Ղարաբաղյան երկրորդ պատերազմն արձանագրել է Կովկասում Ռուսաստանի ընդհանուր դիրքերի լուրջ թուլացում, «Ազատության» «Կիրակնօրյա վերլուծական Հրայր Թամրազյանի հետ» հաղորդման ժամանակ ասաց Մոսկվայի Կարնեգի կենտրոնի տնօրեն, փորձագետ Դմիտրի Տրենինը։
Նրա խոսքով՝ այժմ Մոսկվան ստիպված է համաձայնել, որ Ղարաբաղյան կարգավորման մյուս արտաքին կողմը Թուրքիան է:
«Մոսկվան հույս ուներ, որ դաշնակցային հարաբերություններ պահպանելով Հայաստանի հետ և գործընկերային հարաբերություններ Ադրբեջանի հետ, երկու կողմին զինելով և ունենալով առաջին ձեռքից տեղեկություն այն մասին, թե ինչ է կատարվում տարածաշրջանում՝ կկարողանա վերահսկել իրադարձությունները: Սակայն առաջին Ղարաբաղյան պատերազմից հետո 26 տարիների ընթացքում Մոսկվայի, ինչպես նաև Մինսկի խմբի այլ համանախագահների՝ կողմերի միջև խաղաղ համաձայնագիր կնքելու ջանքերը ապարդյուն դուրս եկան», - ասաց փորձագետը։
Անհաջող էր նաև Ռուսաստանի հավասարակշռման քաղաքականությունը, շեշտեց Դմիտրի Տրենինը՝ պարզաբանելով՝ Ադրբեջանը գտավ իրական, հզոր և հավակնոտ դաշնակից ի դեմս Թուրքիայի, որը լրջորեն օգնեց ոչ միայն վերազինելու և վերապատրաստելու Ադրբեջանի զինված ուժերը, այլև անմիջապես օգնեց Ադրբեջանին՝ հասնելու ռազմական հաջողության Երկրորդ ղարաբաղյան պատերազմի ժամանակ։
Մոսկվան, ըստ փորձագետի, շարունակում է մնալ Լեռնային Ղարաբաղում իրավիճակի զարգացման առանցքային արտաքին գործոն, սակայն այլևս ոչ գերիշխող։
Լեռնային Ղարաբաղում հրադադար հաստատելու հարցով Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի առաջնորդների միջև 2020-ի նոյեմբերի 9-ին ստորագրված եռակողմ հայտարարությունը տարածաշրջանում նախատեսում էր բացառապես ռուսաստանյան խաղաղապահների ներկայություն։ Եռակողմ պայմանավորվածության ձեռքբերումից հետո, սակայն, Բաքուն հայտնեց, թե տարածաշրջանում իր ներկայությունը կունենա նաև թուրքական զինվորական անձնակազմը, հաջորդ օրը Թուրքիայի և Ռուսաստանի պաշտպանության նախարարները համատեղ դիտորդական կենտրոն ստեղծելու վերաբերյալ հուշագիր ստորագրեցին: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարեց, որ կենտրոնը կտեղակայվի Աղդամի տարածաշրջանում:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ռուս-թուրքական համատեղ կենտրոնն Ադրբեջանում կսկսի գործել հունվարիցՀարցին, թե համաձայնելով Թուրքիայի հետ համատեղ մասնակցել Աղդամում տեղակայված մոնիթորինգային կենտրոնի աշխատանքին՝ Մոսկվան ճանաչե՞լ է Թուրքիային որպես Կովկասում լեգիտիմ դերակատար, Տրենինը պատասխանեց․ - «Այո՛, այդպես է: Թուրքիան չի կարող լինել միջնորդ, որովհետև բացահայտ հանդես է գալիս ադրբեջանամետ դիրքորոշմամբ, Ադրբեջանի դաշնակից է և Հայաստանի հետ ակնհայտորեն թշնամական հարաբերությունների մեջ է»:
Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք դիտել ստորև․