ԱՆ-ն քննարկում է չպատվաստված քաղաքացիների համար քովիդի բուժումը վճարովի դարձնելու հարցը

Երևան, 14-ը հոկտեմբերի, 2021թ.

Առողջապահության նախարարությունը քննարկում է կորոնավիրուսի բուժումը վճարովի դարձնել չպատվաստված քաղաքացիների համար։ Նոր փոփոխությունը հավանաբար դեկտեմբերից ուժի մեջ կմտնի, եթե ի վերջո որոշումն ընդունվի, «Ազատությանը» փոխանցեց առողջապահության փոխնախարար Գևորգ Սիմոնյանը` հավելելով, թե ծայրահեղ, բայց արդար որոշում կլինի:

Կորոնավիրուսից բուժման ծախսը տատանվում է՝ կախված հիվանդության ընթացքի ծանրությունից, բայց նախնական հաշվարկով այն չպատվաստված քաղաքացիների համար կարող է արժենալ միջինը 800 հազար դրամ։ «Մի քանի հարյուր հազար դրամից մինչև միլիոն և ավելի կարող է լինել», - ասաց նա:

Ինչո՞ւ է Առողջապահության նախարարությունը ցանկանում նման կտրուկ քայլի գնալ, փոխնախարարը երկու հիմնական պատճառ է նշում։ Ասում է՝ այս քայլով ոչ թե ցանկանում են քաղաքացիների ֆինասական բեռն ավելացնել, այլ պատասխանատվության զգացումը բարձրացնել։

«Պատվաստումների դանդաղ տեմպերը բերում են այդ մտքին: Երկրորդը` պետության կողմից ծախսվող հսկայական միջոցները, որոնք անսպառ չեն: Այդ գումարները ներդրվում են մնացած տարբեր ծրագրերից` այլ հիվանդությունների մասով քիչ են վճարվում, կամ ընդհանուր այլ պետական ծրագրերի մասով քիչ են վճարվում, խնայողություններ են արվում», - նկատեց Գևորգ Սիմոնյանը:

Իրանի քաղաքացիները գիշերում են Երևանի Հյուսիսային պողոտայում` սպասելով պատվաստման իրենց հերթին, 13-ը հուլիսի, 2021թ.

Կորոնավիրուսի առաջին դեպքի գրանցումից ի վեր բուժծառայությունների համար պետությունն, ըստ պաշտոնական տվյալների, ավելի քան 80 միլիոն դոլար է ծախսել։ Հայաստանը պատվաստումներով շարունակում է հետ մնալ տարածաշրջանի մյուս երկրներից։ Առնվազն մեկ դեղաչափ պատվաստանյութ ստացել է բնակչության ընդհանուր թվի շուրջ 15 տոկոսը, մինչդեռ օրինակ` հարևան Վրաստանում այդ ցուցանիշը շուրջ 25, իսկ Ադրբեջանում 48 տոկոս է։

«Կստեղծվի մի իրավիճակ, որ մարդկանց մեծ զանգված չի կարողանա իրեն թույլ տալ բուժվել»

Նման կտրուկ փոփոխությունը վտանգներ է պարունակում, հարցին զգուշավոր մոտեցում է պետք, ասում է հանրային առողջության մասնագետ Դավիթ Մելիք-Նուբարյանը. «Նման քննարկումններ ընթանում են, որոշ երկրներում եղել են: Օրինակ` Գերմանիայում դեբատներ եղել են, բայց ընդհանուր առմամբ այդ դեբատները լայն տարածում չեն ստացել»:

Եթե նախարարությունը որոշի վճարովի դարձնել քովիդի բուժումը, ծայրահեղ ծանր դեպքերն ու մահացածությունը կավելանան, քանի որ շատերը կխուսափեն դիմել բուժօգնության, կարծում է Մելիք-Նուբարյանը:

«Մեր երկրում համաձայն պաշտոնական վիճակագրության` բնակչության 71 տոկոսը չի կարող իրեն թույլ տալ անսպասելի ծախս 45 հազար դրամից ավելի։ Այսինքն՝ կստեղծվի մի իրավիճակ, որ մարդկանց մեծ զանգված չի կարողանա իրենց թույլ տալ բուժվել, փոխարենը կսկսեն զբաղվել ինքնաբուժությամբ», - ասաց նա:

Պատվաստումների թվի ավելացմանը ոչ թե նման կտրուկ փոփոխություններով պետք է ազդել, այլ մարդկանց բացատրելով, որ պատվաստվելը վատ բան չէ, համոզված է մասնագետը։ Առողջապահական համակարգում պետք է փոխվի մարդկանց հետ հաղորդակցման ռազմավարությունը: Նա վկայակոչում է սոցհարցումները, որտեղ «վառ արտահայտված հակապատվաստումային տրամադրվածություն ունեցող» մարդիկ ընդամենը 7 տոկոսն են. «Մնացածը այս կամ այն պայմաններով պատրաստ է փոխել իր կարծիքը, եթե իրենց հարցերի պատասխանները ստանան, բայց քարոզչությունը չի տալիս այդ հարցերի պատասխանները», - նշեց նա:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ըստ նախագծերի` գործատուն իրավունք կունենա ազատել պատվաստման հավաստագիր կամ թեստի պատասխան չներկայացնողներին

Չպատվաստվածների համար կորոնավիրուսի բուժումը վճարովի դարձնելուն կտրականապես դեմ են արտահայտվում հենց չպատվաստվածները: «Ազատության» հարցմանը մասնակցած պատվաստված կամ պատվաստվել պատրաստվող քաղաքացիներն էլ հիմնականում կողմ են կորոնավիրուսի բուժումը վճարովի դարձնելուն։

Վարակման դեպքերի այս տարվա ամենամեծ թիվն է արձանագրվել

Մինչ նախարարությունը քննարկում է հերթական խստացումը մտցնելու հարցը, բուժհաստատությունները շարունակում են գերծանրաբեռնված աշխատել: Քովիդի բուժման համար արդեն գրեթե ազատ մահճակալ չկա, նույն իրավիճակն է վերակենդանացման բաժանմունքներում։ Երեկ Հայաստանում արձանագրվել է վարակման դեպքերի այս տարվա ամենամեծ թիվը՝ կորոնավիրուսի 1589 նոր դեպք է գրանցվել, քովիդից 29 մարդ է մահացել։

«Այսօր հիվանդանոցում բուժման մեջ գտնվող բացարձակ գերակշիռ մասը` 95 տոկոս և ավելի, չպատվաստված քաղաքացիներն են, որոնք հիվանդանոցում հայտնվում են ծանր, ծայրահեղ վիճակում, ցավոք շատ հաճախ լինում է բուժման ելքը բացասական», - «Ազատությանը» փոխանցեց Սուրբ Գրիգոր Լուսավորիչ ԲԿ բուժական գծով փոխտնօրեն Պետրոս Մանուկյանը:

Անցած 7 օրերի ընթացքում Հայաստանում քովիդից 209 մարդ է մահացել։ Նման պատկեր կարող էր չլինել, եթե պատվաստումների թիվը մեծ լիներ, ասում են մասնագետները։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ռուսաստանում՝ կորոնավիրուսի նոր ռեկորդներ, Վրաստանում մահացությունը կրկին աճում է
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ COVID-19-ով վարակվածների բնական իմունիտետը կարող է պահպանվել ավելի քան մեկ տարի․ հետազոտություն