Թուրքիան դատապարտում է Հունաստանի և Ֆրանսիայի միջև ստորագրված ռազմական գործարքը՝ պնդելով, թե այդկերպ պաշտոնական Աթենքը ցանկանում է մեկուսացնել Անկարային։
«Հունաստանի առավելապաշտությունը ծովային և օդային սահմանների հարցով հակասում է տարածաշրջանի միջազգային իրավունքի նորմերին», - հայտարարել է Թուրքիայի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Թանչու Բիլչիգը։ Թուրք դիվանագետի խոսքով, Հունաստանը Թուրքիայի նկատմամբ թշնամական քաղաքականություն է վարում՝ սպառազինությունների մրցավազք սկսելով և փորձելով մեկուսացնել Անկարային։
Անցած օրերին ՆԱՏՕ-ի անդամ Հունաստանն ու Ֆրանսիան երկկողմ ռազմական համագործակցությունն ուժեղացնելու մասին համաձայնագիր են ստորագրել, ըստ որի՝ Աթենքը նաև ֆրանսիական արտադրության երեք ռազմանավ ձեռք կբերի։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Միցոտակիս․ «Հունաստանը որոշել է ֆրանսիական արտադրության նորագույն ռազմանավեր գնել»Հունաստանի վարչապետը Փարիզի և Աթենքի միջև կնքված գործարքը պատմական է անվանել և համոզմունք հայտնել, որ այն հնարավորություն կտա է՛լ ավելի խորացնել ֆրանս-հունական ռազմավարական համագործակցությունը թե՛ արտաքին քաղաքականության, թե՛ ռազմական և թե՛ ռազմարդյունաբերական ոլորտներում։
Թուրքիայի դիվանագիտական գերատեսչության ներկայացուցիչը, մեկնաբանելով ֆրանս-հունական գործարքը, նաև հայտարարել է, թե Աթենքի ջանքերն անիմաստ են և է՛լ ավելի վճռական են դարձնում Անկարային Էգեյան և Միջերկրական ծովերում «իր իրավունքները պաշտպանելու» հարցում։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Էրդողան․ «Միջերկրական ծովի արևելյան հատվածում՝ ոչ մի զիջում»