Գյումրին դարձնել զբոսաշրջային, կրթական ու տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոն, արդյունավետ կառավարման ու ֆինանսական նոր միջոցների ներգրավմամբ զարգացնել ենթակառուցվածքները, հիմնականում այսպիսի ծրագրեր են առաջարկում հոկտեմբերի 17-ին կայանալիք Գյումրիի ավագանու ընտրությունների մասնակիցները։
Այդուհանդերձ, ընտրություններից երկու շաբաթ առաջ մասնակցող ուժերն ակտիվ քարոզարշավ դեռ չեն իրականացնում: Փողոցներում միայն կուսակցությունների ու քաղաքապետի թեկնածուների պաստառներն են, որ հիշեցնում են ընտրությունների մասին: Ծրագրերն էլ որոշ ուժեր ընդամենը 1-2 օր առաջ են ներկայացրել:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ
Գյումրիի ՏԻՄ ընտրություններին մասնակցության հայտ է ներկայացրել 10 քաղաքական ուժԳյումրու քաղաքապետի թեկնածուները ընտրատարածքային հանձնաժողով են ներկայացրել հայտարարագրերըԻշխող «Քաղաքացիական Պայմանագիրը» հոկտեմբերի 17-ին կայանալիք ՏԻՄ ընտրություններին մասնակցում է «Ապագա կա, Գյումրի» կարգախոսով: Քաղաքապետի թեկնածու, Շիրակի մարզպետ Հովհաննես Հարությունյանը Գյումրիի զարգացման տեսլականը տեսնում է զբոսաշրջության միջոցով:
«Որևէ ոլորտ պետք է հանդիսանա լոգոմոտիվ, որպեսզի քաղաքը 30 տարվա անուշադրության մատնված վիճակից դուրս գա և ինչ-որ մի ուղղություն պետք է հանդիսանա լոգոմոտիվ, և դա մենք համարել ենք զբոսաշրջությունը, որը կօգնի մեծ քանակով մարդկանց զբաղվածության հարց լուծել, ֆինանսական հոսքեր ապահովել և դրան զուգահեռ արդեն կարողանանք բերել նաև այլ տեսակի ներդրումներ և այլ տեսակի գործունեություններ, որոնք կծավալվեն Գյումրիում», - նշեց Հարությունյանը։
Սպասարկման ոլորտում բացերը կլրացվեն, ասում է Հարությունյանն՝ ընդգծելով՝ հատուկ բարձրակարգ մասնագետ է հրավիրվելու, ով տեղում կսովորեցնի թե ինչպես է պետք սպասարկել հաճախորդին: Տուրիստական սեզոնին Գյումրիի համար խնդիր է հանրային զուգարանների բացակայությունը, դրա լուծումն իշխող ուժի թեկնածուն համարում է ենթակառուցվածքների բարելավումը: Տուրիզմի զարգացմանը զուգահեռ նաև նախատեսում են ՏՏ ոլորտի զարգացնել՝ Գյումրին դարձնելով տեխնոքաղաք:
Հարությունյանը վստահ է, որ միայն այս 2 ուղղություններով հնարավոր է տուրիստական հոսքը եռապատկել. «Այս պահին միայն այդ երկու ուղղությունն անելով, երկու ուղղության վրա ուշադրություն դարձնելով, մի քիչ էլ հյուրանոցային համարները ավելացնելու դեպքում, ավելի բան, եթե չանենք, միանգամից հնարավոր է եռապատկել այն հոսքը, որը մենք ունենք։ Դրա հնարավորությունը այս պահին կա»։
«Հայրաքաղաք» դաշինքը կարգախոս չունի, փոխարենը Գյումրիի զարգացման 11 կետից բաղկացած նախընտրական ծրագիր ունի: Դաշինքի քաղաքապետի թեկնածու Լևոն Բարսեղյանը թաղերում ու բակերում հանդիպում է ընտրողների հետ: Ծրագրի բոլոր կետերը Գյումրիի զարգացման են վերաբերում, միայն թե տարբեր են դրանց իրականացման ժամկետները:
«Մեր ծրագիրն ամբողջությամբ Գյումրիի զարգացման ծրագիր է, որի մեջ մի շարք հրատապ անելիքներ կան, մի ամբողջ շարք երկարաժամկետ անելիքներ կան, ինչպես օրինակ՝ անօթևանության խնդրի կարգավորումը, տնակային տնտեսության վերացումը, աղքատության նվազեցումը և այլն։ Կարճաժամկետների մեջ, ի նկատի ունենք այս 5-ամյա ժամկետը, երբ իշխաnությունը լինելու է այս նորընտիրը, նախատեսում ենք մի շարք հրատապ խնդիրների լուծումներ, ինչպես օրինակ՝ թափառող շների խնդրի կարգավորումը, փողոցների բարեկարգումն է, գիշերային լուսավորությունը, հասարակական տրանսպորտը խայտառակ վիճակում է, այդ ամբողջը պետք է կարգավորվի, և մենք վստահ ենք, որ դա կարելի է անել որոշները երկամյա, եռամյա, քառամյա, հնգամյա ժամկետներում», - ասաց Բարսեղյանը։
Գյումրիի զարգացմանը խոչընդոտող որոշ խնդիրներ քաղաքային բյուջեով հնարավոր չէ լուծել, Բարսեղյանն այստեղ ֆինանսական այլ միջոցների ներգրավման անհրաժեշտություն է տեսնում:
«Այստեղ մենք պլանավորել և նախատեսել ենք շատ կարևոր համագործակցություն պետական իշխանության հետ, միջազգային կազմակերպությունների, գործընկեր պետությունների և քաղաքների հետ, հիմնադրամների հետ, որպեսզի քաղաքում ներդրումային զանազան ծրագրեր իրականացվեն, այդ թվում նաև բարեգործական շինարարություն, բնակարանաշինություն և այլն», - ասաց «Հայրաքաղաք» դաշինքի թեկնածուն։
Գյումրիի զարգացումը «Հայրաքաղաք» դաշինքի քաղաքապետի թեկնածուն նաև արդյունավետ կառավարման մեջ է տեսնում:
Իսկ «Գյումրին կռնա» դաշինքը քաղաքի զարգացման այլ մոդել է պատկերացնում: Դաշինքի քաղաքապետի թեկանածու Վարդան Գրիգորյանն ասում է՝ Գյումրին կարող է դառնալ կրթական, առողջապահական, ՏՏ ոլորտի կենտրոն: Իսկ թե ինչպե՞ս, դրա համար փորձելու են ներդնել առաջադեմ ու ոչ այնքան տարածված Ալյասկայի ու Նորվեգիայի փորձը:
«Այսօր առաջին հերթին գյումրեցուն հետաքրքրում է աշխատատեղեր Գյումրիում, որը շատ քաղաքական ուժեր ասում են, որ ՏԻՄ-ի գործառույթը չէ, մենք հակառակը՝ ասում ենք, որ դա հենց ՏԻՄ-ի գործառույթն է։ Այդ շրջանառու ներդրումային հիմնադրամները հնարավորություն կտան ստեղծել աշխատատեղեր, թե՛ մարդկանց դարձնել նոր տնտեսվարող մոդելների մեխանիզմների սեփականատերերը։ Մայր հիմնադրամը ստեղծվելու է համայնքային միջոցների հաշվին, որպես սկիզբ, առաջին ներդրում, այն կարող է ունենալ նաև պետական ներդրումներ, բայց ի վերջո դառնալու է բոլոր գյումրեցիների անօտարելի սեփականությունը», - ասաց Գրիգորյանը։
«Գյումրին կռնա» դաշինքի ծրագիրը 10 տարվա համար է կազմված: