Աշխարհի 2022 թվականի առաջնության որակավորման փուլի 7-րդ տուրին ընդառաջ Հայաստանի հավաքականը 11 միավորով ենթախմբում երկրորդն է, առաջին տեղում Գերմանիան է՝ 15 միավորով։ Իսլանդիայի հավաքականը 4 միավորով նախավերջին տեղում է։
Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսը խաղից առաջ լավատես է. - «Իսլանդացիները նվիրված են խաղում, այդ թիմը որակներ ունի, որոնք երևացին առաջին խաղի ընթացքում։ Իսլանդիայի հանդեպ ամենայն հարգանքով հանդերձ՝ եթե մենք մեր արդեն ցուցադրած մակարդակի վրա լինենք ու մարզական բախտը մեր կողմը լինի, կարող ենք լավատես լինել»։
Հայաստանի և Իսլանդիայի հավաքականների միջև մարտին կայացած երևանյան խաղն ավարտվել էր Հայաստանի ընտրանու 2-0 հաշվով հաղթանակով։
«Այս խաղում միգուցե տակտիկան նորամուծություններ լինեն», - նախաղային ասուլիսի ընթացքում երեկ ասաց գլխավոր մարզիչը։ - «Սակայն դրանք շատ չեն լինի, որովհետև մենք արդեն հստակ խաղային ձեռագիր ունենք։ Մենք ուզում ենք, որ մրցակիցները մեզ ճանաչեն մեր ոճի շնորհիվ, բայց միաժամանակ ցանկացած խաղ այլ պատմություն է, և կարող են որոշ նոր բաներ լինել»։
Հայաստանի հավաքականը աշխարհի առաջնության որակավորման փուլի առաջին երեք խաղերն ավարտեց հաղթանակներով՝ պարտության մատնելով Լիխտենշտեյնին, Իսլանդիային և Ռումինիային, սակայն սեպտեմբերյան 3 խաղերում արդեն թիմն ընդամենը 2 միավոր վաստակեց, նախ ոչ-ոքի խաղաց Հյուսիսային Մակեդոնիայի հետ, ապա խոշոր՝ 6-0 հաշվով պարտվեց Գերմանիային, և վերջապես սեփական հարկի տակ չկարողացավ հաղթել խմբի հետնապահ Լիխտենշտեյին։ Այս երեք խաղերում Հայաստանի հավաքականն ընդամենը մեկ գոլ խփեց։
Խոակին Կապառոսը հույս ունի, որ վերջին երեք խաղերի տրամաբանությունն այլևս չի կրկնվի։ Նա ասաց, որ լինում են և վերելքներ և անկումներ։
Հանդիպմանն ընդառաջ Հայաստանի հավաքականը համալրում ունեցավ, թիմին է միացել արգենտինահայ կիսապաշտպան Լուկաս Սելարայանը, որը հանդես է գալիս ամերիկյան MLS-ի Columbus Crew ակումբում և այդ թիմի առաջատարներից է։ Ըստ հեղինակավոր «Տրանսֆերմարկետի», Սելարայանը MLS-ի ամենաթանկ ֆուտբոլիստներից է՝ 10 միլիոն եվրո արժեքով։ Հայաստանի ընտրանու ֆուտբոլիստներից, ըստ նույն աղբյուրի ավելի բարձր արժեք ունի միայն թիմի ավագ Հենրիխ Մխիթարյանը։
Հայկական արմատներ ունեցող, Արգենտինայում ծնված 29-ամյա ֆուտբոլիստը խոստովանում է, որ Հայաստանի պատմությունը նախկինում շատ չի ուսումնասիրել, սակայն այժմ հետաքրքրվում է։
Երեք օր անց Հայաստանի ընտրանին դրսում կխաղա Ռումինիայի ընտրանու հետ։ Որակավորման փուլի վերջին երկու խաղերը հավաքականը կանցկացնի նոյեմբերին Երևանում։
Քաթարում կայանալիք աշխարհի առաջնությանը մասնակցելու ուղեգիր կնվաճեն խմբերում առաջին տեղը զբաղեցրած թիմերը, իսկ այն հավաքականները, որոնք մրցաշարը կեզրափակեն երկրորդ տեղում, կշարունակեն պայքարը փլեյ-օֆում։