Մատչելիության հղումներ

GRECO-ն «որոշ առաջընթաց» է արձագանգրել Հայաստանի դատական համակարգում կոռուպցիայի դեմ պայքարի հարցում


Եվրոպայի խորհրդի Կոռուպցիայի դեմ պայքարի պետությունների խմբի՝ GRECO-ի գլխավոր քարտուղար Ջիանլուկա Էսպոսիտոն կարծում է՝ Հայաստանի կառավարությունը դատական համակարգում կոռուպցիայի դեմ պայքարի հարցում որոշ առաջընթաց է արձանագրել։

«Կարծում ենք բաժակը կիսով չափ լի է, բայց ամբողջությամբ լցված չէ», ֊ պատկերավորեց Էսպոսիտոն։

Երևանում այսօր անցկացվեց Եվրոպայի խորհրդի հակակոռուպցիոն մարմնի նիստը, որի ընթացքում Հայաստանի կառավարության ներկայացուցիչները ամփոփեցին GRECO-ի հանձնարարականների կատարման ընթացքը։

2015-ին Եվրոպայի խորհրդի այս կառույցը, ուսումնասիրելով Հայաստանի խորհրդարանի անդամների, դատավորների և դատախազների շրջանում կոռուպցիոն ռիսկերը, 18 հանձնարարական էր տվել Կառավարությանը։

GRECO-ի գլխավոր քարտուղարն ասաց՝ Հայաստանում, ի տարբերություն այլ երկրների, հիմնականում ուշադրություն են դարձրել դատական համակարգի վրա, քանի որ հենց այս ոլորտին են անհրաժեշտ բարեփոխումները։

«Ասեմ, որ այս պահի դրությամբ այդ քայլերը ճիշտ ուղղությամբ են գնում։ Ինչպես արդեն նշեցի, վճռական քայլեր, որ պետք է ձեռնարկել կոռուպցիան կանխարգելելու համար, հիմնականում դատական համակարգում պետք է արվեն», ֊ ասաց GRECO-ի գլխավոր քարտուղարը։֊ «Դա շատ կարևոր է, որպեսզի հանրությունն իմանա և վստահի, որ ունեն այնպիսի մի համակարգ, որը զերծ է ցանկացած տեսակի ճնշումներից»։

Անդրադառնալով Հայաստանի կողմից կատարված քայլերին, GRECO-ի գխավոր քարտուղար Ջիանլուկա Էսպոսիտոն ասաց՝ տեղյակ է, որ դատական նոր օրենսգիրք է մշակվում այս ոլորտում կոռուպցիոն ռիսկերը նվազեցնելու և կանխարգելելու համար։

«Գիտեմ, որ դատական օրենսգրքի նախագիծ կա, որը հիմա շրջանառվում է, և մինչև այս օրենսգիրքը չընդունվի, մի շարք հանձնարարականներ դժվար իրականացվեն», ֊ նշեց նա։

Իրենց հանձնարարականների կատարման առումով Էսպոսիտոն նաև կարևորեց երկու տարբեր մարմինների ստեղծման անհրաժեշտությունը։ Առաջինը դատական գերագույն մարմինն է, երկրորդը՝ պաշտոնյաների գույքի նկատմամբ վերահսկողություն սահմանող հանձնաժողովը։

«Երբ որևէ մեկը հայտարարագիր է ներկայացնում, պետք է վստահ լինի, որ կա մի մարմին, որը վերահսկում է ներկայացված հայտարարագիրը», ֊ նշեց նա:

GRECO-ի գլխավոր քարտուղարն ասաց՝ տեղյակ է, որ Հայաստանում մտադիր են ձևավորել մեծամասամբ դատավորներից բաղկացած ինքնակառավարվող մարմին՝ շահերի բախումը կառավարելու համար։ ֊ «Այս գործիքն անհրաժեշտ է կիրառել նաև խորհրդարանում», - ասաց Էսպոսիտոն։

Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին իր ելույթում կարևորեց GRECO-ի հանձնարարականների կատարումը՝ նշելով, որ Եվրամիությունը ֆինանսական օգնություն է տրամադրում դրանց իրագործման համար։

«Կարծում ենք, որ GRECO-ի կատարած աշխատանքը Հայաստանում շատ կարևոր է նաև մեր տեղական ծրագրերի համար: Վերջին ամիսներին Հայաստանը մի շարք կարևոր քայլեր է կատարել կոռուպցիայի դեմ պայքարի ինստիտուցիոնալ և օրենսդրական հիմքի ամրապնդման համար, նոր օրենք է մշակել նոր հակակոռուպցիոն մարմնի ստեղծման մասին, որը պաշտպանում է ազդարարներին և ընդլայնում հայտարարագիր ներկայացնող պաշտոնյաների ցանկը: Եվրամիությունը ողջունում է այս զարգացումները, բայց ինչպես գիտենք, առանցքայինն այս մոտեցումները կյանքի կոչելն է: Հակակոռուպցիոն մարմինը շուտով կսկսի գործել, և օրենսդրական բարեփոխումները քննության կենթարկվեն իրենց կիրառության միջոցով: Հույս ունենք, որ Հայաստանի քաղաքացիները կզգան տարբերությունը», ֊ նշեց դեսպանը:

Արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը լրագրողների հետ զրույցում ասաց՝ կոռուպցիայի մասին հանրային ընկալումը ոչ միշտ է արտացոլում իրականությունը։ Նշեց, որ GRECO-ի հանձնարարականների ուղղությամբ արդյունքների մի մասը դեռևս տեսանելի չեն կարող լինել՝ ժամանակ է պետք:

«Մասնավորապես՝ հայտարարագրումը, կամ ենթադրենք մենք մտցրեցինք այս տարվա ընթացքում կանխիկ ձևով կատարվող գործարքների սահմանափակում պետական պաշտոնյաների համար: Ավելին, մենք նախատեսել ենք նաև շատ լուրջ պատասխանատվության միջոցները: Այս տարիների ընթացքում այդ գործիքը՝ այսինքն լուրջ մի հնար, ինչպես կարելի է շրջանցել օրենսդրությունը, մենք կարողացել ենք փակել», ֊ մանրամասնեց Հարությունյանը:

Արդարադատության նախարարը նշեց, որ դատական նոր օրենսգիրքը լուծում կտա այդ համակարգում առկա խնդիրներին։ Նշեց, որ ապրիլից գործելու է կոռուպցիայի դեմ պայքարի հանձնաժողովը։ Հարությունյանն ասաց, որ կոռուպցիան նվազեցնելու նպատակով արդեն ստեղծվել է պետական ծառայությունների մատուցման այնպիսի համակարգ, որի հետ քաղաքացիներն ուղղակի առնչություն չեն ունենում․ ֊ «Խոսքը վերաբերում է այն գրասենյակներին, որոնք պետական ծառայություններ են տրամադրում Հայաստանի քաղաքացիներին, սակայն իրենք ընդամենը հանդես են գալիս ընդամենը այսպես կոչված՝ ֆրոնտ֊օֆիս, այսինքն՝ իրենք ընդամենը թուղթ ընդունող գրասենյակներ են»:

​GRECO-ի՝ հունիսին հրապարակված զեկույցում նշվում է, որ Հայաստանը 2016 թվականին հաջողությամբ իրականացրել է կառույցի բոլոր հանձնարարականները կոռուպցիայի քրեականացման և քաղաքական ֆինանսավորման թափանցիկության մասին: Միևնույն ժամանակ, ըստ զեկույցի, պատգամավորների շրջանում կոռուպցիան կանխարգելելու ուղղությամբ GRECO-ի հանձնարարականները մինչև 2016-ի ավարտը կյանքի չեն կոչվել, չեն իրականացվել նաև դատավորների շրջանում կոռուպցիան կանխարգելելու վերաբերյալ GRECO-ի հանձնարարականների 43 տոկոսը: «Թրանսփարենսի ինթերնեշընլ» հակակոռուպցիոն կազմակերպության տվյալներով, 2016-ին Հայաստանը 18 հորիզոնականով հետընթաց էր արձանագրել կոռուպցիայի ընկալման համաթվի աղյուսակում՝ Բոլիվիայի և Վիետնամի հետ կիսելով 113-րդ հորիզոնականը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG