Զանգվածային ջրանջատումների հարցով Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպանը (ՄԻՊ) դիմել է «Վեոլիա Ջուր», ՀԷՑ և ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով:
ՄԻՊ-ը հայտնում է, որ ստացած բողոքների ու ահազանգերի համաձայն` ջրանջատումներն իրականացվում են առանց մարդկանց այդ մասին նախապես ծանուցելու կամ ծանուցումն իրականացվել է ջրանջատումներից հետո` ուշացումներով: «Վեոլիա Ջուր» ՓԲ ընկերության պաշտոնական կայքէջում, համաձայն հաղորդագրության, ջրանջատումների մասին տեղեկատվությունը նույնպես տեղադրվել է ուշացումով, ինչի հետևանքով քաղաքացիները չեն ունեցել ու չեն ունենում ջուր հավաքելու հնարավորություն։
«Դրանից բացի, ըստ բողոքների, մարդիկ չեն կարողանում կապ հաստատել «Վեոլիա Ջուր» ՓԲ ընկերության հետ «թեժ գծի» հեռախոսահամարով ջրի մատակարարման դադարեցման պատճառների և ջրամատակարարման վերականգնման ժամկետների մասին տեղեկություններ ստանալու նպատակով», - ասված է հաղորդագրությունում։
Պաշտպանի դիտարկմամբ՝ անթույլատրելի է այն, որ ամռանն ու կորոնավիրուսի (COVID-19) առկայության պայմաններում մարդիկ զրկված են ջրի և սանիտացիայի հասանելիությունից և անձնական հիգիենայի կանոնները պահպանելու հնարավորությունից։
ՄԻՊ աշխատակազմում նախաձեռնվել է վարույթ, պարզաբանումներ են պահանջել «Վեոլիա Ջուր» ՓԲ ընկերությունից, ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովից, «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲ ընկերությունից։