Վանո Սիրադեղյանի այրին` Ռուզան Տոնոյանը «Ազատությանն» է փոխանցել իր հայտարարությունը:
«Շնորհակալություն եմ հայտնում ՀՀ կառավարությանը` հանձին` վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Վանո Սիրադեղյանի հուղարկավորության կառավարական հանձնաժողով ստեղծելու և աճյունը Հայաստան տեղափոխելու անկեղծ ջանքեր գործադրելու համար:
Շնորհակալ եմ բոլոր նրանց, ովքեր այս օրերին անկեղծ ցավակցում և զորակցում են մեզ:
Ուզում եմ տեղեկացնել, որ Վանո Սիրադեղյանի «ծանր վերադարձը» Հայաստան կիրականացնեմ ես։ Խնդրում եմ զերծ մնալ ավելորդ մեկնաբանություններից և շահարկումներից»:
«Ազատության» ճշտող հարցին` արդյո՞ք հստակ է Վանո Սիրադեղյանի աճյունը Հայաստան տեղափոխելու հարցը, Տոնոյանն արձագանքեց. «Եթե հեռանկարները հստակ լինեին, «ծանր վերադարձ» չէի կոչի. «Ծանր լույս` ծանր վերադարձ»:
Հարցին ինչո՞ւ որոշեց աճյունի վերադարձի հարցով ինքը զբաղվել, արդյո՞ք սա նշանակում է, որ կառավարությունից նեղսրտած է, Վանո Սիրադեղյանի այրին միայն արձագանքեց. «Ոչ, կառավարությունից նեղսրտած չեմ», - չհստակեցնելով որոշման պատճառները:
Հայաստանի պետական, կուսակցական, հասարակական գործիչ, գրող և հրապարակախոս Վանո Սիրադեղյանը մահացել է հոկտեմբերի 15-ին՝ 75 տարեկանում։
Նրա հուղարկավորության կազմակերպման նպատակով կստեղծվի կառավարական հանձնաժողով, որտեղ կքննարկվեն սգո արարողության հետ կապված բոլոր հարցերը, «Ազատությանը» փոխանցել էին կառավարությունից` հավելելով, որ մանրամասներ կհաղորդվեն Սիրադեղյանի հոգեհանգստի և հուղարկավորության ժամկետները պարզ լինելուց հետո:
Գործադիրից, սակայն, չէին հայտնել, թե արդյոք ծրագրվում է Սիրադեղյանի դին տեղափոխել Հայաստան, որտեղ են հուղարկավորելու, և ով է գլխավորելու կառավարական հանձնաժողովը։
Առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի գլխավորած Հայ ազգային կոնգրեսը կառավարությանը կոչ էր արել Սիրադեղյանին հուղարկավորել Կոմիտասի անվան պանթեոնում՝ հաշվի առնելով «ժողովրդին նրա մատուցած ծանրակշիռ ծառայությունները՝ գրականության և պետական կառավարման բնագավառներում»:
Նրա մերձավոր Խաչատուր Սուքիասյանն էլ, անդրադառնալով Սիրադեղյանի աճյունի տեղափոխման հարցին, ասել էր, որ Սիրադեղյանն արտասահմանում այլ անունով է ապրել. «Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Վանո Սիրադեղյանը եղել է հետախուզման մեջ, Վանո Սիրադեղյանն իր անունով չի գործել այս կամ այն երկրում: Եվ այսօր բարդություններ կան... Տեխնիկական, իրավական խնդիր կա», - նշել էր Սուքիասյանը:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Սիրադեղյանի ընտանիքի` մահվան մասին հայտարարությունից 7 օր անց դեռ ցավակցական նամակ չի հղել: