն առաջին ընթերցմամբ ընդունեց «Տոների ու հիշատակի օրերի մասին» օրենքի փոփոխությունը. Հայաստանում կհանգստանան միայն դեկտեմբերի 31-ին ու հունվարի 1-ին, հետո կտոնեն Սուրբ Ծնունդը՝ հունվարի 6-ին: Տոնական օրացույցից ջնջվում է 4 օր և նաև Ծննդյան տոնին հաջորդող մեռելոցը: Խորհրդարանական քննարկումն էլ թեժ էր:
Նախագիծը ներկայացնող էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը հայկական տոների կրճատումը չինական ասացվածքով հիմնավորեց՝ չկա մեկը, որ ամեն օր արևածագից առաջ է գործի անցնում ու չի դարձնում իր ընտանիքը հարուստ:
Գործադիրում արդեն չափել են՝ 5 օր աշխատանքային դարձնելով զգալի կավելանա համախառն ներքին արդյունքը, տնտեսական էֆեկտը չէ միայն, մարդիկ նաև որկրամոլությամբ չեն զբաղվի, իրենց առողջությունը չեն քայքայի:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Կառավարությունը հունվարի 2-ից 5-ը, ինչպես նաև 7-ը սահմանեց աշխատանքային ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Կառավարությունը որոշեց կրճատել ամանորյա ոչ աշխատանքային օրերի քանակը՝ պայմանով՝ հարցը դեռ կքննարկվիՔաղաքացիների մեծ մասը որոշմանը դեմ չէ, երկարատև Ամանորի սիրտ այս տարի չունեն` մի կողմից համավարակը չի վերջանում, մյուս կողմից` խնդիրներն են մատնանշում:
«Կովկասի» ինստիտուտի փորձագետ, տնտեսագետ Հրանտ Միքայելյանը, որ ընդարձակ ուսումնասիրություն է իրականացրել այս թեմայով՝ վերլուծելով նաև խորհրդային շրջանի տոնական փոփոխություններն ու դրա ազդեցությունը տնտեսության վրա, եզրակացրել է՝ աշխատանքային օրերի ավելացումն ու արտադրողականության աճը հաճախ փոխկապակցված չեն. տոները պակասում են՝ դեկտեմբերի վերջի տնտեսական ակտիվությունն էլ է պակասելու:
«Նախնական հաշվարկս ցույց է տվել, որ մոտավորապես 20-24 միլիարդ դրամի ծավալով կավելանա տնտեսության չափը, որը 4 անգամ ավելի քիչ է, քան Քերոբյանի հաշվարկած և ներկայացրած տվյալը` 88.6 մլրդ դրամ», - «Ազատության» հետ զրույցում ասաց նա:
Բացի դրանից, փորձագետի դիտարկմամբ` մարդու հանգստի որակից է կախված նրա աշխատանքի արդյունավետությունը` վատ հանգստացավ՝ վատ էլ կաշխատի: Վերջին տարիներին, ըստ Միքայելյանի, Հայաստանում ձեռնպահ են մնում դեկտեմբերյան անսահման առևտրից: Նա ուսումնասիրել է վերջին տարիների նոյեմբերից-հունվար ապրանքների սպառման ծավալները և ասում է` մարդիկ ավելի չափավոր են դարձել մթերքներ պահեստավորելու հարցում, գերադասում են հանգստի օրերը ծախսել հանգստի վրա:
«Մարդիկ նաև զրկվում են հնարավորությունից, օրինակ` գյուղ գնալ, մարզ կամ արտերկիր գնալ հանգստի համար, այսինքն` եթե իրենք ունենային մի քանի օր իրար հետևից ազատ, ապա այդ հնարավորությունը կլիներ», - նկատեց նա:
Հրանտ Միքայելյանը չի կարծում, որ Հայաստանում տոնական օրերը շատ էին
Ազգագրագետ Գոհար Ստեփանյանը վերջին Ամանորը շատ լավ օրինակ է համարում, թե ինչպես է հասարակությունն ինքնուրույն տնօրինում իր տոնը, ինքնակազմակերպվում ըստ տրամադրության. «Այդ ուրախ, շքեղ, փայլերով, լույսերով, այցելություններով տոնն ամբողջությամբ, ըստ էության, կազմակերպվեց հիշատակի ծեսի տրամաբանությամբ»:
Ստեփանյանը խնդրահարույց է համարում այն, որ Սուրբ Ծննդյան տոնի հաջորդ օրը հիշատակի ոչ աշխատանքային օր չի լինելու: Սա, ըստ նրա, նշանակում է, որ քրիստոնեական տոնի օրը մարդիկ շտապելու են գերեզմաններ, Եռաբլուր. «Հասարակությունը դա համարում է իր ողբերգությունը և իր հիշատակի ծեսը, և հետևաբար ինքը պետք է ունենա հնարավորություն հիշատակելու այդ ողբերգական իրադարձությունը մեզանում»:
Տոնական օրերի կրճատման հիմքում դրա նախաձեռնողները տնտեսական հաշվարկ են դրել, բայց ազգագրագետը շեշտում է` խորհրդանշական օրերի հարցում թվերի դիրքերից խոսելն անընդունելի է, ամանորյա երկար տոները նաև սոցիալական կապերը նորոգելու համար էին. «Մենք տարվա ընթացքում, ըստ էության, չենք կարողանում շփվել մարդկանց հետ` մեր հարազատների, մտերիմների, ծանոթների, և Ամանորը լավագույն առիթն է այդ հարաբերություններն ամեն տարի նորոգելու, ըստ էության, հասարակության միասնականությունն այդպիսով ապահովելու»:
Մրցավազքը ուտեստների տեսականու հարցում, կարծում է` խորհրդային տարիներից է մնացել, ու նրա դիտարկմամբ՝ վերջին տարիներին նվազել է. հայկական Ամանորը ավելի ժամանցային էր դառնում, հիմա օրերը պակասեն, բիզնեսն էլ կտուժի. «Տոները դիտվում են որպես կարևոր գործիքներ տնտեսական շահ ապահովելու, հիմա մենք հակառակ դիրքից ենք գալիս` պարզապես կրճատում ենք տոնը` մտածելով, որ այդ քանի օրն աշխատելով մենք ինչ-որ շահ պիտի ապահովենք, մինչդեռ լավագույն երևի լուծումը հակառակը` տոների վերաձևակերպումներն են, վերաթողարկումներն են»:
«Նոր տարուց վերջին զանգ» գրքի հեղինակն է Գոհար Ստեփանյանը, հայկական տոների վարքն է ուսումնասիրում, տոնն ասում է՝ ըմբոստություն է ընդդեմ առօրյայի. «Շատ մեծ հույս ունեմ, որ տոնը չի ենթարկվի այն շեշտակի փոփոխությանը, ինչ որ նախաձեռնվում է»:
Մուշեղ Խաչատրյանն այն փոքրաթիվ քաղաքացիներից է, որ տոների կրճատմանը դեմ էր՝ չի պատկերացնում, թե ինչպես պետք է ամեն ինչ հասցնի 31-ին ու 1-ին. «31-ին հազիվ ամբողջ օրը լարված կանայք մտածում են` ինչ պատրաստեն, տոլման հասցնեն, բլինչիկը հասցնեն, ի՞նչ հանգստանալ 31-ին: Տղամարդիկ վազվզում են, տեսնեն` խանութից ինչ է պակաս մնացել, որ հասցնեն գոնե մի բան առնել: Հոգնած գալիս են, ժամը 11-ին հասցնում են լողանալ, թե չլողանալ, որ նստեն սեղանի շուրջ, էն էլ քունը տանում է»:
Այս ամենը վերհիշելիս արդեն տրամադրությունն ընկավ: Խնդրում է՝ գոնե երեք օր պետք է տանը մնան, ոչ թե որ հանգստանան, այլ գնեն, պատրաստեն, ուտեն, այցելեն: