Սպիտակի երկրաշարժից 33 տարի անց էլ Գյումրիում դեռ արդիական է անօթևանության խնդրի լուծումն ու քաղաքը տնակներից ազատելը։ Հենց այդ պատճառով էլ այս հարցը ներառված է հոկտեմբերի 17-ին կայանալիք ՏԻՄ ընտրություններին մասնակցող գրեթե բոլոր ուժերի նախընտրական ծրագրերում։
Երկրաշարժի հետևանքով Գյումրիում ավելի քան 20 հազար բնակարան էր ավերվել։ Անցած երեք տասնամյակների ընթացքում կառուցվել է 22 հազարը:
Չնայած շուրջ երկու հազարով ավելի է կառուցվել, սակայն 2018 թվականին ձևավորված հատուկ հանձնաժողովը միայն Գյումրիում մոտ 3000 ժամանակավոր կացարան է հաշվառել:
2012-ին, երբ Գյումրիում ավարտվեց 2800 բնակարանների կառուցման ծրագիրը, մյուսներին էլ բնակարանների գնման վկայագիր տրամադրվեց, այդ ժամանակ իշխող Հանրապետական կուսակցության կառավարությունը հայտարարեց, որ երկրաշարժից անօթևան մնացած գյումրեցիների նկատմամբ պետության պարտավորությունն ավարտվել է։ Սակայն հիմա ՏԻՄ ընտրություններին մասնակցող նույն Հանրապետական կուսակցությունը խնդիրը լուծված չի համարում, ավելին՝ նախընտրական ծրագրում լուծման տարբերակներ է առաջարկում:
«Պետք է շարունակենք և' բնակարանների գնման վկայագրերի տրամադրումը քաղաքացիներին, ինչպես նաև ֆինանսական, բանկային համակարգի միջոցով, միջազգային դոնոր կազմակերպությունների ներառելով, կարողանանք քաղաքացիների համար ապահովենք մատչելի բնակարաններ, որպեսզի էն խնդիրը վերջնական լուծում ստանա Գյումրի քաղաքում», - ասում է ՏԻՄ ընտրություններում Հանրապետականի ցուցակի երկրորդ հորիզոնականը զբաղեցնող Նարեկ Միրզոյանը։
Հանրապետական խոստանում է չորս տարում լուծել անօթևանների խնդիրը, բայց, ինչպես նշում է Միրզոյանը, միայն տեղական բյուջեով դա հնարավոր չէ անել. - «Ամեն ինչ արվելու է, և գործադիր հանրապետական իշխանությունների հետ, նաև դոնորներին ներգրավելով, որպեսզի հնարավորինս սեղմ ժամկետներում կարողանանք խնդիրը լուծել»։
«Հայրաքաղաք» դաշինքի առաջնորդ Լևոն Բարսեղյանը, որը նաև տնակները հաշվառող հանձնաժողովի անդամներից է, ևս 4-5 տարում հնարավոր է համարում անօթևանության խնդրի լուծումը ու համաձայնում, որ դա հնարավոր չէ անել 5,4 միլիարդ դրամ կազմող համանքային բյուջեի միջոցներով։ Գլխավոր դերակատարը այստեղ, Գալստյանի կարծիքով, պետությունը պետք է լինի. - «Խնդիրը, որը արժե մոտավորապես յոթանասուն միլիոն դոլար... պետությունը պիտի ունենա գլխավոր դերակատարություն։ Այսինքն՝ պետական բյուջեի միջոցները նախևառաջ պիտի ուղղորդվեն նման բնակարանների կառուցմանը, որոնք առանց սեփականության իրավունքի հատկացվեն տնակներում ապրող մարդկանց։ Երկրորդ հերթին, իհարկե, միջազգային դոնոր կազմակերպություններ, գործընկեր պետություններ նույնպես պիտի ներգրավվեն։ Ես վստահ եմ, որ իմ թիմը կարող է նման ջանքեր ներդնել, իհարկե՝ պետության հետ մեկտեղ»։
Իշխող «Քաղաքացիական պայմանագրի» քաղաքապետի թեկնածու, Շիրակի գործող մարզպետ Հովհաննես Հարությունյանի փոխանցմամբ, իրենք խնդիրը լուծելու մոդելը համարում են սոցիալական բնակարանների կառուցումը՝ աչքի առաջ ունենալով «Հայաստան» համահայկական հիմնադրամի կառուցած բնակարանների տրամադրման մեխանիզմը. - «Կառուցվում են բնակարաններ, փոխանցվում են համայնքապետարանին, և որպես սոցիալական բնակարաններ կտրամադրվեն անօթևաններին։ Եվ տասը տարի ապրելուց հետո շատ հնարավոր է, որ այդ բնակարանները փոխանցվեն հենց էդ բնակիչներին»։
Ի տարբերություն մյուս ուժերի թեկնածուների, Հարությունյանը անօթևանության ու տնակների խնդրի լուծումը 4-5 տարում հնարավոր չի համարում։ Բայց, ասում է, քաղաքական կամք կա. - «Կամքը կա, ցանկությունը կա։ Ինչի՞ համար հնարավոր չէ։ Ոչ թե ֆինանսական միջոցներ չկան կամ բան... Ես կարծում եմ, եթե անհրաժեշտ լինի օրենսդրական փոփոխություններ անել, մեզանից էդ օրենսդրական փոփոխություններն են ժամանակ խլելու։ Ինչ վերաբերում է բուն շինարարական աշխատանքներին և մարդկանց տեղափոխմանը, շատ հստակ օրինակը բերեմ. դա մոտավորապես երեք տարի տևում է, երբ որ շենքը սարքում ես և արդեն շահագործման հանձնելը»։
Իշխող քաղաքական ուժի համար կարևոր է նաև Գյումրիում 700-ից ավելի չբնակեցվող տնակների ապամոնտաժումը: Գյումրիում մինչ օրս 96 տնակային ավան կա, դրանցում տարբեր հաշվարկներով մոտ 13 հազար մարդ է ապրում։