Մատչելիության հղումներ

Դավիթ Տոնոյանը և Դավիթ Գալստյանը կալանավորվեցին


Դատարանը բավարարեց Ազգային անվտանգության ծառայության միջնորդությունը և երկու ամսով կկալանավորի պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանին, լրագրողներին հայտնեց նրա փաստաբան Սերգեյ Հովհաննիսյանը:

Տոնոյանն անցնում է ռազմամթերքի մատակարարման չարաշահմանն առնչվող քրեական գործով:

Ազգային անվտանգության ծառայությունն այսօր հայտնեց, որ նա, ինչպես նաև ռազմամթերք մատակարարած ընկերության տնօրեն Դավիթ Գալստյանն առանձնապես խոշոր չափերի հափշտակություն, կեղծիքներ, հանրորեն վտանգավոր արարքներ կատարելու համար ձերբակալվել են և այդ քրեական գործով մեղադրյալ ներգրավվել: Խոսքը շուրջ 4.7 միլիոն դոլարի չարաշահման մասին է: Նախաքննական մարմնի կողմից հրապարակված հաղորդագրության մեջ քրեական գործի մանրամասները ներկայացված չեն, միայն նշվում է, որ քրեական հետապնդում է հարուցել ԶՈւ նախկին և ներկա այլ բարձրաստիճան պաշտոնյաների նկատմամբ` առանց անունների:

Ժամկետանց հրթիռներ մատակարարելու վերաբերյալ օրեր առաջ ԱԱԾ-ն հաղորդագրության էր տարածել, որտեղ նշվում էր չարաշահման նույն այն գումարի չափը` 4.7 միլիոն դոլար, որը այս քրգործի դեպքում էլ է ներկայացվում:

Ժամեր անց դատարանը բավարարեց նաև Դավիթ Գալստյանի կալանավորման միջնորդությունը: Այդ մասին հայտնեց Գալստյանի փաստաբան Արմեն Ադրիկյանը։

Դավիթ Գալստյանն ու Դավիթ Տոնոյանն իրենց առաջադրված մեղադրանքը չեն ընդունում, լրագրողներին հայտնեցին նրանց փաստաբանները:

«Երեկ գիշերը ժամը 10-ին նյութերը տվել են, այսօր ժամը 1-ին նիստ են նշանակել: Ճիշտ է` մենք ամեն ինչ անում ենք, աշխատում ենք, բայց ռոբոտ չենք էլի, մենք էլ ժամանակի խնդիր ունենք», - նշեց Դավիթ Գալստյանի փաստաբան Արմեն Հարությունյանը:

Փաստաբանը պարզաբանեց, որ այս քրեական գործը նոր է, չի առնչվում դեռևս ամիսներ առաջ հարուցված քրեական գործին, որը վերաբերում է զենքի մատակարարման խոշոր չարաշահումներին: Այդ գործով Գալստյանին մեղադրանք է առաջադրված, նա կալանավորվել էր, ավելի ուշ ազատ արձակվել:

Ի դեպ, նույն ընթացքում երբ քննվում էր Տոնոյանի կալանավորման հարցը, դատարանի բակում էին իշխող ուժի պատգամավորներ Վիլեն Գաբրիելյանն ու Քրիստինե Պողոսյանը: Գաբրիելյանը լրագրողների հետ զրույցում ասաց, թե հաջակցություն Տոնոյանի են այստեղ, ինքը համոզված է` իր ընկեր Տոնոյանը մեղավոր չէ. «Պարոն Տոնոյանն իմ հարազատն է, իմ ընկերն է: Ես համոզված եմ, որ պարոն Տոնոյանը անմեղ է, բայց այնուամենայնիվ, տեղի են ունենում քննչական գործողություններ, թող ընթացքը ցույց տա: Կան քննչական գործողություններ, թող ընթանան, դատարանը որոշի իր անելիք»:

Հարցին` որտեղի՞ց է իր համոզմունքը, որ Տոնոյանն անմեղ է, նա արձագանքեց. «Իմ համոզմունքը գալիս է այնտեղից, որ պարոն Տոնոյանը իմ հարազատն է, իմ ընկերն է, ես պարոն Տոնոյանին շատ լավ ճանաչում եմ և վստահ եմ, որ անմեղ է, որևէ կոռուպցիոն գործարքում չի կարող ներգրավված լինել»:

XS
SM
MD
LG