Վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ առանձին հանդիպումներ է ունեցել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցչի ու Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցչի հետ։
Հանդիպումների ընթացքում անդրադարձ է եղել տարածաշրջանային խնդիրներին, մասնավորապես, Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը։
Քաղաքագետ Ստեփան Գրիգորյանի կարծիքով՝ արևմտյան ազդեցիկ կառույցների ներկայացուցիչների այցը Հայաստան հերթական անգամ ցույց է տալիս, որ Արևմուտքն ավելացնում է հետաքրքրությունը Հայաստանի նկատմամբ։
«Եվրամիությունը, ՆԱՏՕ-ն, Միացյալ Նահանգները չեն գալիս պատերազմեն էստեղ, բայց գալիս են`ազդելու իրավիճակին, ցույց տալու համարձակությունը մեզ աջակցելու՝ Հայաստանին, տարածքային ամբողջականությունը պահպանելու համար և Արցախի հարցն արդար լուծելու համար, և Վրաստանին, որ Վրաստանին չճնշեն, Վրաստանը, գիտեք, ավելի հստակ դիրքորոշում ունի դեպի Արևմուտք, որ իր ժողովրդի ցանկությունը չոտնահարվի», - ասաց Գրիգորյանը։
Հայաստանի վարչապետը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Խավիեր Կոլոմինա Պիրիսի հետ հանդիպմանը, մասնավորապես, հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության համապարփակ կարգավորումը հայկական կողմի համար առաջնահերթություն է։ Վարչապետը կարևորել է նաև տարածաշրջանային կոմունիկացիաների բացումը։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ 44-օրյա պատերազմում Թուրքիայի դերը նվազեցրել է ՆԱՏՕ-ի հանդեպ վստահությունը. ԿարապետյանՆիկոլ Փաշինյանը կրկին անդրադարձել է Ադրբեջանում պահվող հայ գերիների խնդրին, Հյուսիսատլանտյան դաշինքի ներկայացուցչին հայտնել, որ դա ուղիղ անդրադառնում է տարածաշրջանային իրավիճակին:
Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարն ու Հայաստանի վարչապետը կարևորել են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակում բանակցային գործընթացի վերսկսումը։
«Մասամբ ակտիվություն կա նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացում»
Ըստ քաղաքագետ Ստեփան Գրիգորյանի, այս հանդիպումները փաստում են նաև, որ մասամբ ակտիվություն կա նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացում։
«Առաջինը՝ ՄԱԿ-ում Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները Մինսկի խմբի շրջանակում հանդիպեցին, հիմա այս բոլոր այցելությունների ժամանակ շոշափվում է ղարաբաղյան հարցն ու բոլորն ընդունում են, որ այո՛, բանակցային պրոցեսը պետք է վերականգնվի, որ, ի վերջո, Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը ֆիքսվի։ Երբ որ դու մնում ես միայն քո տարածաշրջանում Ռուսաստանի հետ, Թուրքիայի հետ, Ադրբեջանն ասում է՝ «լուծված է հարցը, ի՞նչ եք ուզում», նաև, այդ թվում՝ Ռուսաստանը», - ասաց Գրիգորյանը։
Ըստ քաղաքագետի, Հյուսիսատլանտյան դաշինքի և Եվրամիության ներկայացուցիչների այցը Հայաստան պետք է դիտարել նաև Հայաստան-Եվրամիություն, Հայաստան-ՆԱՏՕ համագործակցության ակտիվացման համատեքստում:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Իսպանացի Խավիեր Կոլոմինան նշանակվել է ՆԱՏՕ-ի՝ Հարավային Կովկասում բանագնացի պաշտոնում