22 գործ, դատի է տրվել 46 անձ. դատախազությունն ամփոփում է արտահերթի ընթացքում ընտրական հանցագործությունների քննության արդյունքները

Հունիսի 20-ի արտահերթ խորհրդարանական ընտրությունների ընթացքում ընտրական հանցագործությունների վերաբերյալ հարուցված ավելի քան 80 քրեական գործերով մեղադրանք է առաջադրվել 91 անձի, հայտնում է Գլխավոր դատախազությունը՝ շեշտելով՝ առերևույթ ընտրակաշառքի գործով որպես մեղադրյալ ներգրավված անձանց թիվը կազմում է ընդհանուրի շուրջ 73.5 տոկոսը:

Դատախազության փոխանցմամբ, մեղադրյալներից 8-ը եղել են ընտրություններին մասնակցած կուսակցության կամ կուսակցության դաշինքի թեկնածուներ, մասնավորապես՝ 2-ը՝ «Հայաստան» դաշինքի, 4-ը՝ «Պատիվ ունեմ» դաշինքի, 1-ը՝ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության, 1-ը՝ «Վերելք» կուսակցության պատգամավորության թեկնածուների ցուցակներում ընտգրկված անձինք:

Մեղադրյալներից 24-ի, այդ թվում՝ պատգամավորության բոլոր թեկնածուների նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը: 5 անձի նկատմամբ կալանավորումն այլ խափանման միջոցներով փոփոխվել կամ վերացվել է։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ընտրակաշառք տալու համար կասկածվող պատգամավորության թեկնածուն լքել է Հայաստանը

2021-ի հոկտեմբերի 15-ի դրությամբ ընտրական և ընտրությունների հետ կապված հանցագործությունների առթիվ քննված քրեական գործերից 22-ը մեղադրական եզրակացություններով ուղարկվել է դատարան՝ ըստ էության քննելու:

Դրանցով դատի է տրվել ընդհանուր 46 անձ, փոխանցում է Գլխավոր դատախազությունը՝ նշելով 9-ը հանդիսացել են «Հայաստան» դաշինքի, 22-ը՝ «Պատիվ ունեմ» դաշինքի, 1-ը՝ «Վերելք» կուսակցության, 1-ը՝ ԲՀԿ-ի պատգամավորական ցուցակներում ընդգրկված կամ այդ ուժերին սատարող անձինք:

Խորհրդարանական արտահերթ ընտրությունների ընթացքում առերևույթ ընտրական հանցագործությունների վերաբերյալ 39 քրեական գործի նախաքննություն շարունակվում է, առանձին գործերի վարույթներ կարճվել են, իսկ որոշները միացվել են իրար, ասված է հաղորդագրությունում:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ 37 քրգործ, 26 մեղադրյալ. դատախազությունը հրապարակել է ընտրական հանցագործությունների վերաբերյալ վերջին տվյալները