Մատչելիության հղումներ

Միրզոյանն ու Իրանի դեսպանը քննարկել են իրավիճակը Գորիս-Կապան ճանապարհահատվածում


ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյան, արխիվ
ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյան, արխիվ

Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը և Իրանի դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրին այսօր անդրադարձել են տարածաշրջանային անվտանգության ու կայունության հարցերին: ԱԳ նախարարի պնդմամբ` Ադրբեջանի սադրիչ գործողություններն ու նկրտումները Հայաստանի ինքիշխան տարածքի նկատմամբ խաթարում են տարածաշրջանում խաղաղությանն ու զարգացմանն ուղղված ջանքերը:

«Հայկական կողմը նշել է, որ բարձր է գնահատում Հայաստանի տարածքային ամբողջականության վերաբերյալ Իրանի դիրքորոշումը», - նշված է ԱԳՆ-ի հաղորդագրության մեջ։

Ըստ դրա` հանդիպմանը քննարկվել է նաև իրավիճակը Գորիս-Կապան ճանապարհահատվածում, որտեղ արդեն մոտ երեք շաբաթ է` ադրբեջանական անցակետ է տեղադրված, և այնտեղով անցնելու համար իրանցի բեռնատարների վարորդները պետք է գումար վճարեն որպես մաքսատուրք: Արարատ Միրզոյանը դեսպանին տեղեկացրել է, որ այլընտրանքային ճանապարհ է կառուցվում, ներկայացրել է դրա, ինչպես նաև «Հյուսիս-հարավ» մայրուղու աշխատանքների ընթացքը։

Երեկ ընդունելով դեսպանին` փոխվարչապետ Պապիկյանը հայտնել էր, որ այլընտրանքային ճանապարհների կառուցումը Հայաստանի կառավարության առաջնահերթություններից է, և տեղեկացրել, որ Տաթև-Կապան ճանապարհի կառուցումը նախատեսվում է ամբողջությամբ ավարտին հասցնել մինչև նոյեմբերի վերջ:

Այս ամիս ադրբեջանցի ոստիկանները Գորիս-Կապան ավտոմայրուղու Որոտանի հատվածում տեղակայված իրենց հսկիչ կետում սկսեցին կանգնեցնել իրանական բեռնատարների վարորդներին, ստուգել փաստաթղթերը, գումար պահանջել` հիմնավորելով, որ իրենց երկրի տարածք մուտք գործելու համար հարկ պետք է վճարեն։ Իրանցի երկու վարորդ ձերբակալվել է, նրանց ճակատագիրը մինչ օրս հայտնի չէ:

Հաղորդվում է, որ նախարարն ու դեսպանը կարևորել են առևտրատնտեսական ոլորտում համագործակցության ընդլայնումը, ինչը հնարավորություն կտա առևտրաշրջանառությունը հասցնել մինչև 1 մլրդ դոլարի, նաև` գազ՝ էլեկտրաէներգիայի դիմաց ծրագրի ծավալների մեծացման հեռանկարները:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG