Մատչելիության հղումներ

Հայաստանը հետաքրքրված է ԱՄԷ-ի բարեփոխումների փորձով. վարչապետն ընդունել է դեսպանին


Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Արաբական Միացյալ Էմիրությունների արտակարգ և լիազոր դեսպան Մուհամմադ Իսա Ալ Զաաբին, ով ավարտում է իր դիվանագիտական առաքելությունը Հայաստանում:

Վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը հայտնում է, որ Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ ՀՀ կառավարությունը հետաքրքրված է ԱՄԷ-ի զարգացման ու բարեփոխումների փորձով:

«Հույս ունենք, որ առաջիկայում մեր երկիրն էլ ավելի հետաքրքրիր կդառնա ձեր երկրի բիզնեսի համար՝ ներդրումային տարբեր նախագծեր կյանքի կոչելու նպատակով»,- ասել է վարչապետը՝ առևտրատնտեսական համագործակցության զարգացման ու ընդլայնման առումով կարևորելով միջկառավարական տնտեսական հանձնաժողովի ակտիվ գործունեությունը, որի անդրանիկ նիստը տեղի է ունեցել նախորդ տարվա աշնանը՝ Երևանում: Կառավարության ղեկավարը շեշտել է երկկողմ քաղաքական բարձր մակարդակի հարաբերությունների փաստը և շնորհակալություն հայտնել Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցում հավասարակշռված դիրքորոշում ցուցաբերելու համար:

Վարչապետն ԱՄԷ կառավարությանը շնորհակալություն է հայտնել նաև կորոնավիրուսի դեմ պայքարում Հայաստանին ցուցաբերված աջակցության համար:

Իր հերթին, Մուհամմադ Իսա Ալ Զաաբը շնորհակալություն է հայտնել վարչապետ Փաշինյանին և ՀՀ կառավարությանը սերտ համագործակցության համար և հավելել, որ հետագա գործունեության ընթացքում էլ շարունակելու է ջերմ կապեր պահպանել Հայաստանի ու հայ ժողովրդի հետ: Դեսպանի խոսքով՝ տպավորված է ՀՀ կառավարության երիտասարդ անդամների արդյունավետ գործունեությամբ, ինչի արդյունքում նախորդ տարվա ընթացքում երկրում արձանագրվել են մի շարք դրական ցուցանիշներ, իրականացվում են խորը բարեփոխումներ մի շարք ոլորտներում:

Մուհամմադ Իսա Ալ Զաաբը խոսքով՝ նախորդ տարվա ընթացքում աճ է արձանագրվել երկկողմ առևտրատնտեսական հարաբերություններում, ինչպես նաև զբոսաշրջության ոլորտում համագործակցության մեջ: Պարոն Զաաբն ընդգծել է, որ իր երկրի կառավարությունը ևս շահագրգռված է Հայաստանի հետ փոխգործակցության ընդլայնմամբ, այդ թվում՝ տնտեսության, այդ թվում՝ գյուղատնտեսության, առողջապահության, սննդի անվտանգության, զբոսաշրջության և օդային հաղորդակցության ոլորտներում: Դեսպանը նշել է, որ ԱՄԷ-ն շարունակելու է Հայաստանում բարեգործական ծրագրերի իրականացումն ու դրանց ընդլայնումը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG