Մատչելիության հղումներ

Բյուջեի կատարողականի քննարկումը կիսադատարկ դահլիճում. մի շարք նախարարություններ ներկայացել էին տեղակալների մակարդակով


Արդեն երկրորդ օրն է` խորհրդարանի կիսադատարկ դահլիճում շարունակվում է 2020 թվականի բյուջեի կատարողականի տարեկան հաշվետվության քննարկումը` հանձնաժողովների նիստում։

Երեկ վարչապետի պաշտոնակատարի փոխարեն զեկուցում էր փոխվարչապետի պաշտոնակատարը, և զեկուցումները, քիչ բացառություններով այս նույն տրամաբանությամբ շարունակվեցին մինչև այսօր: ԱԱԾ-ն, ոստիկանությունը, մի շարք նախարարություններ ներկայացել էին տեղակալների մակարդակով։ Նիստի ընթացքում,այս հարցն այդպես էլ չբարձրաձայնվեց, քանի որ ըստ էության ընդդիմադիր պատգամավորները ևս հետաքրքրված չէին երկրի թիվ մեկ ֆինանսական փաստաթղթի կատարողականի քննարկմամբ։

Ընդդիմադիր «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն ասում է` բնական է, չէ՞ որ սա ըստ էության ցրված խորհրդարան է. «Այլևս կատարողականին դեմ քվեարկելը, օրինակ, պատկերացնո՞ւմ եք` կատարողականը չի անցնում խորհրդարանով, ոչ մի հետևանք չունի, նախկինում ավտոմատ վարչապետի հրաժարականի հարց էր բացվում, հիմա ոչ մի հետևանք չունի, հետևաբար, այս կատարողականի քննարկում, բան, իր նշանակությունը կորցրել է որպես մոնիտորինգի մեխանիզմ: Հարցնում են՝ բա էս ո՞նց ծախսեցիք, դե սենց ծախսեցինք, 100 տոկոսից 98 տոկոսն իրացրեցինք, չգիտեմ, 1 միլիարդ դրամ մեզ հատկացվեց, 900 միլիոն 800 եսիմ ինչքանը ծախսեցինք, անիմաստ բան է էլի»:

Լրագրողների հարցին՝ ինքը հարց չունի՞ կառավարության անդամներին, Մարուքյանը պատասխանեց. «Ես հարց չունեմ, որովհետև ի՞նչ հարց պետք է ունենամ ժամանակավոր պաշտոնակատարների կառավարությանը, մանավանդ այս իրավիճակում»:

Փոխնախարարներից ոմանք հարցը, թե ինչո՞ւ նախարարը չի եկել, անլուրջ որակեցին ու չմեկնաբանեցին։ Մյուսներն ասացին` հարգելի պատճառներ կան, օրինակ, էկոնոմիկայի նախարարը գործուղման է Ռուսաստանի Դաշնություն, ասաց նախարարի տեղակալ Ավագ Ավանեսյանը. «Նախարարի ներկայիս դրությամբ գտնվում է Սանկտ Պետերբուրգում միջազգային տնտեսական ֆորումին, որը չափազանց կարևոր միջոցառում է»:

Չհաջողվեց պարզաբանում ստանալ, թե ինչու քննարկմանը հրավիրված էին, բայց ներկա չէին տարածքային կառավարման նախարարի պաշտոնակատար Սուրեն Պապիկյանը, Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը։ Ժամանակին ընդդիմադիր գործիչ Փաշինյանը մեծ նախանձախնդրությամբ էր վերաբերվում այսօրինակ հարցերին, քննադատում ու հրապարակային հեգնում էր բյուջեի քննարկմանը չներկայացած պաշտոնյա պաշտոնյաներին. «Քեռուս տղեն էր Ռոստովից եկել, ես էի գնացել, բանակի քեֆ ունեի Սանկտ Պետերբերգում, այսինքն` այս մարդիկ այստեղ պարա՞պ են, ես չեմ հասկանում», - ասում էր Փաշինյանը:

Ընդդիմադիր Մարուքյանն ասում է՝ սա առաջին դեպքը չէ, երբ իշխանությունն հակասում է իր նախկին հայտարարություններին. «Օրինակ` բիզնեսն ու քաղաքականությունը տարանջատելը պահե՞լ են, օրինակ` ԱԱԾ-ն և ոստիկանությունը խորհրդարանի վերահսկողությանը բերել, պահե՞լ են, սուպերվարչապետական համակարգը փոխելը պահե՞լ են, ո՞ր մի սկզբունքն են պահել: Ասում եք` ընդդիմադիր ժամանակ էս էր, այո, նա լավ ընդդիմադիր էր, բայց լավ ընդդիմադիրը չի նշանակում, որ կարող ես լինել լավ կառավարիչ կամ ղեկավար»:

Փոքրաթիվ մասնակիցներով, բայց քննարկում այնուամենայնիվ, տեղի ունեցավ։ Իշխանական պատգամավոր Բաբկեն Թունյանն անդրադարձավ ամենաքննարկվող հարցերից մեկին՝ պարգևավճարներին։ Պետական կառավարման համակարգում աշխատակիցների ամսական վարձատրության միջին չափը կազմում է 360 հազար դրամ՝ ներառյալ պարգևավճարները, պարզաբանեց ֆինանսների նախարարի պաշտոնակատար Ատոմ Ջանջուղազյանը. «Հեռահաղորդակցության կազմակերպության օպերատորը պետք է վաստակի հարյու հազար դրամ, բայց այդ նույն աշխատանքն անող, այդ նույն գործառույթն իրականացնող պետական համակարգում աշխատողը միայն այն պատճառով, որ ցուցանակը տարբերվում է այդ հեռահաղորդակցության կազմակերպության անվանումից, ստանա, ենթադրենք, երեք հարյուր հազար դրամ, սա անհամարժեք է»:

Առաջին դեմքով ներկայացած քիչ գերատեսչություններից մեկը ՊԵԿ-ն էր, կոմիտեի նախագահ Էդուարդ Հովհաննիսյանը տեղեկացրեց` 2021 թվականի առաջին հինգ ամիսներին հարկային եկամուտները կազմել են ավելի քան 618 միլիարդ դրամ, ինչը 34,8 միլիարդ դրամով ավելի է 2020 թվականի նույն ժամանակաշրջանի համեմատ և 47,2 միլիարդ դրամով ավելի է 2019-ի ցուցանիշից:

Ազգային ժողովում բյուջեի կատարողականի քննարկումը կշարունակվի նաև վաղը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG