Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի մամուլի քարտուղարը մեկնաբանել է «ՌԻԱ Նովոստի»-ի տեղեկությունը, թե Մոսկվայում նոյեմբերի առաջին տասնօրյակում սպասվում է Փաշինյան-Ալիև-Պուտին հնարավոր հանդիպում, որի ընթացքում կողմերը եռակողմ հայտարարություններ կստորագրեն։
Դմիտրի Պեսկովը ռուսական պետական լրատվական գործակալությանն ասել է, որ եթե պայմանավորվածություն ձեռք բերվի, ապա ռուսական կողմն այդ մասին ժամանակին կտեղեկացնի։
Արդյոք նման փաստաթղթերի ստորագրում նախատեսվո՞ւմ է Մոսկվայում, Հայաստանում Ռուսաստանի դեսպանն այսօր հրաժարվեց մեկնաբանել։ Սերգեյ Կոպիրկինն «Ազատության» հարցի ի պատասխան՝ հայտարարեց՝ լրատվամիջոցների շահարկումներն ինքը չի մեկնաբանում:
«ՌԻԱ Նովոստի»-ն հնարավոր հանդիպման մասին տեղեկությունն այսօր հրապարակել էր՝ հղում անելով իր սեփական աղբյուրին։
Ավելի վաղ «Ալիք մեդիա»-ն էր գրել, որ նոյեմբերի 9-ին Հայաստանը և Ադրբեջանը Մոսկվայում երկու նոր փաստաթուղթ են ստորագրելու: Հայաստանյան լրատվամիջոցի դիվանագիտական աղբյուրների փոխանցմամբ՝ երկու փաստաթղթերը, որոնք գրեթե ավարտական տեսք են ստացել, ստորագրելու են Նիկոլ Փաշինյանն ու Իլհամ Ալիևը՝ Վլադիմիր Պուտինի միջնորդությամբ և մասնակցությամբ, եթե վերջին պահին չլինեն ֆորսմաժորային իրավիճակներ:
«Առաջին փաստաթուղթը վերաբերում է Հայաստան-Ադրբեջան պետական սահմանների սահմանազատմանը և սահմանագծմանը, որով Երևանն ու Բաքուն ճանաչելու են միմյանց սահմաններն ու տարածքային ամբողջականությունը՝ հիմք ընդունելով 1920-ական թվականների Խորհրդային Միության պաշտպանական գերատեսչության Գլխավոր շտաբի քարտեզները: Այդ քարտեզների մասին այսօր, ոչ պատահական կերպով, հիշեցրել է Վլադիմիր Պուտինը», - հայտնում է լրատվամիջոցը՝ հավելելով, որ երկրորդ փաստաթուղթն էլ տարածաշրջանում հաղորդակցությունների ապաշրջափակմանն է վերաբերվում։
Նշվում է, որ այդ փաստաթղթի վերաբերյալ վերջնական պայմանավորվածություն է ձեռք բերվել հայ-ռուս-ադրբեջանցի փոխվարչապետերի վերջին հանդիպմանը։
«Երկրորդ փաստաթուղթը, որի շուրջ ևս գրեթե վերջնական պայմանավորվածություն է ձեռք բերվել հայ-ռուս-ադրբեջանական՝ փոխվարչապետերի մակարդակով վերջին հանդիպման արդյունքներով, վերաբերում է տարածաշրջանում հաղորդակցությունների ապաշրջափակմանը, մասնավորապես ճանապարհ-միջանցքների, այդ թվում՝ Ադրբեջանի և Նախիջևանի միջև հաղորդակցության հաստատման մանրամասներին», - նշում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Մոսկվայում հանդիպում են Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի փոխվարչապետերըԱյսօր Ալիևի ու Պուտինի հետ հնարավոր հանդիպման վերաբերյալ վարչապետից էինք ցանկանում մանրամասնել իմանալ, սակայն Փաշինյանի անվտանգության աշխատողները մեզ թույլ չտվեցին մոտենալ նրան։ Հայաստանի իշխանությունները մինչ այս պահը փաստաթղթերի հնարավոր ստորագրման մասին որևէ հրապարակային հայտարարություն չեն արել։
10-ն օր առաջ Մոսկվայում Փաշինյանը հանդիպել էր Վլադիմիր Պուտինի հետ, հետո այդ հանդիպումը արդյունավետ էր որակել՝ առանց այլ մանրամասների։ Թե Փաշինյանն ու Պուտինը հոկտեմբերի 12-ին ինչ պայմանավորվածություններ էին ձեռքբերել, պաշտոնապես այդպես էլ չասվեց։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ ԼՂ խնդրի լուծման, Հարավային Կովկասում անվտանգության ապահովման հարցում Ռուսաստանն առանցքային դեր է խաղում. Փաշինյանը` ՊուտինինԼրատվամիջոցը շեշտում է, որ նոյեմբերի 9-ը հատուկ է ընտրվել: Անցյալ տարի այդ օրը Ռուսաստանի նախագահի միջնորդությամբ Հայաստանի վարչապետը և Ադրբեջանի նախագահը ստորագրեցին եռակողմ հայտարարություն, որով դադարեցվեցին ռազմական գործողությունները, իսկ շաբաթների ընթացքում հայկական ուժերը դուրս եկան Հայաստանի Հանրապետության սահմաններ: