GRECO-ն «մեծ հաշվով անբավարար» է գնահատում Հայաստանի իշխանություններին ներկայացված առաջարկությունների կատարումը

Եվրոպայի խորհրդի հակակոռուպցիոն մարմինը «մեծ հաշվով անբավարար» է գնահատում Հայաստանի իշխանություններին դեռ 5 տարի առաջ ներկայացված առաջարկությունների կատարումը և պահանջում՝ հստակ քայլեր ձեռնարկել ու մինչև մյուս տարվա սեպտեմբերի 30-ը զեկուցել, թե ինչ է արվել հանձնարարականները կատարելու ուղղությամբ։

Այս մարմինը՝ GRECO-ն 5 տարի առաջ, ուսումնասիրելով Հայաստանի խորհրդարանի պատգամավորների, դատավորների ու դատախազների շրջանում կոռուպցիոն ռիսկերը, 18 հանձնարարական էր տվել կառավարությանը։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ GRECO-ն «որոշ առաջընթաց» է արձագանգրել Հայաստանի դատական համակարգում կոռուպցիայի դեմ պայքարի հարցում
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ GRECO-ն հրապարակել է տարեկան զեկույցը․ Հայաստանը մասամբ է իրականացրել հակակոռուպցիոն հանձնարարականները

Երեկ հրապարակած արդեն չորրորդ զեկույցում հակակոռուպցիոն մարմինը եզրակացնում է՝ 5 տարիների ընթացքում այդ առաջարկներն իրագործելու համար Հայաստանի իշխանությունները որոշ սահմանափակ քայլեր են կատարել. առաջարկություններից 7-ն իրականացվել են բավարար չափով, մնացած 11-ը՝ մասամբ։

GRECO-ն նշում է՝ օրենսդրական գործընթացներում առաջնահերթը թափանցիկությունը պետք է լինի, օրենքների մշակմանը ներգրավված պետք է լինի նաև հասարակությունը։ Ըստ հակակոռուցպիոն մարմնի՝ անցած մեկուկես տարվա կտրվածքով ընդունված օրենքների 27 տոկոսը հրատապ ընթացակարգերով է ընդունվել, անհրաժեշտ հանրային քննարկումներ չեն իրականացվել։

Զեկույցում արձանագրվել է այն, ինչ մասին քաղհասարակությունը երկար ժամանակ բարձրաձայնում է, ասում է իրավապաշտպան Նինա Կարապետյանցը. «Բազմաթիվ խնդիրներ ու հարցեր, այո, քննարկվում են թաքուն, կարելի է ասել` փակ ռեժիմներով»:

5 տարի առաջ GRECO-ն Հայաստանին առաջարկել էր պատգամավորների համար էթիկայի նորմեր ընդունել, որը պետք է նվերների, աշխատանքի հետ անհամատեղելիության, այլ գործունեություն ծավալելու ու ֆինանսական հետաքրքրությունների վերաբերյալ կանոններ սահմանի ու դրանք հանրության համար հասանելի դարձնի: Հակակոռուպցիոն մարմինն այժմ արձանագրում է՝ պատգամավորների կողմնակի գործունեության վերահսկողությունն ավելի համակարգված է դարձել, ինչը, սակայն, շոշափելի արդյունքներ դեռ չի տվել։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ GRECO-ն ողջունել է կոռուպցիայի դեմ պայքարում Հայաստանի գործադրած ջանքերը

Հակակոռուցպիոն մարմինն իր զեկույցում անդրադարձել է նաև դատական համակարգին

Դատական համակարգին վերաբերող առաջարկությունների մասին GRECO-ն ընդգծում է՝ դատավորների նկատմամբ կարգապահական ընթացակարգերում արդարադատության նախարարի դերը չի վերացել, ինչը դատական անկախության հետ համատեղելի չէ։

Եվրոպայի խորհրդի այս մարմինը մտահոգություն է հայտնում, որ դեռևս հնարավոր չէ կարգապահական որոշումներն ու ազատումները դատարանում բողոքարկել։

Սա կոնկրետ միջամտություն է դատարանի գործունեությանը. դատավոր

Առաջին ատյանի դատավոր Վարդան Գրիգորյանը, որի նկատմամբ վերջերս կարգապահական տույժ է կիրառվել, իր օրինակը բերելով ասում է՝ սա կոնկրետ միջամտություն է դատարանի գործունեությանը. «Դատավորը երբեք չի կարող պատասխանատվության ենթարկվել դատական ակտում կատարած իր մեկնաբանությունների համար: Իհարկե, կարող են լինել բացառություններ, որոշակի ցենզուրայից դուրս իրավիճակի դեպքում, բայց կոնկրետ գործի նյութերից բխող վերլուծություններ կատարելու համար դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելն ուղղակի միջամտություն է դատարանի գործունեությանը»:

Նախարարն աշխատակիցներ է ներգրավել, որպեսզի տեսնեն՝ որ դատավորը ինչ սխալներ է թույլ տալիս

Արդարադատության նախարար Կարեն Անդրեսյանը, մինչդեռ, երեկ հայտարարեց՝ ինքն ավելի շատ կարգապահական վարույթներ է հարուցելու ու ավելի ուշադիր է լինելու դատավորների թույլ տված խախտումների նկատմամբ, ավելին` նախարարը աշխատակիցներ է ներգրավել, որպեսզի տեսնեն՝ որ դատավորը ինչ սխալներ է թույլ տալիս։

Դատավոր Զարուհի Նախշքարյանի դեմ այժմ հարուցված երկու կարգապահական վարույթ կա. դատավորն ասում է՝ իրենք տարիներ շարունակ պայքարել են, որ դատավորների դեմ նյութական և դատավարական հիմքերով վարույթներ չհարուցվեն. «Բայց հիմա կարծես թե մեր նախարարը խոստանում է կարգապահական վարույթները շատացնել, ընդ որում տարօրինակ էր, որ նա համարում է, որ պետք է քանակությունը ավելացնի և ոչ թե որակը կարգապահական վարույթների հարուցման, հիմնավորվածության տեսանկյունից», - նկատեց դատավորը:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Կոռուպցիան վազող գազան չէ, որ բռնես և ոչնչացնես. ՀՀԿ-ն արձագանքում է ԳՐԵԿՈ-ի զեկույցին

2016-ին այս մարմինը Հայաստանին առաջարկել էր պատգամավորների, դատավորների ու դատախազների թույլատրելի նվերների վերաբերյալ կանոնները հստակեցնել՝ ապահովելու, որ նրանք նվերների միջոցով փոխկապակցված անձանց շահերը չսպասարկեն:

Կառույցը նաև մտահոգություն է հայտնում, որ որոշ նվերների և ծառայությունների մասին հաշվետվություններ չեն ներկայացվում, թույլատրելի նվերների գրանցման ընթացակարգը նախապատրաստական փուլում է։

Եվրոպայի խորհրդի այս մարմնի համոզմամբ՝ Կոռուպցիայի կանխարգելման հայաստանյան հանձնաժողովը դեռ միջոցներ պետք է ձեռնարկի պաշտոնյաների ակտիվների հայտարարագրման, շահերի բախման, պաշտոնի անհամատեղելիության և նվերների վերաբերյալ կանոնների արդյունավետ վերահսկողությունն ու կիրառումը ապահովելու համար։

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նախագահ Հայկուհի Հարությունյանի խոսքով՝ իրենք ամեն օր ջանք են գործադրում, որպեսզի մասնակի կատարված առաջարկություններն ամբողջությամբ իրագործվեն:

«Որպեսզի ապահովենք, որ պետությունը ստանա դրական և որակյալ գնահատական դրանց կատարման վերաբերյալ», - ասում է նա:

Հայաստանի իշխանությունները Եվրոպայի խորհրդի հակակոռուպցիոն մարմնի այս զեկույցին դեռ չեն արձագանքել։ Կառույցը նաև առաջարկում է հնարավորինս շուտ զեկույցը հանրությանը ներկայացնել։