Ստեփանակերտի հոսպիտալում վիրավոր զինծառայողների ապաքինումն ընթանում է առանց բարդությունների

Լուսանկարը՝ Արցախի ՊՆ մամուլի ծառայության

Հոկտեմբերի 14-ի սահմանային միջադեպի հետևանքով վիրավորված և Ստեփանակերտի կենտրոնական զինվորական հոսպիտալում բուժվող զինծառայողների ապաքինումն ընթանում է առանց բարդությունների, և ժամանակ անց նրանք հնարավորություն կունենան վերադառնալու իրենց ծառայողական պարտականություններին: Այսօր հոսպիտալ այցելած Արցախի պաշտպանության նախարար, Պաշտպանության բանակի հրամանատար Կամո Վարդանյանին այդ մասին հայտնել են զինվորական բժիշկները:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ադրբեջանի ԶՈւ-ը կրակ են բացել ՊԲ հենակետի ուղղությամբ, կա 6 վիրավոր. Արցախի ՊՆ

Արցախի պաշտպանության նախարարության մամուլի ծառայության հաղորդագրության համաձայն՝ գեներալ-մայոր Վարդանյանն այցելել է նաև հակառակորդի կողմից թիրախավորված մարտական դիրք, տեղում գնահատել օպերատիվ-մարտավարական իրադրությունը և հետագա անելիքների վերաբերյալ հանձնարարականներ տվել համապատասխան պաշտոնատար անձանց:

Հինգշաբթի երեկոյան հայկական կողմը հաղորդեց, որ ադրբեջանական ուժերը կրակ են բացել Արցախի արևելյան սահմանագոտում տեղակայված ՊԲ մարտական հենակետի ուղղությամբ, ինչի արդյունքում հրազենային վիրավորում է ստացել 6 զինծառայող:

Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը երեկ առավոտյան «Ազատությանը» հայտնել էր, որ 6 զինծառայողներից 3-ի վիրավորումը շատ թեթև էր, «3-ը վիրահատություն են տարել, 3-ից 2-ը ծանր իրավիճակում են, բայց փառք Աստծո, որ 3-ի վիրահատություններն էլ շատ բարեհաջող են անցել»:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Առավոտյան իրավիճակը դիրքերում հանգիստ է. Արցախի օմբուդսմեն