Թուրքիայի նախագահն այսօր ժամանում է Ադրբեջան

Թուրքիայի և Ադրբեջանի նախագահներ Ռեջեփ Էրդողանն ու Իլհամ Ալիևը Ֆիզուլիի շրջանում, 15-ը հունիսի, 2021թ.

Այսօր Ադրբեջան է ժամանում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը՝ մասնակցելու անցած տարվա պատերազմից հետո Բաքվի վերահսկողության տակ անցած տարածքներում կառուցված առաջին օդանավակայանի բացման արարողությանը։

Թուրքիայի նախագահի աշխատակազմի փոխանցմամբ՝ Էրդողանը մեկօրյա աշխատանքային այցի ընթացքում Ադրբեջանի իշխանությունների հետ կքննարկի երկու երկրների հարաբերությունները, Թուրքիայի և Ադրբեջանի միջև համագործակցության հետագա խորացմանն ուղղված քայլերը։ Երկու երկրների առաջնորդները նաև մտքեր կփոխանակեն տարածաշրջանային և միջազգային ընթացիկ իրադարձությունների շուրջ։ Այլ մանրամասներ կողմերը չեն հաղորդում։

Սա Թուրքիայի նախագահի արդեն երրորդ այցն է Ադրբեջան 44-օրյա պատերազմի ավարտից հետո։ Երկու երկրների ղեկավարների չորրորդ հանդիպումը նախատեսված է Թուրքիայում նոյեմբերի 12-ին։

Ռեջեփ Էրդողանը Ֆիզուլի է այցելում արդեն երկրորդ անգամ։ Քաղաքը ադրբեջանական զինված ուժերը գրավել են անցյալ տարվա հոկտեմբերի 17-ին։ Ուղիղ մեկ տարի անց Ադրբեջանի իշխանությունները հայտարարեցին Ֆիզուլիում միջազգային օդանավակայանի շինարարության ավարտի մասին։ Ըստ այդ երկրի պաշտոնական աղբյուրների՝ միջազգային կարգավիճակ ստացած այդ օդանավակայանը ավելի վաղ հաստատվել է Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպության կողմից։ Ինչպես նշում է «Թուրան» գործակալությունը, «միջազգային բարձր չափանիշներով կառուցված Ֆիզուլիի օդանավակայանը», որը «կարող է ընդունել աշխարհում այս պահին գոյություն ունեցող բոլոր տեսակի օդանավերը, բաց է միջազգային թռիչքների համար»։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Ալիևն այցելել է ՖիզուլիՖիզուլիի օդանավակայանը միջազգային կարգավիճակ է ստացելԱլիևը և Էրդողանը կմասնակցեն Ֆիզուլիում օդակայանի բացման արարողությանը

Պաշտոնական Բաքուն հայտարարում է, որ Ալիևի հանձնարարությամբ առաջիկայում միջազգային օդանավակայաններ կկառուցվեն նաև Զանգիլանի և Լաչինի շրջաններում։

Ֆիզուլիից Էրդողանը ադրբեջանցի պաշտոնակցի ուղեկցությամբ կմեկնի Զանգիլան, որտեղ նախատեսված է «Խելացի ագրոպարկի» հիմնարկեքի արարողությունը։ Նախագիծն իրականացվում է Անկարայի աջակցությամբ, այս նորարարությամբ Ադրբեջանի իշխանությունները հույս ունեն ավտոմատացման շնորհիվ նվազագույնի հասցնել մարդուժը գյուղատնտեսական աշխատանքներում։

«Թուրան»-ի հետաքննությունը պարզել է , որ Բաքվի վերահսկողության տակ անցած տարածքներում ներդրված այդ նախագծերի ետևում կանգնած են կառավարության հետ կապ ունեցող խոշոր գործարարներ, իսկ ագրոպարկերի գլխավոր օպերատորն է Ալիևի դուստրերին պատկանող Pasha Holding-ը։