Կառավարությունը ընդունեց 2022թ. պետբյուջեի նախագիծը

Կառավարության այսօրվա նիստում հավանության արժանացավ 2022թ. պետբյուջեի նախագիծը, ըստ որի գալիք տարի պետության ծախսերը կկազմեն աննախադեպ 2 տրիլիոն 188 միլիարդ դրամ (այսօրվա փոխարժեքով՝ ավելի քան 4 միլիարդ 483 միլիոն ԱՄՆ դոլար), ինչը 2021թ. պետբյուջեից ավելի է 338 միլիարդ դրամով։

Այդքանով հանդերձ, գալիք տարի կառավարությունը ծրագրում է ստանալ 1 տրիլիոն 946 միլիարդ դրամ եկամուտ։ Տարբերությունը՝ 242 միլիարդ դրամ կամ գրեթե կես միլիարդ դոլար, վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած կաբինետը մտադիր է պարտք վերցնել, սակայն ի տարբերություն նախորդ տարիների, ըստ 2022թ. պետբյուջեի մասին օրենքի նախագծի, գործադիրը մտադիր է պարտք վերցնել միայն ներքին՝ հայաստանյան աղբյուրներից։

Թե ինչու է այդպես, և հաջորդ տարի կառավարությունը Հայաստանում որտեղից պետք է շուրջ կես միլիարդ դոլար պարտք վերցի, գործադիրի այսօրվա նիստում չպարզաբանեցին, իսկ հաջորդ տարվա պետբյուջեի նախագիծը ներկայացնող Ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը կառավարության նիստից հետո ուղղակի ձեռնպահ մնաց հանդիպել լրագրողների հետ։

«2022 թվականի բյուջեն հենվում է 3 հիմնական առաջնահերթությունների վրա: Առաջինը՝ անվտանգության համակարգի բարեփոխում, երկրորդը՝ ենթակառուցվածքների զարգացում, երրորդը՝ կրթության և գիտության արդիականացում: Մեծ ուշադրություն ենք դարձնելու անվտանգության ապահովմանը, առանց որի հնարավոր չի լինի իրագործել երկարաժամկետ զարգացման նպատակները», - կառավարություն նիստում նշեց վարչապետը:

2022թ. պետբյուջեով նախատեսվում է Պաշտպանության նախարարությանը հատկացնել 345,4 միլիարդ դրամ կամ այսօրվա փոխարժեքով ավելի քան 707 միլիոն դոլար, ինչը 10,8 տոկոսով ավելի է ռազմական գերատեսչության այս տարվա ծախսերից։ Ոստիկանության գալիք տարվա ծախսերը կկազմեն 66,5 միլիարդ դրամ կամ 2,9 տոկոսով ավելի այս տարվա ծախսերից։ 2021թ. համեմատ էապես՝ 22,7 տոկոսով աճելու են Ազգային անվտանգության ծառայությանը հատկացված միջոցները և կկազմեն 42,6 միլիարդ դրամ։

Այստեղ հիշեցնենք, որ տևական ժամանակ է իշխանությունները խոսում են առանձնացված արտաքին հետախուզական ծառայություն հիմնելու մասին, որի ստեղծման մասին նշում կա կառավարության 2021-2026թթ. ծրագրում։

Ռազմարդյունաբերության ոլորտում գիատեխնիկական հետազոտությունների համար գալիք տարի կհատկացվի 5,2 միլիարդ դրամ, ինչը 15,5 տոկոսով ավելի է այս տարվա հատկացումից։ Ընդհանրապես, գիտության ֆինանսավորումը 2021թ. համեմատ կաճի գրեթե 83 տոկոսով՝ կազմելով 25,1 միլիարդ դրամ, կառավարության նիստում հայտարարեց Ֆինանսների նախարարը։

Տիգրան Խաչատրյան

«Ենթակառուցվածքների եւ տարածքային զարգացմանն ուղղված ծրագրերին բյուջեով նախատեսված հատկացումների հանրագումարն ընդհանուր գումարով կկազմի 278,6 մլրդ դրամ, ինչը նախորդ տարվա հաստատված ֆինանսավորման համեմատությամբ ավելի է 31,6 տոկոսով։ Կրթության, գիտության, մշակույթի, սպորտի ոլորտներին հատկացվող ֆինանսավորումը կկազմի 223,3 մլրդ դրամ, ինչը նախորդ տարվա համեմատությամբ ավելի է 27,4տոկոսով։ Սոցիալական ապահովության ծրագրերին հատկացվող ֆինանսավորումը սահմանված է 579,9 մլրդ դրամի չափով, որը 2021թ․ բյուջեով հաստատված գումարը գերազանցում է 15,1 տոկոսով», - ներկայացնեց Խաչատրյանը։

Ֆինանսների նախախարության վերջին տվյալների համաձայն, այս տարվա օգոտսոսի 31-ի դրությամբ Հայաստանի պետական պարտքը կազմել է աննախադեպ 8 միլիարդ 952 միլիոն դոլար, ինչը գրեթե 2,2 միլիարդ դոլարով ավելի է 2018թ. մայիսի համեմատ, երբ Նիկոլ Փաշինյանի գլխավորած քաղաքական ուժը եկավ իշխանության։ Արդյո՞ք նոր պարտքը լրացուցիչ բարդություն չի առաջացնի պետբյուջեի, Հայաստանի քաղաքացիներիր համար։ Գործադիրի նիստում նախարար Տիգրան Խաչատրյանը ընդամենը ասաց, որ գալիք տարվա ավարտին պետպարք/ՀՆԱ հարաբերակցությունը կկազմի 60,2 տոկոս:

Թադևոս Ավետիսյան

Խորհրդարանում ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության անդամ, տնտեսագետ Թադևոս Ավետիսյանն հարց բարձրացրեց՝ որքանո՞վ է իրատեսական իրականացնել նման բարձր թվերով պետբյուջե. - «Պետական բյուջեում դրել է ՀՆԱ-ի 7 տոկոսանոց աճ, բայց մեկ էլ տեսնում ես, որ համախառն բյուժեի եկամուտների համար նախատեսում են մոտ 29 տոկոս աճ։ Այսինքն՝ մենք արդյո՞ք դեռևս ունենք այդքան ստվերային տնտեսություն, որովհետև դրանից առաջ ասում էիք՝ արդեն կրճատել ենք, վերացրել ենք ստվերային տնտեսությունը, թե՞ ավելացնելու են էապես հարկային բեռը, այդ թվում նաև փոքր ու միջին բիզնեսի վրա»։

Հիշեցնենք, ըստ կառավարության 2021-2026թթ. ծրագրի, նախատեսվում է տարեկան առնվազն 7 տոկոս տնտեսական աճ ապահովել։

«Բազային աշխատավարձը հանրային ծառայողների չի բարձրացել, բայց միևնույն ժամանակ, նույն պետական բյուջեում դրված է գնաճի միջին ցուցանիշ 4 տոկոս պլյուս-մինուս 1,5 տոկոս», - նշում է Ավետիսյանը։