Հայաստանը համարվում է Հյուսիսատլանտյան դաշինքի վստահելի գործընկերը, հայտարարել է Կովկասում ու Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Խավիեր Կոլոմինա Պիրիսը արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ այսօր կայացած հանդիպմանը:
Ըստ հայկական կողմի՝ ռազմական դաշինքի ներկայացուցիչը խոսել է հակամարտությունները խաղաղ ճանապարհով կարգավորելու անհրաժեշտության մասին, Հայաստանի արտգործնախարարն էլ նրա ուշադրությունը հրավիրել է դաշինքի անդամ Թուրքիայի աջակցությամբ անցած տարի Ադրբեջանի կողմից Ղարաբաղի դեմ սկսված պատերազմի վրա և շեշտել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության մանդատի ներքո հակամարտության տևական ու համապարփակ կարգավորման անհրաժեշտությունը:
Հյուսիսատլանտյան դաշինքի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչը շնորհակալություն է հայտնել ՆԱՏՕ-ի խաղաղապահ գործողություններում Հայաստանի մասնակցության համար, նշված է ԱԳՆ հաղորդագրությունում։
Երկու օր առաջ Խավիեր Կոլոմինա Պիրիսն այցելել էր Բաքու, որտեղ հայտարարել էր, որ Հյուսիսատլանտյան դաշինքը աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանը։