Պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը պատրաստվում է բողոքարկել իրեն կալանավորելու որոշումը

Պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը պատրաստվում է Վերաքննիչ քրեական դատարանում բողոքարկել իրեն կալանավորելու որոշումը։ երեկ նրա փաստաբան Սերգեյ Հովհաննիսյանը հայտնեց, որ հիմնավոր չեն համարում կալանավորման հիմքերը, թե ազատության մեջ գտնվելու դեպքում նախկին բարձրաստիճան պաշտոնյան կարող է խուսափել քննությունից, կամ խոչընդոտել քննությանը։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Դավիթ Տոնոյանը և Դավիթ Գալստյանը կալանավորվեցին․ նրանք մեղադրանքը չեն ընդունում

«Կալանավորման ինչպես պայմանը, այնպես էլ հիմքերը առկա չեն եղել», - ասաց Սերգեյ Հովհաննիսյանը։

Առանձնապես խոշոր չափերով վատնում կատարելու համար մեղադրվող պաշտպանության նախկին նախարարը երեկ ուշ երեկոյան կալանավորվեց։ Դավիթ Տոնոյանը չի ընդունում մեղադրանք։

«Քրեական գործում առկա են բազմաթիվ տեղեկություններ, որոնք արդեն իսկ հերքում են առաջադրված մեղադրանքը։ Քննության հետագա փուլերում արդեն իսկ պարզ կլինի, թե որ իրավասու մարմինը ինչպես կգնահատի դա», - նշեց Հովհաննիսյանը։

Թե ի՞նչ հանգամանքների մասին է խոսքը, փաստաբանը մանրամասներ չներկայացրեց. - «Մեղադրանքի բովանդակությունը, եթե որևէ մասով հրապարակվի, ապա և՛ նախաքննական գաղտնիքի, և՛ պետական գաղտնիքի բացահայտման խնդիր ենք ունենալու»։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ ԶՈւ ԳՇ պետի տեղակալ Ստեփան Գալստյանը, պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը հրավիրվել են ԱԱԾ

Ազգային անվտանգության ծառայությունը (ԱԱԾ) երեկ հաղորդեց, որ 2018-ից 2020 թվականները պաշտպանության նախարարի պաշտոնը զբաղեցրած Տոնոյանը մեղադրվում է շուրջ 4.7 միլիոն դոլար հափշտակելու և կեղծիքներ, հանրորեն վտանգավոր արարքներ կատարելու համար։ Նույն գործով մեղադրյալ է նաև բանակին զինամթերք մատակարարած ընկերության տնօրեն՝ «Պատրոն Դավո» մականունով հայտնի Դավիթ Գալստյանը, որը ևս երեկ կալանավորվեց նույն գործով։

«Որևէ անորակ ապրանք չի մատակարարվել Պաշտպանության նախարարությանը, ինչ պահանջ ձևավորվել է, ինչ պահանջվել է, դա էլ մատակարարվել է», - ներկայացրեց Գալստյանի փաստաբան Արմեն Հարությունյանը։

Քրեական գործի մասին Գալստյանի փաստաբան Արմեն Հարությունյանը ևս այլ մանրամասներ չներկայացրեց։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ ԱԱԾ-ը հաստատում է՝ Դավիթ Տոնոյանը ձերբակալվել է, ներգրավվել որպես մեղադրյալ

Ազգային անվտանգության ծառայության հաղորդագրությունից պարզ է դառնում միայն, որ գործը ռազմամթերքի մատակարարման գործընթացում տեղի ունեցած չարաշահումներին է առնչվում։ Գերատեսչությունը դեռ օրեր առաջ բանակին անպիտան հրթիռներ մատակարարելու քրեական գործի մասին հաղորդագրություն էր տարածել։ Գալստյանի փաստաբանը ԱԱԾ-ի կողմից հարուցված քրեական գործին նոր էր ծանոթացել, բայց արդեն պնդում էր, թե գործն անհիմն է։

«Ինչպես և նախորդ մեղադրանքի ժամանակ բացարձակ անհիմն մեղադրանք է ներկայացված, որևէ փաստական տվյալով չհիմնավորված, բացարձակ ենթադրությունների վրա հիմնված, նույն պատմությունը կրկնվում է, այսպես ասեմ։ Իհարկե, այն գործի հետ որևէ կապ չունի այս մեղադրանքը, սա նոր մեղադրանք է և նոր ապրանքներին է վերաբերվում», - նշեց փաստաբանը։

Նախաքննական մարմնի տարածած հաղորդագրության մեջ ասվում է, որ հրթիռները ներկրվել են 2011-ին, բայց թե պետությունը ե՞րբ է գնել դրանք, տարեթիվը չի նշվում: Ասվում է, թե մատակարարումից որոշ ժամանակ անց հրթիռների մի մասը չեն կրակվել և դուրս են հանվել հաշվեկշռից, իսկ մնացածն ընդհանրապես չեն կիրառվել, այդ թվում՝ 2020 թվականի սեպտեմբերի 27-ին սկսված 44-օրյա պատերազմի ժամանակ։

Այս քրեական գործին 2017-ից 2018 թվականները պաշտպանության փոխնախարար Արտակ Զաքարյանն էր օրերս անդրադարձել։ Հանրապետական նախկին պաշտոնյան պնդում է, թե անպիտան հրթիռները հենց հեղափոխությունից հետո՝ Դավիթ Տոնոյանի ժամանակ է գնվել։

«Թավշյա» իշխանազավթումից հետո, 2018թ. դեկտեմբերին, ՊՆ նոր ղեկավարության կողմից, ըստ էության որոշվել է 2011թ.-ին սպառազինության համար ոչ նպատակահարմար ճանաչված հրթիռները համարել «նորմալ» և վերցնել սպառազինության՝ դրա մեկ միավորի դիմաց վճարելով ԱԱԾ հաղորդագրության մեջ նշված գումարը (ինչն ավելի բարձր է, քան 2011թ.-ին սպառազինության վերցված հրթիռների համար վճարված գինն էր): Այդ նպատակով ստեղծել են նույնիսկ հատուկ հանձնաժողով», - ընդգծել է Զաքարյանը։

Արդյոք պաշտպանության նախկին փոխնախարարի այս պնդումները համապատասխանո՞ւմ են իրականությանը և ե՞րբ են ի վերջո գնվել քրեական գործի հարուցման պատճառ դարձած անպիտան հրթիռները, հարցն Ազգային անվտանգության ծառայությունն ենք ուղղել՝ գրավոր։ ԱԱԾ-ից բանավոր հարցումներին չենք պատասխանում։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ ԱԱԾ-ը հաղորդում է ԶՈՒ-ում մոտ 4,7 մլն դոլարի չարաշահում բացահայտելու մասին, ձերբակալվել է նախկին բարձրաստիճան զինվորական

Ըստ ԱԱԾ-ի՝ այս քրեական գործով անցնում են Զինված ուժերի նախկին և ներկա այլ բարձրաստիճան պաշտոնյաներ, նրանց անուններ չեն նշվում։ Ավելի վաղ նախաքննական մարմինը հայտնել էր, որ անպիտան հրիթռների գործով ձերբակալվել է Զինված ուժերի ավիացիայի վարչության պետի պաշտոնը զբաղեցնող բարձրաստիճան զինվորական։ Ավելի ուշ էլ հայտնի դարձավ, որ Գլխավոր շտաբի պետի տեղակալ Ստեփան Գալստյանն է հրավիրվել ԱԱԾ։ Մամուլն արդեն այսօր գրեց, թե նրա տունն է խուզարկվում, պաշտոնյան ձերբակալվել է։ Պաշտոնական աղբյուրներն այս տեղեկությունը դեռ չեն հաստատում։