Միջանցքի հարց երբեք չի քննարկվել, չի քննարվում և չի քննարկվելու, այս թեման այլևս փակված է, այսօր «Ազատության» հետ զրույցում ասաց Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։
Հարցին, թե որևէ մեկի վերահսկողությամբ Հայաստանի տարածքով ճանապարհ չի՞ տրվելու, Գրիգորյանն այսպես արձագանքեց․ - «Հայաստանում սուվերեն միջանցք չի լինելու, այսինքն՝ Հայաստանի ամբողջ տարածքը վերահսկելու է Հայաստանի Հանրապետությունը»։
Ադրբեջանը պարբերաբար խոսում է «Զանգեզուրի միջանցքի» մասին, պաշտոնական Երևանը, սակայն, բազմիցս հայտարարել է, որ չի քննարկել և չի քննարկելու «միջանցքային տրամաբանությունը»՝ ընդգծելով, որ 44-օրյա պատերազմում հրադադարի մասին նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունում խոսքը տարածաշրջանում տրանսպորտային հաղորդակցությունները բացելու մասին է։
«Պուտին-Փաշինյան հանդիպման օրակարգը լայն տարածաշրջանային կոնտեքստ ունի»
Առաջիկայում Մոսկվայում կհանդիպեն Հայաստանի և Ռուսաստանի ղեկավարները. «Այս պահին օրակարգում վարչապետի այցն է Մոսկվա և նախագահ Պուտինի հետ հանդիպումը»: Գրիգորյանի խոսքով՝ հիմնականում «քննարկվելու է հայ-ռուսական օրակարգը, որը նաև լայն տարածաշրջանային կոնտեքստ ունի»։
Հանդիպման ժամկետները մոտավոր հստակեցված են, բայց այդ մասին, ըստ ԱԽ քարտուղարի, պաշտոնական հայտարարություն կլինի։
Ի՞նչ օրակարգով է Հայաստանը պատրաստ բանակցել Ադրբեջանի հետ
Օրերս Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպելու պատրաստակամության, նաև երկու երկրների արտաքին գերատեսչությունների ղեկավարների մակարդակով բանակցություններ կազմակերպելու հնարավորության մասին:
«Ես պատրաստ եմ մեր ունեցած բոլոր քարտեզներն ինձ հետ տանել և Ադրբեջանի նախագահին կոչ եմ անում իր հետ բերել մեր բոլոր գերիներին», - ասել էր Փաշինյանը։ Ալիևը ևս Փաշինյանի հետ հանդիպման պատրաստակամություն է հայտնել։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Փաշինյանը հայտարարում է Ալիևի հետ հանդիպելու պատրաստակամության մասին ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Իլհամ Ալիևը պատրաստ է հանդիպել Նիկոլ Փաշինյանի հետՀարցին, թե ի՞նչ օրակարգով է Հայաստանը պատրաստ բանակցել Ադրբեջանի հետ, Արմեն Գրիգորյանը պատասխանեց՝ օրակարգը հիմնականում կապված է լինելու Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի հետ։
«Քանի որ օրակարգը ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում է, բնականաբար, Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման շուրջ քննարկումներն են և դրա հետ կապված խնդիրների քննարկումը։ Վարչապետը հրապարակային խոսել է նաև հնարավոր հանդիպման շրջանակներում նաև բոլոր գերիներին վերադարձնելու գործընթացը վերջնական կետին հասցնել, այսինքն` Բաքվում գտնվող բոլոր հայ գերիների Հայաստան վերադարձնելը և հնարավոր ականապատման դաշտերի, որոնք մնացել են, դեռ հայկական կողմի մոտ են, վերադարձնելն Ադրբեջանին, նաև ընդհանուր այլ հարցեր քննարկելու, բայց օրակարգը հիմնականում կապված է լինելու Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի հետ», - նշեց ԱԽ քարտուղարը։
