Խմելու ջրի սակագինը կարող է 20 դրամով բարձրանալ

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Գարեգին Բաղրամյան

«Մինչև 2024 թվականը Հայաստանում խմելու ջրի թանկացում տեղի չի ունենալու», - 2018 թվականի խորհրդարանական ընտրությունների քարոզարշավի ժամանակ խոստացել էր Նիկոլ Փաշինյանը։

Չնայած վարչապետի այս խոստմանը, այսօր Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի (ՀԾԿՀ) նախագահ Գարեգին Բաղրամյանը հայտարարեց, որ ջրի սակագինը գործող 180-ից կարող է դառնալ 200 դրամ։

Ֆրանսիական «Վեոլիա ջուրը» ամռանը սակագինը 43 դրամով բարձրացնելու ու 223 դրամ դարձնելու հայտ է ներկայացրել։ Ուսումնասիրելով հայտը, սակագները վերասկող պետական հանձնաժողովը առաջարկում է սոցիալապես անապահով սպառողների համար բարձրացում չանել, իսկ մյուս սպառողների համար սահմանել մոտ 200 դրամ կայուն գին՝ առաջիկա տասը տարվա համար. - «Վարձակալության պայմանագրում այնպիսի փոփոխություններ անենք, որ առաջիկա տասը տարվա համար, այսինքն՝ տասը տարի է մնացել վարձակալությանը, էդ ամբողջ ժամանակահատվածի համար ունենանք կայուն գնային քաղաքականություն»։

Գնային փոփոխությունները ուժի մեջ կմտնեն 2022 թվականի հունվարի 1-ից։ Մինչ այդ, սակայն, առաջիկայում հանձնաժողովում պետք է նիստ գումարվի, որտեղ կքննարկվի «Վեոլիա ջրի» հայտը, նաև հանձնաժողովի առաջարկը, և արդյունքում կընդունվի որոշումը։

«Դա ենթադրում է որոշակի սակագնի բարձրացում, բայց որը կմնա կայուն տասը տարիների ընթացքում», - նշեց Բաղրամյանը։

Սակագնի այս բարձրացումը տեղի է ունենում ընկերությունից սպառողների դժգոհության ֆոնին, որոնց մի մասը քաղաքացիները հենց քարոզարշավների ընթացքում Նիկոլ Փաշինյանի մոտ էին բարձրացրել։ «Վեոլիա ջուրը», որը 2017 թվականից է ստանձնել Հայաստանի ողջ տարածքում ջրի միասնական օպերատորի պարտականությունները, իսկ դրանից առաջ էլ շուրջ 10 տարի կառավարել է մայրաքաղաքի ջրմուղկոյուղին, անընդհատ խոսում է խոշոր կորուստների մասին։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Սպառողների դժգոհության ֆոնին «Վեոլիան» ցանկանում է ջրի սակագինը զգալիորեն բարձրացնել

Փորձագետները գլխավոր խնդիրը հենց այստեղ են տեսնում։

«Մենք չպետք է մոռանանք, որ պայմանագրի կարևորագույն կետերից մեկը կորուստների կրճատումն է։ Կորուստների կրճատում, որը նաև կբերեր սակագնի ոչ թե բարձրացում, այլ իջեցում։ Արդյո՞ք այսօր կա կորուստների կրճատում, արդյո՞ք գրանցվում են այդ կրճատումները, ինչո՞ւ միշտ խոսվում է 80 և ավելի տոկոս կորուստների մասին», - ասում է Ջրային կոմիտեի նախկին նախագահ Ինեսսա Գաբայանը։

Հանձնաժողովի նախագահը, սակայն, ընկերության աշխատանքի որակի մասին խոսել չցանկացավ՝ ասելով, թե վարձակալության պայմանագրում կան հստակ չափորոշիչներ և առանձին վարույթներ հարուցելու ընթացակարգեր՝ դրանց խախտման դեպքում։

Ինչ վերաբերում է գազի գնին, ապա Գարեգին Բաղրամյանը փոխանցեց, որ այս փուլում ոչինչ ասել դեռ չի կարող, քանի որ բանակցություններ են ընթանում սահմանին գազի գնի վերաբերյալ։

Մհեր Գրիգորյան

Երեկ լրագրողների հետ զրույցում թեմային անդրադարձել էր նաև փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը և առանց հստակ մանրամասներ փոխանցելու՝ ասել, որ հաջողվել է ռուսաստանյան «Գազպրոմի» հետ համաձայնության գալ. - «Ըստ էության, բուն սահմանին գազի գնի հետ կապված և Հայաստանի Հանրապետության տարածքում գործող սակագնի հետ կապված մենք կոնսենսուս ունենք։ Որովհետև, եթե հիշում ենք, մենք դա դեռևս 19 թվականից ծանր, երկարատև և շատ բազմաբաղադրիչ բանակցությունների մեջ ենք եղել, և կարծում եմ, բավականին խորը քննարկել ենք այդ հարցը, և որոշակի իմաստով, նաև համաձայնեցրել ենք»։

Ավելի վաղ կառավարությունից «Ազատությանը» փոխանցել էին, որ «Գազպրոմի» հետ բանակցում են սահմանին գազի գինը «առնվազն նույնը պահպանելու ուղղությամբ»։

Եթե փոխվարչապետը պնդում է, որ համաձայնություն կա, կարելի՞ է ենթադրել, որ գազի գինը սահմանին չի փոխվի։ Այս հարցին Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահը պատասխանեց՝ բանակցությունները ավարտված կարելի է համարել, միայն երբ միջկառավարական համաձայնագիր ստորագրվի. - «Քանի դեռ փաստաթուղթը չկա, ուզում եմ ձեռնպահ մնալ այդ հարցին պատասխանելուց»։

Այս պահին սահմանին գազի գինը հազար խորանարդի համար 165 դոլար է, իսկ բնակարաններում մարդիկ վճարում են գրեթե 290 դոլար կամ մոտ 75 տոկոսով թանկ, քան սահմանին գազը ստանում է «Գազպրոմ Արմենիան»։