Ադրբեջանի վերահսկողության տակ անցած ճանապարհով Գորիսից Որոտան հասնելու, ապա վերադառնալու համար մեկ շաբաթից ավելի է` արդեն գործում է նոր կարգ. մեքենաները սպասում են հայկական անցակետի մոտ, մինչև Ազգային անվտանգության ծառայությունը կուղեկցի ավտոշարասյունը։
Տեղում են նաև ռուս խաղաղապահները, որոնք մոտ 4 կիլոմետրանոց այդ հատվածում սեփական հենակետն ունեն։ Ճանապարհին «Բարի գալուստ, Ադրբեջան» եռալեզու պաստառը փակցրած ադրբեջանցիները նաև ենթակառուցվածքներով են տեղակայվել՝ սահմանապահներ, ոստիկանություն։ Զինված դիմակավոր ուժայիններն այդ հատվածը երկու կողմից հսկում են։
Մոտ տասն օր առաջ հենց այստեղից էին անհետացել քասախցի երկու տաղամարդիկ, ապա ռուսների միջնորդությամբ վերադարձվել հայկական կողմին։ Ադրբեջանցիներն այստեղ էին կանգնեցրել հայ երեխաների տեղափոխող ավտոբուսն ու նրանց ասել, թե Ղարաբաղն Ադրբեջան է, մեքենայի վրայից դանակով քերել Արցախի դրոշը։
Իշխող «Քաղաքացիական պայմանագրի» պատգամավոր, գորիսեցի Արմեն Խաչատրյանն ընդունում է՝ ավտոշարասյուն կազմելը լավագույն լուծումը չէ, բայց անվտանգ երթևեկության խնդիրը կարգավորված է. «Եթե մենք այլընտրանքային ճանապարհները կառուցենք, նաև սադրանքների հնարավորությունները շատ քիչ կլինեն ադրբեջանցիների համար: Այսօր միակ ճանապարհն է, իրենք գիտեն, չհաշված Տաթևը, և ցավոտ տեղին կարողանում են հարմար պահին սեղմել: Մեզ ամուր նյարդեր են պետք և աշխատասիրություն` օր ու գիշեր աշխատանք, որպեսզի այս խնդիրը կարճ ժամանակահատվածի ընթացքում լուծենք», - ասում է պատգամավորը:
Այժմ կալանավորված Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանի տեղակալ Կարեն Քոչարյանը դժգոհ է` դիմացը ձմեռ է, ճանապարհին` հերթեր, ծննդկան կինը Որոտանից քաղաք գալու համար պիտի սպասի հերթում՝ մինչև ավտոշարասյունը շարժվի: «Սա լուծում չի, սա ժողովրդի գլխին դժբախտություն է: Մեր համայնքի ենթակայության երեք գյուղում ամեն օր այս վիճակն է` առավոտը որ ժամին ուսանողը պիտի գա, հերթ կանգնի, որ դասից չուշանա, ինչ-որ գործից չուշանա», - նկատում է նա:
Հայկական անցակետից քիչ հեռու՝ իրենց հանգստի կետում շարված են իրանական բեռնատարները։ Ճանապարհի այժմ ադրբեջանական հատվածը նրանք անցել են փողով՝ Իրանից վառելիք բերող յուրաքանչյուր մեքենայի համար 250 դոլար, արդեն զգուշացված են՝ 130 դոլար էլ վերադարձին են վճարելու. առանց բեռի մեքենայի անցավճարը քիչ է. «Կանխիկ տեղում վճարեցի։ Եթե սա շարունակվի, էլ ձեռնտու չէ Հայաստան բեռ փոխադրելը՝ ամեն անգամ համարյա 400 դոլար վճարելով», - նշում է նրանցից մեկը։
«Այդ գումարը, որ մուծում ենք, ազդելու է բերվող ապրանքի գնի վրա, հայաստանցիների համար է թանկանալու։ Ձեռնտու չի լինի, էլ պատվեր չենք ունենա Հայաստանից։ Բացի գումարային հարցը, ժամերով հերթում սպասում ենք ադրբեջանական հատվածում, շեղվում ենք մեր գրաֆիկից։ Տրամաբանական է, որ ոմանք հրաժարվեն, չուզենան գալ Հայաստան», - հավելում է մեկ այլ վարորդ։
Ըստ իշխանությունների՝ նոյեմբերի վերջին շահագործման հանձնվելիք այլընտրանքային Տաթև-Կապան ճանապարհը, իրանցի վարորդների կարծիքով, իրենց համար չէ. բեռնատարները լեռնային ոլորանները չեն անցնի. «Ընկերս գնացել էր այդ ճանապարհով, ասաց՝ լավը չէ, մեքենան փչանում է»:
Իշխանական պատգամավոր Արմեն Խաչատրյանն ասում է՝ դիտարկվում են նաև շրջանցող այլ տարբերակներ, օրինակ՝ Լծեն, Սվարանաց գյուղերի հատվածում, սպասում են ինժեներական լուծումների, այդ դեպքում մեծ բեռնատարները առանց Տաթևի ոլորաններ հասնելու դուրս կգան Սիսիան։
«Չէի ասի, որ կանխատեսված չէր, որովհետև եթե կանխատեսված չլիներ, մեծ թափով աշխատանքներ չէին իրականացվի Կապան-Տաթև ճանապարհահատվածի ուղղությամբ, եթե կանխատեսված չլիներ, իհարկե, այդ ճանապարհային աշխատանքները երկար կտևեին, բայց Ադրբեջանի սադրիչ տրամադրությունները չես կարող ասել. թե ինչ սահմաններ կունենան», - շեշտեց Խաչատրյանը:
Գորիս-Կապան ճանապարհահատվածում ստեղծված իրավիճակը երեկ քննարկել են փոխվարչապետ Պապիկյանը և Հայաստանում Իրանի դեսպան Զոհուրին, ադրբեջանական վերահսկողության տակ անցած ճանապարհին դեռ իրանական բեռնատարների հերթեր են։