Դիտարկմանը, թե երբ ասվում է՝ «բոլոր քարտեզները, բոլոր գերիների դիմաց», չի՞ նշանակում արդյոք Ադրբեջանի նախապայմանն ընդունել, չէ որ գերիների վերադարձ եռակողմ հայտարարությամբ արդեն իսկ երաշխավորված էր, Գրիգորյանն արձագանքեց․ - «Մենք ասում ենք, որ եթե դրական քայլ լինի Ադրբեջանի կողմից, մենք և՛ս պատրաստ ենք դրական քայլեր կատարելու, որպեսզի ընդհանուր լարված մթնոլորտը կարողանանք լիցքաթափել։ Ինչպես նաև մենք ունենք ավելի լայն օրակարգ Ռուսաստանի մասնակցությամբ՝ տարածաշրջանի ապաշրջափակումը, և կարծում ենք, որ նման քայլերը դրական ազդակներ կտան, որպեսզի ապաշրջափակման գործընթացն էլ ավելի արագացնենք»։
«Երևանը մինչ օրս չի տեղեկացել որևիցե փաստաթղթի մասին, որտեղ ձևակերպված է խաղաղության պայմանագիրը»
Անդրադառնալով Ադրբեջանի օրակարգին՝ «խաղաղության պայմանագրին», որտեղ, ի դեպ, Ղարաբաղի հարցը չկա, Գրիգորյանը նշեց՝ Երևանը մինչ օրս չի տեղեկացել որևիցե փաստաթղթի մասին, որտեղ ձևակերպված է խաղաղության պայմանագիրը։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Փաշինյանը հակադարձում է Ալիևին ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ ՄԽ համանախագահները Երևանին և Բաքվին առաջարկում են վերսկսել երկխոսությունը ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ալիևը ԵՄ պատվիրակությանն ասել է, որ դրական պատասխան է ակնկալում Երևանից «խաղաղության պայմանագիր ստորագրելու հարցում»«Խաղաղության պայմանագիրը ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի երկարատև և խաղաղ կարգավորման շրջանակներում, հնարավոր կլինի նաև խաղաղության համապարփակ այդ պայմանագիրը ձևակերպել, որովհետև խաղաղության պայմանագիրը որևիցե կերպ ձևակերպված չէ, համենայն դեպս, Երևանը չի տեղեկացել որևիցե փաստաթղթի մասին, որտեղ ձևակերպված է խաղաղության պայմանագիր», - ասաց ԱԽ քարտուղարը՝ շեշտելով՝ խաղաղության պայմանագիրը տրամաբանորեն նաև նշանակում է խնդիրների կարգավորում, իսկ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի խնդիրը դեռևս կարգավորված չէ։
Նախապատրաստվում է ԵԱՀԿ Միսնկի խմբի նախագահների այցը տարածաշրջան
Գրիգորյանը տեղեկացրեց, որ ԵԱՀԿ Միսնկի խմբի նախագահների այցն է նախապատրաստվում տարածաշրջան, քննարկվելու են Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրին վերաբերող մի շարք հարցեր։
«Եվ այստեղ, եթե մենք կարողանանք առաջընթաց ունենալ, ավելի արագ շարժվել դեպի Լեռնային Ղարաբաղի խնդրի համապարփակ և երկարաժամկետ կարգավորում, ապա հնարավոր է նաև խոսել երկարատև խաղաղության պայմանագրի մասին», - ասաց Գրիգորյանը` նշելով, որ որպես հիմնահարց նկատի ունի կարգավիճակը:
«Լեռնային Ղարաբաղն այլևս Ադրբեջանի կազմում չի կարող լինել»
Հարցին, թե ո՞րն է այն կարմիր գիծը կարգավիճակի հարցում, որ Հայաստանը չի հատելու, ԱԽ քարտուղարը պատասխանեց․ - «Կարգավիճակի հետ կապված մենք ասում ենք, որ կարգավիճակի հարցը որևիցե սահմանափակում չպետք է ունենա, և Լեռնային Ղարաբաղում ապրող մեր հայրենակիցները պետք է հնարավորություն ստանան անսահմանափակ հարցերի շրջանակներում կարգավիճակը որոշելու։ Մենք պետք է հասկանանք, որ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը որևէ սահմանափակում չպիտի ունենա, սա մեզ համար կարևոր է։ Լեռնային Ղարաբաղն այլևս Ադրբեջանի կազմում չի կարող լինել»։