«Haberturk» թուրքական հեռուստակայանի փոխանցմամբ, Ադրբեջանի և Թուրքիայի նախագահներ Իլհամ Ալիևը և Ռեջեփ Թայիփ Էրդողանը նոյեմբերի 8-ին կմասնակցեն Ֆիզուլիի օդակայանը շահագործման հանձնելու հանդիսավոր արարողությանը:
Հեռուստակայանը նշում է, որ երկու նախագահներն այդ օրն ընտրել են «հայկական օկուպացիայից Շուշին ազատագրելու առաջին տարեդարձի կապակցությամբ»:
Ֆիզուլիի օդակայանից առաջին թռիչքները սկսվել են այս տարվա սեպտեմբերի 5-ին: Օդակայանի թռիչքուղու երկարությունը 3 կիլոմետր է, իսկ լայնությունը՝ 60 մետր:
Ըստ «Ինտերֆաքս» լրատվական գործակալության, «Ֆիզուլիի օդակայանը հագեցված է թռիչքների կառավարումը և անվտանգությունն ապահովող գերարդիական սարքավորումներով և համապատասխանում է միջազգային անհրաժեշտ չափանիշներին»:
Գործակալությունը նշում է, թե նախագահ Իլհամ Ալիևի հանձնարարությամբ մեկական օդակայան է կառուցվում նաև Լաչինում և Զանգելանում: