«Ադրբեջանը Իրանին է վերադարձրել բեռնատարների երկու վարորդներին, որոնք ձերբակալվել էին Հայաստանից Ղարաբաղ մտնելու փորձի ժամանակ», - հայտարարել է Ադրբեջանի պետական մաքսային կոմիտեն։
«Ադրբեջանի Հանրապետությունը, ելնելով հումանիզմի, փոխադարձ հարգանքի և բարիդրացիության սկզբունքներից, ու ցուցաբերելով բարի կամք, համաձայն համապատասխան պայմանավորվածության, հոկտեմբերի 21-ի առավոտյան Իրանին վերադարձրեց այդ երկրի երկու քաղաքացու», - ասված է հաղորդագրությունում:
Գերատեսչությունը նշում է, որ իրանցի վարորդները բերման էին ենթարկվել «Ադրբեջանի մաքսային սահմանով մաքսանենգ ճանապարհով ապրանքներ տեղափոխելու, ինչպես նաև երկրի պետական սահմանն առանց փաստաթղթերի հատելու և անցակետերը շրջանցելու համար»:
Նախօրեին իրանական Մեհր լրատվական գործակալությունը հաղորդել էր, որ Իրանի տրանսպորտի և քաղաքաշինության նախարարության համապատասխան վարչությունը երկրի բեռնափոխադրող ընկերություններին գրավոր կարգադրություն էր ուղարկել՝ իրանցի վարորդների և քաղաքացիների հորդորելով Հայաստանի կողմից մուտք չգործել ադրբեջանական տարածք համարվող Լաչին և Լեռնային Ղարաբաղ: Միևնույն ժամանակ իրանական միջազգային բեռնափոխադրող ընկերություններին խորհուրդ է տրվել Ղարաբաղի հայկական մասում էլ առևտրային գործունեություն չծավալել:
Սեպտեմբերի 12-ին Գորիս-Կապան միջպետական ճանապարհի Որոտանի հատվածում Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող Էյվազլի բնակավայրի մոտ ադրբեջանական ոստիկանությունը նոր հսկիչ կետ էր հիմնել՝ սկսելով կանգնեցնել և ստուգել իրանական բեռները Հայաստան տեղափոխող վարորդներին, նաև նրանցից ճանապարհային տուրք պահանջել: Արդյունքում սեպտեմբերի 15-ին երկու իրանցի վարորդ ձերբակալվել էին Ադրբեջանի իրավապահ մարմինների կողմից:
Այս միջադեպը լարվածության պատճառ էր դարձել իրանա-ադրբեջանական հարաբերություններում: Ադրբեջանի պետական մաքսային կոմիտեն հայտարարել էր, որ իրեց տարածքով անցնող իրանական բեռնատարերից մաքսային վճար պահանջելը համապատասխանում է երկրի կանոնադրությանը: Իրանի արտաքին գործերի նախարարությունն էլ հայտարարել էր՝ Թեհրանը հարգում է հարևան երկրների տարածքային ամբողջականությունը, նաև հույս էր հայտնել, որ ձերբակալված երկու իրանցի վարորդներն անհապաղ ազատ կարձակվեն:
Կրքերը է'լ ավելի բորբոքվեցին, երբ Իրանի գերագույն հոգևոր առաջնորդը, ապա նաև երկրի արտգործնախարարը հայտարարեցին, թե չեն հանդուրժի սիոնիստների և ահաբեկիչների ներկայությունն իրենց սահմանների անմիջական հարևանությամբ: Ի պատասխան, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը զգուշացրել էր Իրանին՝ չխառնվել իրենց ներքին գործերին:
Թեհրանից և Բաքվից հնչող փոխադարձ մեղադրանքներն ու սպառնալիքները ուղեկցվել էին նաև լայնածավալ զորավարժություններով միմյանց սահմանների մոտ: Ցամաքային վարժանքներից հետո այսօր առավոտյան Իրանի ռազմաօդային ուժերն են մասշտաբային զորավարժություն սկսել:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Միրզոյանն ու Իրանի դեսպանը քննարկել են իրավիճակը Գորիս-Կապան ճանապարհահատվածում ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Թեհրանից պնդում են` Բաքվի համագործակցությունը Իսրայելի հետ կարող է սպառնալիք դառնալ հենց Ադրբեջանի համարԵրկու հարևանների միջև առաջացած լարվածությանը ուշադրությամբ հետևում են տարածաշրջանի մյուս երկրները: Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը այսօր հայտարարել է, թե չի կիսում այն կարծիքը, որ Իրանի և Ադրբեջանի հարաբերությունների սրացումը կարող է զինված բախման վերաճել. - «Իրանը Ադրբեջանին թիրախ չի դարձնի Իսրայելի հետ Բաքվի հարաբերությունների պատճառով: Իրանում ադրբեջանցի բնակչության ներկայությունն անհերքելի է։ Եվ այս հանգամանքը, իհարկե, մտածելու տեղիք է տալիս: Ամեն ինչ այդքան հեշտ չէ: Սա սխալ մոտեցում է: Կարծում եմ, որ Իրանի նոր ղեկավարությունը չի շարունակի նույն սխալը»:
Ռուսաստանը ևս հույս ունի, որ Բաքուն ու Թեհրանը ծագած հակասությունները կարող են հարթել դիվանագիտական ճանապարհով: «Մոսկվան հետևողականորեն հանդես է գալիս Իրանի և Ադրբեջանի միջև սահմանային լարվածության նվազման օգտին», - այսօր հայտարարել է Ռուսաստանի ԱԳ խոսնակ Մարիա Զախարովան: