12-ամյա Նարեն Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, առողջապահության նախկին նախարար Արսեն Թորոսյանի դուստրն է։ Նա մեկն է այն 20 երեխաներից, որոնք Հայաստանում արդեն պատվաստվել են կորոնավիրուսի դեմ։
«Գիտեի, որ Եվրոպայում և Ամերիկայում պատվաստվում են 12 տարեկանից ու դրա համար հայրիկին հարցրեցի՝ արդյոք կարա՞նք Հայաստանում էլ ինձ պատվաստենք, որովհետև շատ էին ուզում, որովհետև գիտեմ, որ պատվաստվելն օգնում է չվարակվելու, վարակը չփոխանցելու մնացածին, մեծերին ամենաշատը, և ինքս ցանկացա պատվաստվել», - ասաց Նարեն։
Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի տվյալներով՝ այս պահին Հայաստանում քովիդ 19-ի դեմ պատվաստված երեխաներից 6-ը՝ հենց 12 տարեկան են։ Առողջապահության նախարարը, հիմք ընդունելով «Դեղերի եվրոպական գործակալության» առաջարկը, փոփոխել է ամերիկյան Moderna պատվաստանյութի ուղեցույցը՝ այն նաև հասանելի դարձնելով 12-ից բարձր տարիքային խմբի համար։
Նախարարը մատնանշում է Չինաստանի փորձը, ասաց՝ այնտեղ այս պահին 3-5 տարեկան երեխաներն են պատվաստվում։ «Այս պահին էլ լայնամասշտաբ կերպով երկրները անցել են նաև երեխաների պատվաստումների, որովհետև փորձարկումների փուլերն արդեն կարելի է ասել ավարտուն են։ Հետևելով նաև այս փորձին, մենք հնարավորություն ենք ստեղծել Հայաստանում 12 տարեկանից բարձր երեխաների համար՝ ծնողների գրավոր համաձայնության պարագայում, պատվաստվել, ինչն անվտանգ է և արդյունավետ», - նշեց նախարար Ավանեսյանը։
Արսեն Թորոսյանը հենց «Ազատության» եթերում էր հայտարարել՝ երբ Հայաստանն էլ աշխարհի մի շարք երկրների պես ամերիկյան Moderna -ն հասանելի դարձնի նաև 12 տարեկանից բարձր երեխաների համար՝ աղջիկը կպատվաստվի։ Թորոսյանի խոսքով՝ պատվաստվելու որոշումը դուստրն է կայացրել, ինքն էլ օգնել է, որ նա հավաստի տեղեկություններին հետևի։
«Աշխարհում հենց հիմա քննարկվում է 5-12 տարեկանների պատվաստումը այն երկրներում, որտեղ վաղուց արդեն 12 տարեկաններին պատվաստում են։ ԱՄՆ, Մեծ Բրիտանիա, Դանիա, շատ երկներ բացել են 12-ից բարձր պատվաստումները և ունեն շատ մեծ ցուցանիշներ՝ 70-80 տոկոս ընդգրկվածություն հենց այդ տարիքի երեխաների։ Կարծում եմ, որ պատվաստանյութի հասանելիությանը զուգահեռ մենք էլ պետք է գնանք այդ ճանապարհով», - ընդգծեց Թորոսյանը։
Մինչև այս փոփոխությունը, Հայաստանում կորոնավիրուսի դեմ պատվաստանյութերը հասանելի էին միայն 18 տարեկանից բարձր անձանց համար։ Այդուհանդերձ, աշխարհի մի քանի երկրներում արդեն երեխաներին քովիդի դեմ պատվաստում են։ Ըստ «Ռոյթերս» գործակալության, օրինակ՝ Գերմանիան դեռ օգոստոսին է համաձայնել պատվաստումը հասանելի դարձնել 12-17 տարեկան բոլոր երեխաների համար։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Pfizer-ը և BioNTech-ը երեխաներին COVID-19-ի դեմ պատվաստելու թույլտվության համար կդիմեն ԱՄՆ և այլ երկրների իրավասու մարմիններինՀունգարիան մայիսի կեսերին է սկսել պատվաստել 16-18 տարեկան երիտասարդներին, Արաբական Միացյալ Էմիրությունների ղեկավարությունը դեռ օգոստոսին է իր բնակիչներին տեղեկացրել, որ չինական «Սինոֆարմ»-ը նախատեսված է նաև 3-17 տարեկան երեխաների համար։
Շուրջ 9 միլիոն բնակիչ ունեցող Իսրայելում պատվաստվածների թիվն անցնում է 70 տոկոսը, նրանց թվում նաև երեխաներն են։
Իսրայելում բնակվող լրագրող Արտյոմ Չեռնամորյանն «Ազատությանն» ասաց, որ անգամ հյուրանոց մտնելիս 3 տարեկանից բարձր երեխաները պետք է ՊՇՌ թեստ ունենան։ Չնայած մի շարք ծնողների ոչ միանշանակ վերաբերմունքին, Չեռնամորյանի խոսքով, իր երեխաների դպրոցում մինչև 12 տարեկանների 40 տոկոսից ավելին պատվաստվել է ամերիկյան Pfizer պատվաստանյութով։
«Օրինակ՝ 14-15 տարիքի երեխաների մոտ դպրոցներում նույնիսկ շատ դեպքերում 30-40 տոկոս երեխաները պատվաստվել են», - ասաց Չեռնամորյանը։
Առողջապահության նախկին նախարար, պրոֆեսոր Արա Բաբլոյանը, որ ողջ կյանքը նվիրել է մանկաբուժությանն ու ղեկավարում է «Արաբկիր» բժշկական համալիրը, խնդրում է ծնողներին՝ պատվաստվել ու սվիններով չընդունել նաև քովիդի դեմ երեխաների վակցինացիան։ Առողջապահության նախարարին ուղեկցելով հիվանդանոցի քովիդ բաժանմունք, ասաց՝ քովիդով վարակված 22 երեխա ունեն, երկուսը վերակենդանացման բաժանմունքում են։
«Պետք է խնդրեմ և հորդորեմ մեր բնակչությանը, որպեսզի ակտիվ լինեն այս պատվաստման ծրագրին, որովհետև դա միակ երաշխիքն է այսօր մեր առողջական ցուցանիշները պահպանելու, մահացությունը իջեցնելու, իսկ մահացությունը քովիդից շատ արագ բարձրանում է, և կորուստները մեզ համար ուղղակի ցնցող են», - ընդգծեց Բաբլոյանը։
Արա Բաբլոյանն ասաց, որ իր թոռներին անպայման կպատվաստի, իսկ նախարար Ավանեսյանի 17-ամյա դուստրը՝ այս կիրակի Գյումրիում բացօթյա պատվաստումային տաղավարում կպատվաստվի։ Թե մինչև այս պահը Հայաստանում քանի՞ երեխա է վարակվել կորոնավիրուսով, քանիսն է հոսպիտալացված ու քովիդից քանի երեխա է մահացել՝ Առողջապահության նախարարությունից ասացին՝ կպատասխանեն, երբ գրավոր հարցում ուղարկենք։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ «Մուրացան» հիվանդանոցում հոսպիտալացված է 17 կորոնավիրուսով հիվանդ երեխա, 2-ի վիճակը` ծայրահեղ ծանր. Արմեն ՄուրադյանԱռողջապահության նախկին նախարար Արմեն Մուրադյանը՝ որը հիմա ԵՊԲՀ-ի ռեկտորն է, այսօր հայտարարություն է տարածել, որ «Մուրացան» համալսարանական կլինիկայում քովիդից 1 ամսական երեխա է մահացել։ Ըստ Մուրադյանի՝ հիվանդանոցում քովիդով վարակված 17 երեխա է հոսպիտալացված, երկուսի վիճակը՝ ծայրահեղ ծանր։