Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը Սաուդյան Արաբիայից աշխատանքային այցով ուղևորվել է Արաբական Միացյալ Էմիրություններ, տեղեկացնում է նախագահի գրասենյակը։
Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Էր-Ռիյադի օդանավակայանում Հայաստանի նախագահին ճանապարհել է այդ երկրի արտաքին գործերի պետնախարար Ադել ալ-Ջուբեյրը, իսկ պաշտոնական արարողակարգի համաձայն՝ օդանավակայանում բարձրացվել է Հայաստանի պետական դրոշը։
Նախագահը երեկ էր աշխատանքային այցով մեկնել Սաուդյան Արաբիա։
Նշելով, որ Հայաստանն անկախությունից ի վեր դիվանագիտական հարաբերություններ չունի Սաուդյան Արաբիայի հետ և Հայաստանից որևէ պաշտոնյա երբևիցե չի այցելել այդ երկիր՝ նախագահի գրասենյակը Արմեն Սարգսյանի այցը պատմական քայլ էր որակել։
«Այս աննախադեպ իրադարձությունը միանշանակ շրջադարձային է Հայաստանի միջազգային հարաբերություններում», - պնդում էր նախագահականը։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Հայաստանի նախագահն այցելել է Սաուդյան Արաբիա